Այս պահին հաստատված կան 45 գերիներ, բայց մեր համոզմունքով թիվը բավականին բարձր է. Եղիշե Կիրակոսյան

«Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց, որ քայլեր են ձեռնարկվում՝ ուղղված թե՛գերիների վերադարձին, թե՛ իրավական մեխազնիմների կիրառմանը: Կիրակոսյանը նշեց, որ իրավական մեխանիզմների շրջանակում առկա առանցքային միջոցներից մեկը հրատապ, միջանկյալ միջոցներն են, որոնք Եվրոպական դատարանը կիրառում է, եթե կան ռեալ վտանգներ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդվածների խախտումների առումով, և որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ, օրինակ՝ մարդու կյանքի իրավունքի խախտում, կամ  մարդու հանդեպ խոշտանգումներ: Եղիշե Կիրակոսյանի պնդմամբ՝ թե՛ փաստաբանների, թե՛ ՀՀ Կառավարության  ներկայացրած դիմումները՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, գրեթե բոլորը բավարարվել են:

«Այս միջոցով փորձ էր կատարվում իրավական պարտավորեցնող որոշումներ ստանալ Ադրբեջանի վերաբերյալ՝ պարտավորեցնելով գերեվարված անձանց նկատմամբ ապահովել պատշաճ վերաբերմունք կոնվենցիայի պահանջներին համապատասխան, որպեսզի չխախտվեն առնվազն երկու առանցքային, հիմնաքարային հոդվածները՝ 2-րդ և 3-րդ հոդվածները, որոնցով  պաշտպանվող արժեքների նկատմամբ ոտնձգությունը բացառելու նպատակով էլ Եվրոպական դատարանը, սովորաբար, որպես կանոն, կիրառում է միջանկյալ միջոցները: Այս աշխատանքների տրամաբանության մեջ ներառվում էր նաև դատարանի կողմից Ադրբեջանին ուղղվող նամակները, որոնց, ցավոք սրտի, ադրբեջանական իշխանությունները հատկապես սկզբնական շրջանում, մեղմ ասած, մատների արանքով էին նայում, կամ առհասարակ չէին համագործակցում դատարանի հետ՝ ժամկետներ խախտելով պարբերաբար, անընդհատ: Չեմ հիշի դեպք, որ իրենք ժամկետ խախտած չլինեն՝ դատարանի կողմից նախատեսված կամ սահմանված: Նմանատիպ բազմաթիվ խախտումները և Ադրբեջանի պահվածքը բերեց նրան, որ մենք փորձենք, խնդրենք Եվրոպական դատարանին, որ դատարանն իր կանոններով նախատեսված ընթացակարգերի համաձայն՝ ծանուցի նաև ԵԽ նախարարների կոմիտեին, որը, լինելով ԵԽ հիմնական քաղաքական մարմինը, ունի լիազորություն որոշակի Եվրոպական դատարանի որոշումների, վճիռների կատարման վերահսկման ուղղությամբ, դատարանի կանոնների մեջ նման հնարավորություն նախատեսված է, ծանուցումը, իհարկե, տեղի ունեցավ, բայց հետո ինչ տեղի ունեցավ Նախարարների կոմիտեում, մեղմ ասած, գոհացուցիչ չէր, որովհետև հարցի վերաբերյալ բուն, առանցքային քննարկում և արդյունք, ցավոք, չտեսանք, ավելի շատ միգուցե քաղաքական պատճառներով»,- ասաց Կիրակոսյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչն անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցող հայ գերիների դատավարությանը՝ նշեց, որ դա ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է:

«Բաքվում տեղի են ունենում ապօրինի և շինծու դատական պրոցեսներ, որոնք ակնհայտորեն բեմականացված են և ի սկզբանե ամբողջովին ապօրինի են, զուրկ են իրավական հիմքից և բովանդակությունից, ավելի շատ ենթադրում են իրենց կողմից տարվող քաղաքական գծին օժանդակելուն ուղղված քայլեր: Այդ դատական պրոցեսների ընթացքի վերաբերյալ անհանգստություն ունենալով՝ փորձեցինք Եվրոպական դատարանին ներկայացնել որոշակի խնդրանքներ, որ նախ՝ դատարանը պարտավորեցնի Ադրբեջանին կասեցնել դատական գործընթացները, տրամադրել Հայաստանի Կառավարությանը քրեական գործի բոլոր նյութերը, ինչպես նաև պահանջ ներկայացրինք առ այն, որ եթե դատարանը նման քայլերի չդիմի, ապա այս դատական պրոցեսներն ուղղակիորեն, ամենօրյա ռեժիմով խախտում են արդար դատաքննության, կամ 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները, և որպեսզի դատարանը կանխի նման իրավունքի խախտումները, փորձ արեցինք, հաշվի առնելով դատարանի արդեն իսկ կայացրած նախադեպային իրավունքը, որ դատարանը կիրառի միջանկյալ միջոց նաև այս տեսակ դատավարությունների ընթացքում տեղի ունեցող խախտումները կանխելու տրամաբանության մեջ՝ նաև հիմք ընդունելով այն, որ ի վերջո 6-րդ հոդվածով երաշխավորված արժեքների կամ իրավունքների պաշտպանություն չտրամադրելը հանգեցնում է 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման: Ցավոք սրտի, դատարանը մերժեց մեր ներկայացրած միջնորդությունը, որը ներկայացրել էինք հունիսի 30-ին: Մերժումը ստացել ենք հուլիսի 2-ին»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը պատմեց, որ երկար ժամանակ է պահանջվել Ադրբեջանից հաստատում կորզելու համար, որ տարածվող տեսանյութերում երևացող զինվորականները կամ այլ անձինք այնտե՞ղ են, թե՞ ոչ:

«Եթե հանում ենք վերջին 15 գերիներին, որոնք վերադարձվել են արդեն, այս պահին հաստատված ունենք 45 հոգի, բայց մեր տեղեկություններով, մեզ մոտ առաջացած համոզմունքով, որ անձինք այնտեղ պետք է լինեն, թիվը բավականին բարձր է: Ունենք թե՛ տեսագրության միջոցով, թե՛ վերադարձած անձանց կողմից հաստատված տեղեկություններով մի քանի անձի վերաբերյալ տեղեկություն, որ նրանք գտնվել են գերության մեջ, նրանց տեսել են գերության մեջ, այդ գործերի վերաբերյալ պետք է շարունակենք հետևողական լինել, չեմ կարծում, որ ճիշտ է վստահել ադրբեջանական կողմին, իրենք հաստատ կունենան որոշակի մոտիվ թաքցնելու գերիների իրական թիվը»,- ասաց Կիրակոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս