«Սյունիքի հետ կապված մեր մտավախություններն այնքան են խորացել, որ հստակ ոչինչ չեմ կարող ասել». Տաթևի նախկին համայնքապետ

Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին համայնքապետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մուրադ Սիմոնյանի խոսքով՝ իշխանությունների կողմից մինչև այս պահն իր նկատմամբ որևէ հետապնդում չի եղել։

Նա դա մի քիչ տարօրինակ է համարում, նույնիսկ զարմանում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե իշխանություններն ինչ հետապնդումներ են սկսել մարզի մի խումբ համայնքապետերի նկատմամբ, մասնավորապես նրանց, որոնք «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ են։

«Մինչև այժմ իմ նկատմամբ նման բան չեն արել, չեմ կարող հասկանալ՝ ինչու, դեռ իմ վերաբերյալ նման խոսակցություններ չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մուրադ Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է այդ հետապնդումներին, Մուրադ Սիմոնյանը նկատեց՝ իշխանությունները պետք է կանգնեն ու հստակ ասեն, թե ինչու են նման հետապնդումների ենթարկում համայնքապետերին, ինքն այդ հարցին չի կարող պատասխանել։

«Այդուհանդերձ, իշխանությունների նպատակը պարզ է, դա ժողովուրդն ակնհայտորեն տեսնում է, գուցե ուզում են մարդկանց վհատեցնեն։ Կարծիքները, թե իշխանությունները չեզոքացնում են համայնքապետերին այդ «միջանցքը» բացելու համար, չեմ կարող ասել, թե որքանով է իրականություն, հուսամ՝ այդ ամենը ասեկոսեներ են։ Այդուհանդերձ այս ամենից հետո ես դեռևս հստակ չեմ կարող ասել, թե իշխանություններն ինչ նպատակներ ունեն Սյունիքի հետ կապված»,- հավելեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ժամանակները, մտածելակերպը փոխվել է, և չի բացառում, որ Սյունիքում կգտնվեն մարդիկ, որոնք կեղծ ցուցմունք կտան՝ ինչպես Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, այնպես էլ՝ մյուս համայնքապետերի դեմ։

«Սյունիքի հետ կապված մեր մտավախություններն այնքան են խորացել, որ հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Եթե ժողովուրդը նրանց ընտրել է, ապա, հետապնդումներ անելու փոխարեն, թող խորհրդակցեն պրոֆեսիոնալ մարդկանց հետ, աշխատեն, որ կարողանանք երկիրն այս վիճակից հանենք, այլ բան չեմ կարող ասել»,- եզրափակեց Մուրադ Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս