«Տավուշը կվերցնի, հետո կգա, սրանք Երևանը կտան․․․ Ես ասել եմ, որ եթե այսպես գնա, ամեն ինչ էլ հերթով տալու է․․․». Մանվել Եղիազարյան

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:

Հիշեցնենք, որ իրենց պաշտոններից վերջերս ազատվել էին նաև Մեղրիի և Մեհրաբի զորամասերի հրամանատարները։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով բանակից պրոֆեսիոնալ կադրերին հեռացնելուն, Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական  ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, նկատեց՝ բազմիցս տարբեր քաղաքական գործիչներ, որոշ գեներալներ, բոլորը միանվագ պնդում են, որ մեզ բանակ պետք չէ, սահմանապահ զորքերն ու ռուսները սահմանը կպահեն։

«Կարծում եմ՝ պրոֆեսիոնալներին բանակից հեռացնում են հենց այս պատճառով, որովհետև բանակ պետք չէ, գեներալներն ո՞ւմ են պետք, որ։ Դրա համար առանց խղճի խայթի ամեն ինչ ոչնչացնում են՝ չհասկանալով, որ եթե մի պետությունում՝ Ադրբեջանում, չորրորդ դասարանի աղջնակը կացինով հարվածում է հայ զինվորի գլխին, ես դա թերթում տեսա, այդպիսի ժողովրդի հետ ինչպե՞ս են ուզում բարեկամանալ առանց բանակի։ Ես չգիտեմ, նշանակում է՝ իշխանությունն ուզում է ամեն ինչ հանձնել Ադրբեջանին, և այդ ամենն արվում է նրա համար, որ հայ ժողովուրդը հանգիստ հանձնվի Ադրբեջանին։ Ըստ իս, սա է պատճառը, ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել, կամ էլ քաղաքական այլախոհներ են, դրա համար էլ հեռացնում են բանակից, երկուսից մեկն է»,- նշեց Մանվել Եղիազարյանը։

Ինչ վերաբերում է Գրիգորի Խաչատուրովի հեռացմանը և այդ համատեքստում Տավուշի հետ կապված մտահոգություններին, մեր զրուցակիցն ընդգծեց՝ եթե ամեն ինչ Տավուշով ավարտվի, ապա փառք կտա Աստծուն, քանի որ Ալիևն ասում է, որ Երևանն էլ է ադրբեջանական։

«Տավուշը կվերցնի, հետո կգա, սրանք Երևանը կտան, ի՞նչ տարբերություն իրենց համար։ Ես ժամանակին ասել եմ, որ եթե այսպես գնա, ամեն ինչ էլ հերթով տալու է, Երևանն է Ալիևը ուզելու, Երևանը կտան ու կասեն՝ փրկենք Էրեբունի թաղամասը, այդպես դարեր շարունակ եղել է ու այժմ էլ շարունակվում է։ Հիմա պարզ է, թե ինչ են անում ու ինչու են մարդկանց բերել ու նստեցրել այդ աթոռին»,- հավելեց Մ. Եղիազարյանը։

Ըստ նրա, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր իշխանություն իր ժամանակին, իր տեսակի զինվորականներին է առաջ բերել ու նրան հնարավորություն տվել ապրելու։ Ազգասեր մարդկանց ստվար մասը, որոնք իսկապես հայրենասեր են, մտահոգված են հայրենիքի ճակատագրով, այսօր հնարավորություն չունեն անգամ շարժվելու։

«Պրակտիկան ցույց է տվել, որ Հայաստանում ով փող է տվել՝ նրան էլ ձայն են տվել, հիմա փող չտվեցին, իրենց ձայն չտվեցին։ Հասարակության մի մասն ուղղակի չի ուզում մասնակից լինել հայրենիքում կատարվող իրադարձություններին, թևաթափ են եղել, որովհետև մարդիկ կան, որ իրենց անձնականն ու ստամոքսն ավելի վեր են դասում, քան հայրենիքի անվտանգությունը։ Մենք էլ ենք բոլոր ռեժիմներով հալածվել, ես էլ եմ հալածվել, այժմ էլ՝ նմանապես, բայց ամոթ է, սա մեր հայրենիքն է, մի բան պետք է անենք։ Մեկին ասում եմ՝ ինչո՞ւ ոտքի չես կանգնում, ասում է՝ գիտեք՝ Առաջին, Երկրորդ կամ Երրորդ նախագահն իմ անձի հետ լավ չեն վարվել, ասում եմ՝ իսկ դուք գիտե՞ք՝ մեր անձի հանդեպ ինչպես են վարվել, բայց մենք հայրենիքն ամեն ինչից վեր ենք դասում։ Եթե մի ժողովուրդ որոշել է մորթվել, ապա մորթողներ պարտադիր կճարվեն»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս