Ում է սպասում կառավարությունը

Կառավարությունը թմբիրի մեջ է. քանի կար, ընտրություններ էին, չէին աշխատում, ընտրություններն ավարտվեցին, էլի չեն աշխատում։ Չես հասկանում, թե ում են սպասում։

Կարծես երկրում անելիք չկա՝ ո՛չ գերիների հարց կա, ո՛չ թշնամու զինված ուժերն են ամիսուկես մեր ինքնիշխան տարածքում և օրումեջ խնդիրներ են ստեղծում սահմանամերձ համայնքների բնակիչների համար, ո՛չ տնտեսական, և ո՛չ էլ սոցիալական խնդիրներ կան։

Ամռան այս տապին գյուղացին, ում ընտրությունների նախօրյակին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ ջրի խնդիր չի ունենա, օրերով ջուր չի ստանում, բերքը չորանում է, իսկ կառավարությունը մատը մատին չի խփում։ Օրեր հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրում ու փոխարենը պատժի մեղավորներին, որ ժամանակին չեն կարողացել գյուղացուն ապահովել ջրով և մարդուն կանգնեցրել են իր տարվա ապրուստը կորցնելու փաստի առաջ, մի բան էլ արդարացումներ է փնտրում։

«Հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչն իր հետ բերում է պրոբլեմներ, առաջին հերթին՝ ջրօգտագործման ոլորտում և ոռոգման ջրի ասպարեզում: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք արդեն բավական երկար տարիներ արձանագրում ենք աննախադեպ շոգի առկայությունը, ինչը նշանակում է, որ պետք է ընդունենք այն փաստը, որ սա այլևս ոչ թե առանձին վերցված մեկ տարվա կամ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող երևույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն, ինչը նշանակում է, որ այն պրոբլեմները, որ ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն՝ մենք, մասնավորապես, ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու, և գյուղատնտեսության ոլորտում դա մեզ համար նոր մարտահրավերներ է ձևակերպում:

Գլոբալ առումով պետք է արձանագրենք, որ կլիմայական այս փոփոխությունները մեզ հանգեցնում են եզրակացության, որ եթե շատ չոր ձևակերպենք, ավանդական ոռոգումն ընդհանրապես, որպես այդպիսին, ապագա չունի: Մեր գլոբալ ռազմավարությունը գյուղատնտեսության ոլորտում պետք է լինի, մասնավորապես, կաթիլային ոռոգման և ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Գյուղացին ասում է՝ ջուր չունեմ, բերքը չորանում է, իսկ վարչապետն ապագայի ծրագրերից է խոսում։ Կարծես մեկ կամ երկու օրում պիտի կաթիլային ոռոգման հարցերը լուծվեն։ Գյուղատնտեսությունը շինարարություն չէ, որ ցեմենտը մի քանի օր ուշանա, ասես՝ ոչինչ։ Բերքը չորացավ, այլևս փրկել չի լինի։

Վաղուց տեսանելի էր, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մեզ երաշտ է սպառնում։ Տևական ժամանակ անձրևներ չկան ու բազմաթիվ համայնքներում բերքը չորացել է։ Վաղը լուրջ խնդիրներ ենք ունենալու ոչ միայն գյուղմթերքների, այլև անասնակերի հետ կապված։ Դաշտերում խոտ չկա, տուկի գինը առանձին տեղերում հասել է ընդհուպ 2 հազար դրամի, մարդիկ այժմվանից մտածում են անասուններից ազատվելու մասին, իսկ կառավարության վեջը չէ։ Կարծես երաշտը իրենց չի էլ վերաբերում։ Չեն էլ մտածում քայլեր անել՝ գյուղացու հոգսերն ինչ-որ կերպ թեթևացնելու համար։

Մարդկանց դրել են վարկերի տակ ու մի կողմ քաշվել։ Եթե բերք չեղավ, վաղը որտեղի՞ց են բերելու փակեն վարկերը։ Այստեղից էլ այն համատարած խնդիրները, որոնք կան վարկերի սպասարկման ոլորտում. մարդիկ չեն կարողանում վարկերը վերադարձնել ու կանգնում են ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ։

Իսկ ի՞նչ են անում իշխանությունները, որպեսզի նման խնդիրներ չառաջանան։ Ոչինչ էլ չեն անում, բացի դատարկ խոսելուց ու խոստումներ տալուց։

