Արցախում անցկացված սպառվող ապրանքատեսակների մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է գների փոփոխություն
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2021թ. հուլիսի 5-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում արձանագրվել է 14 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 7 գնաճ և 7 գնանկում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետը:
«Միջին գնաճ արձանագրվել է վարունգ 1կգ` 83 դրամ (31.1%), կիտրոն 1հատ` 33 դրամ (16.5%), ադամաթուզ 1կգ` 17 դրամ (2.6%), խոզի միս 1կգ` 67 դրամ (2.0%), մակարոն «Մոյա սեմյա» 400 գր՝ 4 դրամ (1.7%), սուրճ «Ռոյալ Արմենիա» 100 գր՝ 3 դրամ (0.7%) և շաքարավազ 1կգ՝ 2 դրամ (0.4%) ապրանքատեսակների համար: Միջին գնանկում արձանագրվել է կարտոֆիլ 1կգ` 33 դրամ (13.2%), խնձոր 1կգ` 33 դրամ (7.0%), լոլիկ 1կգ` 17 դրամ (6.4%), ձու 1հատ՝ 2 դրամ (2.5%), պանիր «Ներմուծվող» 1կգ՝ 17 դրամ (1.0%), երշիկ «Աթենք» 1կգ՝ 13 դրամ (0.6%) և ալյուր «Բաղրամյան» 1կգ՝ 1 դրամ (0.3%) ապրանքատեսակների համար»,-նշել է մասնագետը: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» և «Ձու» ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ: