Բաժիններ՝

Կրթության ոլորտում չկա հաշվետվողականություն

Վերջին օրերին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հայտնվեցին տվյալներ, որոնք խոսում են մեր դպրոցական կրթության ցածր ցուցանիշների մասին։ Մասնավորապես, մամուլում հրապարակվեց 2020թ. Կրթության պետական տեսչության անցկացրած ստուգումների արդյունքները։ Դրանք անցկացվել են Երևանի և մարզերի 9 դպրոցներում։ Ըստ արդյունքների, Հայոց լեզվի միջին միավորը 10 բալանոց համակարգում 5 է, իսկ Մաթեմատիկայինը՝ 4։

Այսինքն՝ երկու առարկաների դեպքում էլ արձանագրվել են ցածր դրական միավորներ։ Ընդ որում, 9 դպրոցներից 2-ում Հայոց լեզվի միջին միավորը եղել է  նվազագույն դրական միավորից ցածր։ Իսկ Մաթեմատիկայի դեպքում բացասական միջին գնահատական արձանագրվել է 4 դպրոցներում։ Մասնակից աշակերտների 35%-ը Հայոց լեզվից անբավարար է ստացել, իսկ Մաթեմատիկայից անբավարար է ստացել աշակերտների 47%-ը։ Մյուս տեղեկությունը, որը շրջանառվում էր սոցիալական ցանցերում, այն մասին էր, որ Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանի 3-4-րդ դասարանի աշակերտների 35 %-ը չի կարողանում վարժ կարդալ։

Այս տվյալներին ավելացնեմ ևս մեկը, որն արձանագրվեց այս շաբաթ։ Հեղափոխությունից հետո կառավարության փաստաթղթերից մեկում արձանագրվել էր, որ միասնական քննությունների ժամանակ Հայաստանի դպրոցականները Հայոց լեզու և գրականություն ու Մաթեմատիկա առարկաներից միջինում ստանում են, համապատասխանաբար՝ 12.2 և 11.5 միավոր։ Որպես թիրախային ցուցանիշ՝ կառավարությունը սահմանել էր, որ 2021 թվականին այդ ցուցանիշները կաճեն և կդառնան 15 միավոր։ Եվ ահա օրերս կայացան այս երկու առարկաների միասնական քննությունները։ Սահմանված 15 միավորի թիրախին ոչ միայն չենք հասել, այլև Մաթեմատիկայի պարագայում հետընթաց ունենք։ Հայոց լեզու և գրականություն առարկայի միջին միավորն այս տարի 12.6 է։ Այսինքն՝ արձանագրվել է միջին միավորի 0.4 % աճ։ Մաթեմատիկայի պարագայում իրավիճակն ավելի է վատթարացել։ Եթե 2018թ. միջին միավորը եղել է 11.5, ապա այս տարի դարձել է 10.47։

Անկեղծ ասած, շատ զարմացա, երբ 2019թ. կարդացի, որ կառավարությունը որպես թիրախային ցուցանիշ՝ սահմանել է 2 առարկաների միասնական քննությունների արդյունքները։ Բոլորս էլ գիտենք, որ միասնական քննությունների արդյունքները (հատկապես՝ բարձր թվանշանները) մեծապես ապահովում են կրկնուսույցները։ Բայց մտածեցի, որ նախարարությունը գուցե կտրուկ քայլեր է ձեռնարկելու ավագ դպրոցում իրավիճակ փոխելու ուղղությամբ, ինչն էլ 2 տարի հետո բերելու է ցուցանիշների աճի։ Բայց ինչպես գիտենք, այս ընթացքում ավագ դպրոցների ուսումնական ծրագրերում Հայոց լեզվի և Մաթեմատիկայի հետ կապված որևէ փոփոխություն չի արվել։ Այս առարկաների դասավանդման հետ կապված որևէ ծրագիր չի ընդունվել։ Մշակվել է նոր չափորոշիչը, բայց դա ուժի մեջ է մտնելու միայն 2023 թվականին։ Մյուս ենթադրությունն էլ այն է, որ նախարարությունը մտածել է 9-րդ դասարանում կենտրոնացված քննություն մտցնելու արդյունքում հասնել ցուցանիշների բարելավման։ Բայց 2019-ին կենտրոնացված քննություն մտցվեց միայն Հայոց լեզվից։ Ընդ որում, 2019թ. 9-րդ դասարանում սովորած աշակերտները դպրոցն ավարտելու են 2022թ.։ Հետևաբար, այդպես էլ հասկանալի չի դառնում, թե ինչի հիման վրա են սահմանվել այս թիրախները։ Ինչպե՞ս է կանխատեսում արվել, որ 2021թ.-ին Մաթեմատիկայի միջին միավորը կդառնա 15։

Եվ քանի որ Հայաստանում չկա պատասխանատվության ինստիտուտ, ոչ ոք  հաշվետու չի լինելու, թե ինչու Հայոց լեզվի և գրականության միջին միավորը 3-ի փոխարեն՝ աճել է ընդամենը 0.4 միավորով, իսկ Մաթեմատիկայի միջին միավորը 3.5-ով աճելու փոխարեն՝ 1 միավորով նվազել է։ Ու քանի որ Հայաստանի կրթության ոլորտում չկա պատասխանատվության, հաշվետվողականության ինստիտուտ, մեր կրթական համակարգը շարունակելու է հետընթաց արձանագրել։

Ակնհայտ է, որ ԿԳՄՍՆ-ն պետք է փոխի իր աշխատաոճը։ Տարիներ շարունակ նախարարությունը հանրությանը մատուցել է օլիմպիական մեդալների, մրցույթներում հաղթելու, տարբեր փաստաթղթեր հատատելու, աշխատավարձ բարձրացնելու մասին հաճելի լուրեր։ Բայց հայտնի է, որ օլիմպիադաներում և մրցույթներում հաղթելը վաղուց չի համարվում կրթության որակի ցուցիչ։ Հայտնի է, որ փաստաթղթերն անհրաժեշտ են, բայց իրականությունը դրանցով չես կարող փոխել։ Մենք այսօր դարձել ենք «թղթե կրթություն» ունեցող երկիր։ Թղթի վրա ամեն ինչ կարգին է, բայց իրականությունը թղթերով չի փոխվում։ Նույնը՝ աշխատավարձերը։ Անընդհատ թմբկահարվում է ուսուցիչների աշխատավարձի 10% բարձրացումը, բայց երբևէ չի խոսվում գների 20-30% թանկացման մասին։

Մեզ հիմա անհրաժեշտ է, որ նախարարությունը խոսի նաև վատ լուրերի մասին։ Օրինակ՝ ինչո՞ւ չհաջողվեց 15 միավորի թիրախին հասնել։ Ինչո՞ւ մինչև հիմա չունենք կրթության զարգացման ռազմավարություն։ Հսկայական գումարներ են ծախսվել, բայց փաստաթուղթը չկա։

ԿԳՄՍՆ-ն պետք է դուրս գա պաշտպանողական աշխատաոճից։ Պատերազմում կրած պարտությունից հետո, այլևս խնդիրները թաքցնելու, ծածկադմբոց անելու շռայլությունը չունենք։

Այս տարիներին մեզ անընդհատ կերակրել են նաև լուսավոր ապագայի սպասումով։ Մեզ անընդհատ ասել են, որ ապագայում լավ է լինելու մեր կրթության վիճակը։ Ո՞ւմ է պետք այն բարիքը, որը միշտ ապագայում է, բայց ոչ երբեք՝ ներկայում։

Ակնհայտ է, որ Հայաստանի կրթությունը շարունակական անկման վիճակում է։ Այդ անկումը տեղի է ունենում դանդաղ, աննկատ։ Բայց ինչ-որ մի օր հրապարակվում է մի հետազոտության, գիտելիքների ստուգման, քննության արդյունք, ու հասկանում ես, թե ինչքան մտահոգիչ է վիճակը։ Մենք պետք է փորձենք կանգնեցնել այս անկումը՝ կրթության ոլորտի ավելի լայնախոհ, ռեֆլեքսիվ, սրտացավ կառավարման միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս