«Առաջին Հանրապետությունը 2 տարի տևեց, երրորդը՝ 30 տարի, կարող ենք մեզ սփոփել՝ մենք ավելի երկար գոյություններս քարշ տվեցինք». Վահան Թումասյան
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Շիրակի մարզում հավաքել էր ընտրելու իրավունք ունեցողների քվեների 65.22 %-ը: 168.am-ը մարզի բնակիչների սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանից հարցրեց, թե իր համար սպասելի՞ էին ընտրության այս արդյունքները և հատկապես այն, որ ամբողջ Հայաստանում Շիրակը ՔՊ-ին երկրորդ ամենաշատ քվե տված մարզն է:
«Եթե նույնիսկ չլիներ գերիների հարցը, երբ մարդը տեսնում է, որ պրոբլեմներ կան, ու բավարար չեն իշխանությունների գործողությունները, եթե նույնիսկ լավ իշխանություն է, բայց առավել ևս, երբ որ ծայրահեղ աղքատություն գոյություն ունի, միշտ պետք է դեմ քվեարկի գործող իշխանություններին, իմ համոզմունքը սա է: Օրինակ, իմ պարագայում, ես 30 տարի իշխանություն չունեմ, չի եղել մի դեպք, որ ընտրեմ ու անցնի: Իհարկե շշմելու է, ինչքան էլ տեխնոլոգիաներ օգտագործվեին, համոզեին մարդկանց և այլն, նման արդյունքը… ես, անկեղծ ասած, մեծ հույսեր չէի կապում քաղաքական պրոցեսների, ընտրությունների հետ, բայց նաև շոկի մեջ չեմ հայտնվել, հասկացել եմ, որ այդ է մեր վիճակը, հասարակությունը մոլորության մեջ է, հասարակությունը կարծես այլընտրանք չի գտնում, անսպասելի էին այդ բարձր տոկոսները, բայց ինչ արած»,- ասաց Թումասյանը:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը մեզ հետ զրույցում պատմեց, որ բարձր ջերմաստիճանով ու շոգ եղանակով պայմանավորված երաշտը անտարբեր չի անցել նաև Շիրակի մարզի կողքով, սակայն այս դեպքում էլ գյուղացիներին ձեռք մեկնելու գործընթացներ չկան:
«Հիմա ամբողջ Շիրակի մարզում, հատկապես՝ Անիի նախկին վարչական շրջանում, սարսափելի երաշտ է, չտեսնված նախորդ տարիներին, և առհասարակ չկա դրա արձագանքը, նույնիսկ հասարակական արձագանք չկա: Մարդ եթե, հեռու տնից- տեղից, մահանում է, գոնե գնում սիրտ են տալիս, չէ՞, հիմա մասսայաբար մարդիկ կործանվում են, գյուղացիներն անելանելի վիճակի մեջ են, ոչ միայն աջակցող չկա տվյալ պարագայում, այլ նաև սիրտ տվող չկա, ինչ-որ խոսք, ինչ-որ սփոփանք, որ՝ ոչինչ, ձեր անասուններն այս տարի կջարդվեն, հաջորդ տարի հնարավոր է՝ դուք կարողանաք նոր անասուններ ունենալ, այս պարագայում մարդիկ չգիտեն՝ ինչ հետևություններ անել:
Չեմ ուզում այս ամբողջ գործընթացները կապել քաղաքական, ընտրական գործընթացների հետ, քանի որ այս «ընտրություններ» երևույթն ինձ համար արդեն վարկաբեկվել է, ես չունեմ պատրաստի դեղատոմս, թե լավ, ո՞նց իշխանություն ձևավորենք, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում իշխանության ձևավորումը նույնիսկ ընտրությունների եղանակով, եթե 2018-ին հեղափոխական եղանակով էր ինքն իրեն վարկաբեկել, հիմա արդեն