Ցավոք, այդպիսի վերաբերմունքը միայն գյուղացու ու գյուղատնտեսության նկատմամբ մեջ չէ։ Համատարած անտարբերություն է նաև մյուս ոլորտներում։ Դրա համար էլ այս վիճակն է։

Նախորդ տարվա խորը անկումից հետո տնտեսությունը մի փոքր տեղից շարժվել է, արդեն ֆանտաստիկ աճերից են խոսում։ Այն դեպքում, երբ նախկին կորցրածը չենք հասցրել հետ բերել ու դեռ շատ ճանապարհ պիտի անցնենք՝ հետ բերելու համար։

Կարծում են՝ ցուցանիշները դզել-փչելով տնտեսական ու սոցիալական խնդիրները լուծվեցին։

Պղնձի թանկացման հաշվին տնտեսությունը մի փոքր աճում է, իսկ արտահանումը՝ ավելանում, կարծում են, թե դա իրենց շնորհքն է։ Չեն ասում, որ վաղը, երբ պղինձը էժանանա, կանգնելու ենք նույն փաստի առաջ, ինչի առաջ կանգնեցինք անցած տարվա ճգնաժամի ժամանակ։ Մինչև ճգնաժամը մեր տնտեսությունը ռեկորդներ էր, որ խփում էր, իսկ ճգնաժամի ժամանակ պարզվեց՝ տնտեսությունը չի դիմանում, փլվում է։ Փլատակների տակ չմնալու համար գնացին դրսից պարտքեր վերցրին, որպեսզի գոնե կարողանանք առաջնային, այդ թվում՝ սոցիալական ծախսերը կատարել։

Իբր մեր երկրում սոցիալական խնդիրներ քիչ կային, դրանք էլ ավելի խորացան համատարած թանկացումների հետևանքով։ Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին իրեն համարում էր թանկացումների դեմ պայքարի առաջամարտիկը, այսօր անտարբերությամբ է հետևում, թե ինչպես է գնաճը խլում մարդկանց եկամուտները։

Մի պահ ասում էին՝ թանկացումների պատճառներից մեկն էլ դրամի թուլացումն է։ Արդեն ավելի քան 10 օր է, ինչ դրամը ուժեղացել է, գրեթե վերադարձել է նախկին դիրքին, բայց գները դրանից ինչ-որ չեն իջնում։ Իշխանություններն էլ նկատելու չեն տալիս, թե ինչո՞ւ չեն իջնում գները, երբ դրա վրա ազդող պատճառներից մեկը, ընդ որում, ոչ պակաս կարևոր, վերացել է։

Հիմա սա արդար մրցակցությա՞ն, ինչի մասին իշխանության գալուց հետո ազդարարում էր Նիկոլ Փաշինյանը, թե՞ մրցակցային դիրքի չարաշահման հետ է կապված։

Որպեսզի ցույց տան, որ գնաճը մեր երկրում ավելի ցածր է, քան միջին աշխատավարձի աճը, որոշեցին վերանայել աշխատավարձերի հետ կապված վիճակագրությունը։ Եթե մինչև այդ ունեինք ընդամենը միջին աշխատավարձի 1-2 տոկոսանոց աճ, նոր վիճակագրությամբ, այն հասավ 8-9 տոկոսի։ Պարզ է, որ դրանով մարդկանց եկամուտները չավելացան, բայց կառավարությունն արդարանալու բան ունեցավ։ Սա է այս իշխանության աշխատաոճը։

Մեր երկրում այսօր մեծ քանակությամբ համակարգային խնդիրներ են կուտակվել՝ սկսած սահմաններից ու երկրի անվտանգությունից, վերջացրած տնտեսությամբ ու սոցիալական ոլորտով։ Փոխարենը օր առաջ լծվելու այդ խնդիրների լուծմանը, իշխանությունները զբաղված են ներքին թշնամիներ որոնելով, ընտրությունների ժամանակ ընդդիմադիրներին աջակցողներին պատժելով ու պետական աթոռներն իրար մեջ բաժանելով։ Զարմանալի չէ, որ երկիրը հասել է այս օրվան ու դեռ լավ է, որ դիմանում է։

Տեսանյութեր

Լրահոս