«Բա մենք ո՞ւր էթանք, փողոցային ենք դառել». Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացին դժգոհում է

Այսօր փողոցային առևտրի վերացման ծրագրի շրջանակներում Տիգրան Մեծ փողոցում առևտուր անող քաղաքացիներին են մոտեցել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները և ասել, որ պետք է հավաքեն իրենց ապրանքը մայթից: Առևտրականներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ այդտեղ հագուստ է վաճառում արդեն 30 տարի, դեմ չէ այլ տեղ տեղափոխվել, միայն թե հարմար գին առաջարկեն տարածքի համար:

«Եկան ասեցին՝ դուք իրավունք չունեք այստեղ կանգնելու, խի՞ ասում եմ, 30 տարի կանգնել ենք, առևտուր ենք արել, ԴԱՀԿ-ում 150.000 կա վրես, ծեծվել-ջարդվել ենք, հիմա եկել ասում են, թե հիմա տեղ են կառուցում, որ տեղափոխվենք: Մեր բողոքի տակ պատրաստում է քաղաքապետարանը, բայց ո՞վ ա նրա մեջքին կանգնած, ո՞ւմն ա, ի՞նչ գներ կտան: Իբրև տեղ են առաջարկում, եթե ասեն՝ մի 300 հազար ա, կամ 500 հազար, կարո՞ղ ենք տեղավորվել: Թող նորմալ գներ տան, տեղավորեն, մենք էլ մեզ քաղաքացի կզգանք, միայն դատարկ «հպարտ քաղաքացի» ասելով չի, գործի մեջ տեսնենք էդ հպարտ քաղաքացին»:

Հենց իրենց հարևանությամբ այժմ նոր տաղավար է կառուցվում, սակայն առևտրականները տեղյակ չեն, թե ո՞ւմն է տարածքը, որքա՞ն կարժենա: Մեր հարցին, թե որքա՞ն ժամանակ են տվել, որ իրենց ապրանքը հավաքեն մայթից, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ժամանակ չեն տվել, ասել են՝ հավաքեք, հիմա էլ իրենք սպասում են՝ տեսնեն, թե ի՞նչ կլինի:

«Նորից եք գալու, անարխիա է տիրում, Քաղաքապետարանում մեկը մեկի դեմ լարված են, ժողովուրդն է տուժում»:

Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ քաղաքապետարանի աշխատակիցներից որոշում է ուզել, որը, սակայն, իրեն ցույց չեն տվել, պնդեց, եթե անգամ որոշում էլ լինի, ապա դա պետք է լինի այն ժամանակ, երբ բոլորին կապահովեն աշխատանքով կամ հարմար աշխատավայրով: Հարցին, թե ի՞նչ են անելու, եթե ստիպեն հավաքել ապրանքը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Կտամ սրանք սաղ ջարդ ու խուրդ կանեմ, որ իմ բողոքի համար սա սարքում են, բայց ինձ բաժին չի հասնում: Ինչի՞ եք գալիս հանում մեզ, սպասեք, կսարքեք, կմտնենք ներս, եթե դուք ճիշտ եք, համբերեք, եթե ճիշտ է դա, բայց հավատալու չկա»:

Նույն փողոցում առևտուր անող մեկ այլ քաղաքացի էլ ասաց, թե ապրուստի այլ միջոց չունի, տարիքն էլ չի ներում, որ այլ աշխատանք գտնի, ապրի:

«Եկան գրեցին անուն-ազգանուններս, ասեցին՝ տեղ կտան, բայց դե թանկ կլինի, ես չեմ էլ կարա գնամ էդտեղ, չեն ասել՝ ի՞նչ կարժենա, բայց դե տեսնում եք, թե ինչ շինություն են կառուցել: Ասում են՝ փողոցի առևտուրն արգելված ա, բա մենք ո՞ւր էթանք, փողոցային ենք դառել, բա պետք ա նստենք փողոցում առևտուր անենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս