Բաքուն շատ պրիմիտիվ է գործում. այդ դատավարության արդյունքները չեն կարող ճանաչվել. Սիրանուշ Սահակյան

«Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով  այսօր հրավիրված քննարկման ժամանակ ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Բաքվում անցկացվող բեմականացված դատավարությունները որոշակի անհանգստություն առաջացնում են հայերի շրջանում և տեղավորվում են Ադրբեջանի հակահայ քաղաքականության մեջ:

«Դրանք հիմնականում միտված են ադրբեջանական թեզերը հիմնավորելուն: Այս 30 տարիների ընթացքում Ադրբեջանը հայկական կողմին մեղադրել է պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ, 90-ականների պատերազմի ընթացքում ռազմագերիներին խոշտանգելու, ահաբեկչություն իրականացնելու և այլ ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ: Հիմա շատ լավ հնարավորություն է ստեղծված Բաքվի համար՝ չարաշահել հայ ռազմագերիների իրավունքները և հենց հայերի միջոցով գեներացնել ապացույցներ, որոնք պետք է օգտագործվեն ադրբեջանական թեզերը հիմնավորելու համար: Շատ պրիմիտիվ է գործում Բաքուն, բայց որոշակի օրինաչափություններ կարող ենք դուրս բերել, օրինակ՝ եթե գերեվարված անձն ավելի ավագ տարիքային խմբի է պատկանում, ուրեմն նրանց տրամաբանության մեջ հնարավոր է տարիքով պայմանավորված առաջին պատերազմի մասնակից լինել, եթե առաջին պատերազմին կարող էր մասնակից լինել, ուրեմն լավ սուբյեկտ է ադրբեջանական ռազմագերիների իրավունքների խախտման հետ կապված կեղծ պատմություններ ստեղծելու և միջազգային հանրությանը մատուցելու համար: Նպատակը Հայաստանի հեղինակությունը գցելն է և, ինչո՞ւ ոչ, պաշտպանվելը, որովհետև արդեն իսկ միջազգային հանրության տիրապետության ներքո կան բազմաթիվ ապացույցներ, որոնք հիմնավորում են հենց  Ադրբեջանի հանցագործությունները հայ զոհերի նկատմամբ, և որպես ծայրահեղ սցենար՝ Բաքուն ցանկանում է հայելային արտացոլանք տալ, առնվազն միջազգային հանրությանը հիմնավորել, որ այդ հանցագործությունները ոչ միայն Ադրբեջանի կողմից են կատարվել, այլև Հայաստանի, ուստի հավասարության նշան դնելու անհրաժեշտություն կա: Իրավունքի տեսանկյունից այդ դատավարության արդյունքները չեն կարող ճանաչվել, դրանք ընթանում են առանցքային երաշխիքների խախտմամբ, կարծում եմ, որ ռազմական գործեր քննող Ծանր հանցագործությունների դատարանը Բաքվի այս քաղաքականության պայմաններում երբեք չի կարող անկախ գործել հայ ռազմագերիների առնչությամբ, ոչ էլ կարող է անաչառ լինել, չմոռանանք, որ մինչև դատավարությունները եղել են քաղաքական հայտարարություններ հանցագործությունների վերաբերյալ, և կարծես թե իրենց արդարադատության համակարգը եկել է սպասարկելու քաղաքական գիծը»,- ասաց իրավապաշտպանը:

Սիրանուշ Սահակյանի պնդմամբ՝ խախտվում է մարդու պաշտպանության իրավունքը, առանձին դեպքերում հայ գերիները հարկադրանքի ուժով ստորագրում են փաստաթղթերի տակ, որոնց բովանդակությանը ծանոթ չեն, որոշ ցուցմունքներ կորզվում են կյանքին ուղղված սպառնալիքի ներքո: Նրա խոսքով՝ Ադրբեջանին չի հաջողվել միջազգային հանրությանը համոզել, թե հայ ռազմագերիները ահաբեկիչներ են: Ապօրինի սահման հատելու մասին մեղադրանքը փաստաբանը ևս աբսուրդ որակեց:

«Գերիների վերադարձման վերջին գործընթացը նաև բացահայտեց մեկ այլ երևույթ, որ մեր ռազմագերիները ոչ միայն պարզապես ռազմագերիներ են, այլ նաև պատանդներ են, որովհետև Բաքուն նրանց պահում է որոշակի քաղաքական պահանջների դիմաց, և դարձնում է քաղաքական առևտրի մաս: Իհարկե, ականազերծման աշխատանքները մարդասիրական տեսանկյունից կարևոր են, կարծում եմ՝ դրանց կարևորությունը գիտակցում է նաև ՀՀ-ն, և մշտապես կառուցողական է գտնվել այս հարցերում, պարզապես Բաքուն դարձյալ շանտաժի լեզվով է խոսում: Քանի որ ականազերծումները միլիոնավոր դոլարներ են արժենալու Բաքվի համար, և նաև տևական ժամանակ է պահանջվելու, որպեսզի արագ կերպով հասնեն այդ արդյունքին, նրանք առաջարկում են քարտեզների փոխանակում ռազմագերիների հետ»,- ասաց Սահակյանը:

Անդրադառնալով գերությունից արդեն վերադարձածներին՝ փաստաբանն ընդգծեց, որ թե գերությունից վերադարձածների, և թե  նրանց հարազատների հետ պետք է հոգեբաններ աշխատեն, սակայն հստակ պետական քաղաքականություն չկա, թողնված է անհատական մակարդակում:

«Պետական գիտակցում, որ տրավմայի ենթարկված շերտերը պետք է  վերականգնվեն ու լիարժեքորեն ինտեգրվեն հասարակությանը, չկա»,- ասաց Սահակյանը և ավելացրեց, որ կան ընտանիքներ, որոնց պարագայում երկար ժամանակ բացակայել է ընտանիքի ապրուստի միջոց ապահովող անդամը, ինչը հանգեցրել է լուրջ սոցիալական խնդիրների:

Տեսանյութեր

Լրահոս