ընտրությունների եղանակով, ի՞նչ ձևով իշխանություն ձևավորել, արդեն չեմ հասկանում, դրա համար մարդիկ մոլորված են: Հիմա որ նայում եմ՝ գյուղերում անասունները սարից մի կերպ իրանց քարշ են տալիս, գալիս են գոմ, առավոտ ստիպված ծեծել-ջարդելով՝ չոբանները հանում են սար, որովհետև կենդանին, եթե սարում ոչինչ չկա, չի ուզում գնալ, եթե չոբանի մահակը չլինի, հաստատ չի գնա, գոմից դուրս չի գա: Հիմա այդ ծանր վիճակում քար լռություն, կարծես թե ոչինչ էլ չի եղել, զուտ կործանվում է ամբողջ պետությունը, մի մարզ, երկիր, սովորական է, այնպես սովորական են ընդունում, ինտերնետի մեջ, վաղը-մյուս օր այդ լույսն էլ կկտրեն, գյուղացին ապրում է կովով, դրա կաթով, եթե խոտ չկա…»:
Թումասյանը վստահեցնում է՝ խնդրի լուծման տարբերակը կա, անող է պետք:
«Եթե նորմալ իշխանություն լիներ, ինչ-որ մի տեղից խոտ կհայթայթեր, կբերեր էժան գներով կվաճառեր, կամ իմացել եմ՝ խոտի արտահանում կա, կարգելեր, որովհետև երկրում երաշտ է, խոտի արտահանումը հարևան երկրներ կարգելեր, կամ ինչ-որ մի տեղից կբերեր, կբաժաներ, թեկուզ մեծ ծախսեր կկազմեր, բայց կփրկեին գյուղատնտեսությունը, կփրկեին էդ մարդկանց, որովհետև դա իրենց ապրելու միջոցն է: Կամ Ախուրյան գետի բերանի գյուղերն ամբողջությամբ անջրդի են, իսկ խմելու ջուրը՝ գնելով»,- ասաց Թումասյանը:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը նշեց, որ մեղավորությունը միայն գործող իշխանությանը չէ, խնդիրները երկար պատմություն ունեն:
«Ես ասում եմ՝ 30 տարի չունեմ իշխանություն և չեմ փոշմանել, որ ոչ մեկին չեմ ընտրել: Հասարակությանն էլ շատ մեղադրելու չէ, որովհետև եթե ես հիմա ասեմ՝ ահա քո ընտրության արդյունքը, ինձ կասեն՝ 5 տարի առաջ էլ էր այս արդյունքը, 10 տարի առաջ էլ էր այս արդյունքը, 15-20 տարի առաջ էլ էր այս արդյունքը: Ոռոգման ջրի համակարգերը քանդեցին, խողովակները տարան վաճառեցին, հիմա միլիոնատեր դարձան, ու չգիտեմ՝ կամ չկան, կամ կան ընտրական պրոցեսներում այդ մարդիկ: Չես կարող մարդկանց ասել՝ էս ի՞նչ արեցիր քո ընտրությամբ, ինքն էլ կասի՝ գիտե՞ս ինչ, մոռացե՞լ ես, 10-15-20 տարի առաջ էլ նույն ընտրությամբ արեցի: Դրա համար, անկեղծ ասած, շատ ծանր հոգեբանական վիճակ է ինձ մոտ, չեմ տեսնում, թե ո՞րն է ելքը, առհասարակ ի՞նչ մենք կկորցնենք, ընդամենը մի երկիր, եթե Առաջին Հանրապետությունը 2 տարի տևեց, Երրորդ Հանրապետությունը՝ 30 տարի, կարող ենք մեզ սփոփել, որ մենք ավելի երկար գոյություններս քարշ տվեցինք, բայց եթե Առաջին Հանրապետությունից հետո եկավ մի հանրապետություն, որն ուժեղացրեց Հայաստանը, թեև Սովետական Միության մեջ, Երրորդ Հանրապետության ապագան անհայտ է: Խոսում ես, հասկանում ես, որ տարբեր տեխնոլոգիաների միջոցով, մեկը՝ վրեժից ելնելով, մեկը՝ ինչ-որ հույս ունենալուց, մեկը՝ խաբվելուց՝ ընտրել են, բայց փաստն այն է, որ քանդվում են գյուղերը»: