Հրապարակվեց Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործի նախաքննության փուլը և սկսվեց գործով դատաքննության փուլը:

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Դատախազը դատարանում ներկայացրեց, որ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,Սերգո Կարապետյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գործով մեղադրյալներ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը մահացել են և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով: Եվ հենց այս հիմքով մեղադրական եզրակացությունը դատարանում դատախազ Մարտիրոսյանը հրապարակեց 3 ամբաստանյալի մասով:

Գործով երեք ամբաստանյալները՝ Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը և Գևորգ Հարությունյանը մեղադրական եզրակացության հրապարակումից հետո, ի պատասխան դատարանի հարցի, ասացին, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

Տեսանյութեր

Լրահոս