«Վերջին երեք տարիներին մեր երկրում մոռացել են արտաքին քաղաքականության մասին՝ այստեղ հարցը միայն Իրանը չէ, գրեթե բոլոր կողմերի հետ այդպես է». Իրանագետ
Իրանագետ Ահարոն Վարդանյանի խոսքով՝ Իրանում նախագահների անձերն այդքան էլ կարևոր չեն Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում, առավել ևս՝ հայկական կողմից կատարվող քայլերի դեպքում, քանի որ Իրանում ով կլինի նախագահ, այդքան էլ կարևոր չէ, որովհետև Հայաստանը որևէ քայլ չի կատարում։
«Ով էլ լինի Իրանի նախագահ, որևէ բան ակնկալելը դժվար է, եթե մեր կողմից չկա համարժեք քայլ, նախաձեռնողականություն կամ որոշակի ցանկություն Իրանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ։
Իրանը մեկ անգամ չէ, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո հայտարարել է Հարավային Կովկասում ակտիվանալու, Սյունիքի կարևորության, այդ տարածքների անձեռնմխելիության մասին, ինչպես նաև այն մասին, որ Սյունիքն Իրանի համար չափազանց կարևոր է, որտեղ պետք է ունենա ակտիվ ներկայացվածություն։ Քանի որ Սյունիքն Իրանի համար համարվում է ազգային անվտանգության հարց, և, այսպես կոչված, «Սյունիքի միջանցքը» համարվում է հայ-իրանական ցամաքային սահմանի հատում, սա ենթադրում է բազմաթիվ անվտանգային խնդիրների առաջացում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին և այդ համատեքստում հայ-իրանական հարաբերություններին։
Ըստ նրա, ներկայումս Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններում արդեն նկատվում է անկայունություն, որն Արևմտյան Ատրպատականն է, Թուրքիայի ու Իրաքի հետ սահմանն է, և արևելյան հատվածում՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանը, մասնավորապես՝ Աֆղանստանի, որտեղ թալիբներն են, որոնք ուղղորդվում են Թուրքիայի կողմից, և այդ համատեքստում Էրդողանը փորձում է անկայունություն մտցնել Իրանում։
«Էրդողանը փորձում է Իրանի վրա ճնշումներ բանեցնի՝ տարբեր տեսակի զիջումների հասնելու համար, այդ թվում՝ Սյունիքի հարցում։ Այսինքն՝ այստեղ Իրանի նախագահի անձն այդքան կարևոր չէ, ուղղակի պետք է մի բան ֆիքսել՝ Իրանում ավանդական պահպանողական կառավարությունները Հայաստանի հետ ավելի լավ հարաբերություններ են ունեցել, քան ոչ պահպանողականները»,- նշեց նա։
Նորընտիր նախագահի կառավարման շրջանում Իրանի արտաքին քաղաքական վեկտորում փոփոխություններ կլինե՞ն, հարցի վերաբերյալ Ահարոն Վարդանյանը պատասխանեց, որ Իրանի արտաքին քաղաքականությունը չի մշակվում Արտգործնախարարությունում, դրա մասին իր հարցազրույցում ասել է նույնիսկ արտգործնախարար Ջավադ Զարիֆը։
«Իրանի արտաքին քաղաքականությունը մշակվում, որոշումներ կայացվում են տարբեր կառույցներում՝ հոգևոր առաջնորդի գրասենյակում, Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսում, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում։ Դրանք տրվում են Կառավարությանը կամ ԱԳՆ-ին՝ որպես ի գիտություն և ի կատարումն։ ԱԳՆ-ն քիչ լծակներ ունի այդ որոշումների վրա ազդելու համար, պարզապես կախված արտգործնախարարից՝ որոշակի կոսմետիկ փոփոխություններ են լինում, նույնը՝ կախված նաև նախագահից, որոշակիորեն գործիքակազմն է փոփոխվում քաղաքականությունն իրացնելու հարցում։ Ներկայումս Վիեննայում բանակցություններ են ընթանում միջուկային խնդրի շուրջ և նշվում է որևէ փոփոխություն, ազդեցություն չի ունենալու նախագահի փոփոխությունը այդ բանակցությունների և խնդրի վրա։ Այսինքն՝ այստեղ Իրանի դիրքորոշումը հստակ է, և նախագահի փոփոխությունը որևէ կերպ չի ազդելու այս հարցի վրա»,- շեշտեց նա։
Իրանագետի կարծիքով՝ Հայաստանի հետ հարաբերություններում և Հարավային Կովկասում որդեգրած քաղաքականության հարցերում էլ Իրանի քաղաքականությունը որևէ էական փոփոխություն չի կրելու։
«Իհարկե, կարող է այդ հարաբերություններում որոշակի թարմություն մտցվի և այստեղ իրացվող քաղաքականության մեջ, որովհետև ի վերջո նոր կառավարություն է, նոր անդամներ են, նրանք փորձելու են ապացուցել, որ ավելի լավն են, միշտ էլ բոլոր երկրներում այդպես է։ Այստեղ մենք կարող ենք օգտվել այդ թարմությունից, ցանկությունից, որն ավելի շատ է լինելու, քան նախորդ կառավարության մոտ։ Սակայն էակական փոփոխության բուն քաղաքականության մեջ դժվար թե մենք ականատես լինենք։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջին երեք տարիներին կարծես թե մեր երկրում մոռացել են արտաքին քաղաքականության մասին։ Այստեղ հարցը միայն Իրանը չէ, գրեթե բոլոր կողմերի հետ այդպես է։ Ամեն դեպքում Հայաստանն այդ սխալը պետք է ուղղի, որովհետև Իրանը մեզ համար չափազանց կարևոր երկիր է, որի հետ հարաբերությունները պետք է խորացնել ու զարգացնել։ Այս ամբողջ օրակարգը պետք է կատարվի անկախ ներքաղաքական խնդիրներից, որովհետև Իրանը Հայաստանի համար կենսական նշանակության երկիր է»,- եզրափակեց Ահարոն Վարդանյանը։