«Կա մասնակցության ավելի բարձր ցուցանիշ, քան 2018-ին, այդ հավելյալ մասնակցությունն ի օգուտ ընդդիմադիր ուժերի է». Դավիթ Խաժակյան

Այսօր Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Առավոտից ահազանգեր են հնչում, տեսանյութեր են տարածվում ընտրախախտումների մասին: 168.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանից հարցրեց, թե նկատե՞լ են իրենք` իրենց վստահված անձինք,  հանձնաժողովի իրենց անդամները ընտրախախտումներ:

«Եղել են տարբեր տեխնիկական բնույթի խախտումներ, որոնք մեր հանձնաժողովի անդամներն արձանագրել են, տեղեկացրել են մեզ, բայց հիմնականում դրանք տեխնիկական բնույթի են»:

Խաժակյանը վստահեցրեց, որ մոնիտորինգի են ենթարկում նաև մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերը և ահազանգերը ընտրախախտումների մասին:

«Մի մասը մտահոգիչ են, մի մասը տեխնիկական բնույթի են»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածուի գնահատմամբ՝ ընտրությունները դեռ նորմալ են ընթանում:

«Կարծում եմ, որ այս պահի դրությամբ ընտրությունները նորմալ են ընթանում: Իհարկե, կան տհաճ դրսևորումներ, որոնք ընտրախախտում գնահատելը դժվար է, չեմ կարծում, թե դրանք կարող են արդյունքի վրա անդրադառնալ»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստանն» ընտրապայքարին մասնակցում էր «համերաշխության և միասնականության» կարգախոսով: Խաժակյանից հարցրինք, թե իր տպավորությամբ՝ հանրությունը գնո՞ւմ  է այդ  ճանապարհով:

«Դա կերևա քվեարկության արդյունքներով, քանի որ դա պետք է լինի քաղաքացու կամքը քվեարկության տեսքով: Ընդամենը մի քանի ժամ մնաց: Բայց մի բան է ակնհայտ, որ կարող եմ վերլուծել, դա մասնակցության ավելի բարձր ցուցանիշն է, քան 2018-ին, կարծում եմ, որ այդ հավելյալ մասնակցությունն ի օգուտ ընդդիմադիր ուժերի է, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստանի»»,- ասաց Խաժակյանը:

Իսկ քաղաքական ուժերը գնո՞ւմ են համերաշխության: Երեկ, օրինակ, ձերբակալվել են մի շարք ընդդիմադիր գործիչներ:

«Բոլոր այն դեպքերում, երբ առանց հիմնավոր կասկածի՝ իրավապահները գործողություն իրականացնեն, դա դատապարտելի է, բայց քանի որ ահազանգերի քանակը մեծ է եղել, մենք չենք հասցրել բոլոր ահազանգերը վերլուծել և հասկանալ՝ հիմք կա՞, թե՞ ոչ: Խոսակցություն ընտրակաշառքի բաժանման մասին եղել է, բայց թե դրա տակ ի՞նչ փաստարկներ են դրել իրավապահները, այս պահին որևէ մեկին հասանելի չէ, ուստի ոչինչ պնդել չեմ կարող»,- ասաց Խաժակյանը:

Հիշեցնենք՝ ՄԻՊ աշխատակազմ 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում։ Ոստիկանության Թեժ գծով 16:00-ի դրությամբ ստացվել է 60 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել: Ահազանգերը վերաբերել են` 2-ը՝ ընտրակաշառքին, 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն, 32-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին, 23-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին: Ժամը 16:00-ի դրությամբ Ոստիկանությունում ստացվել է 57 հաղորդում, որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների հատկանիշներով ընթացք է տրվել 20 դեպքի, իսկ 37-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են՝ որպես պատահար:

Տեսանյութեր

Լրահոս