Հայկական Գողգոթան

Հայաստանում քաղաքականության շարունակությունը պետք է հիմնվի առաջին հերթին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների պատճառների մանրակրկիտ ուսումնասիրության վրա։

Կարելի է ամենատարբեր գնահատականներ հնչեցնել, թե ինչո՞ւ արձանագրվեցին հենց այսպիսի արդյունքներ։ Դրանք կարևոր են, բայց ավելի կարևոր են դրանք ծնող պատճառները, որոնց իրական ընկալումը միայն կարող է հնարավորություն տալ քաղաքականությունը նոր իրողություններին համապատասխանեցնելու ու հաջողություններ արձանագրելու համար։

Ընդ որում, ի սկզբանե դատապարտված են լինելու կարճաժամկետ հաջողություններ ապահովելու բոլոր փորձերը, հասարակությանը նման խոստումներ տալը լինելու է մեծագույն խաբեություն։ Քաղաքականությունը կարող է հաջողություն ունենալ միայն այն դեպքում, երբ առաջադրվեն երկարաժամկետ նպատակներ ու դրանց հասնելու համար գործադրվեն համակարգային, ինստիտուցիոնալ, ոչ մակերեսային ու ոչ կարգախոսային ջանքեր։

Ընտրություններում արձանագրված արդյունքների պատճառներն ունեն տարիների, տասնամյակների պատմություն։

Գլոբալ իմաստով, այս ընտրություններում հաղթեց կոնսյումերիզմը, սպառողական հասարակությունը հաղթանակ տարավ նյութական սպառումից բացի՝ այլ արժեքներ ունեցող հանրույթի նկատմամբ։ Կոնսյումերիզմը, որը ժամանակակից աշխարհին բնորոշ երևույթ է, լայն իմաստով, չի ճանաչում ազգային և այլ պատկանելություններ, դա հանուն սպառման ապրող հասարակությունների կացութաձև է, որում ցանկացած այլ արժեք, այդ թվում՝ հայրենիք, ինքնություն, արժանապատվություն, ստորադասվում է սպառմանը՝ նյութականին։

Այսպիսով, մերկանտելիզմը հաղթանակեց գաղափարայնությանը, մնացածը դրա ածանցյալ դրսևորումներ են, ինչպես օրինակ այն, որ միտքը պարտվեց մուրճին, գաղափարը՝ հիստերիային, բանավեճը՝ հայհոյանքին, և այդպես շարունակ։

Սպառողական հասարակությունները քիչ են տարբերվում իրարից, բայց տարբերություններ, այդուհանդերձ, կան։ Այսօր աշխարհում մրցունակ են այն հանրույթները, որոնցում սպառման պաշտամունքին առնվազն զուգահեռ՝ կան նաև սեփական ինքնության, ազգային պատկանելության հետ առնչվող գաղափարներ ու արժեքներ։ Մի դեպքում դա կարող է լինել կայսերականությունն ու մեծապետականությունը, երկրորդի պարագայում՝ սեփական արժեքների գերակայության պաշտպանությունը, որոշներում այդ դերը վերապահվում է հավատալիքներին ու կրոնին։

Անկախ տարբերություններից, սակայն, բոլոր այդ՝ ոչ միայն սպառողական մղումներով ապրող հասարակություններին միավորում է այն, որ նրանք՝ լինելով կոնսյումերիստ, այդուհանդերձ ունեն նաև որոշակի հոգևոր, աննյութական արժեքներ ու գաղափարներ։

Ընտրությունները ցույց տվեցին, որ հենց դա է բացակայում մեր հասարակության կյանքում։ Արցախի հարցը, որը շատերին թվում էր՝ որպես նորանկախ պետության գաղափարական-փիլիսոփայական առանցք, պարզվեց՝ չունի այդ նշանակությունը հասարակության համար։

Ընտրությունների արդյունքով հասարակությունը մեծ հաշվով փակեց Արցախի հարցը ու այն դուրս դրեց հանրային-քաղաքական օրակարգից։ Հիմա այդ օրակարգը շատ ավելի մեծ չափաբաժնով լցվելու է կոնսյումերիզմով՝ սպառման պաշտամունքով, որի դեպքում սպառումն ապահովող աղբյուրների պատկանելությունը լինելու է երկրորդական։

Մարդիկ ապրելու են հանո՛ւն սպառման, ավելի՛ շատ սպառման, է՛լ ավելի շատ սպառման, և կա հավանականություն, որ հաջողելու են։ Իսկ սպառման հաղթարշավում այնպիսի արժեքներ, ինչպիսիք են պետությունը, ազգային ինքնությունը, արժանապատվությունը՝ ունենալու են երկրորդական-երրորդական նշանակություն։ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողները պարտավոր են հաշվի նստել այս իրողության հետ, այլապես ապագայում արժանանալու են շատ ավելի ջախջախիչ պարտությունների։

Իսկ այս իրողությունների հետ հաշվի նստելը ենթադրում է խորը, տքնաջան ու երկարաժամկետ աշխատանք հասարակության հետ, աշխատանք, որում անհրաժեշտաբար պետք է ներգրավվեն էլիտաները՝ սկսած մասնագիտականից մինչև քաղաքական։

Այսօրվա իրականության համակարգային պատճառներից մեկն էլ այն է, որ էլիտաներն անդառնալիորեն հեռացած են հասարակությունից, վերնախավերի ու հանրության մեջ կա մեծ խզում, անջրպետ, ինչը նշանակում է, որ այդ աշխատանքը պետք է սկսվի առաջին հերթին էլիտաներին ու հասարակությանն ինտեգրելուց։

Էլիտաներին հիմա լայն հասակարությունն ընկալում է՝ որպես դասակարգային թշնամիների, ինչում, իհարկե, դեր է խաղացել և խաղում է նաև գործող իշխանությունը, որն իր բնույթով պոպուլիստական, հակավերնախավային է և դա ներկայացնում է՝ որպես արժանիք։ Այն դեպքում, երբ իշխանությունը չի կարող լինել հակաէլիտար, որովհետև վերնախավն առաջին հերթին նոմինալ իշխանությունն է։ Անկախ իշխանությունից, սակայն, բոլոր իրական էլիտաների խնդիրը պետք է լինի հասարակության հետ աշխատանքը, որը ոչ միայն հեշտ ճանապարհ չէ, այլ սարսափելի դժվար ճանապարհ է և ամենևին ոչ երաշխավորված արդյունքով ճանապարհ։

Բայց դա գոնե այս պահին տեսանելի թվացող միակ ճանապարհն է, հայկական Գողգոթան, առանց որի՝ պետությունն ու պետականությունը վերջնականապես կսպառվեն կոնսյումերիստական հասարակության կողմից։

Տեսանյութեր

Լրահոս