«Պետք է առանձնացվի Մշակույթի նախարարությունը ու իսկապես ծառայի մշակույթին, ոչ թե օրվա իշխանությանը»

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն իրենց նախընտրական ծրագրում անդադարձել են կրթությանը, գիտությանն ու մշակույթին:

«Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագրում նշված է, որ հասարակական կյանքի կարևորագույն տարրերից մեկը հոգևոր և մշակութային արժեքների սերմանումն ու զարգացումն է:

«Հանրապետություն» կուսակցությունը կողմ է Հայ Առաքելական եկեղեցու որդեգրած արժեքների պահպանմանը և խրախուսմանը: Միևնույն ժամանակ՝ պետք է ապահովել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ազգային, մշակութային և մյուս իրավունքների պաշտպանությունը, նրանց մայրենի լեզվի, կրոնի և մշակույթի պահպանման ու զարգացման հնարավորությունը»:

 «Քաղաքացիական պայմանագիրը» խոստանում է ներառական զարգացած կրթական համակարգ և մրցունակ գիտություն, նախադպրոցական կրթության որակի բարձրացում և հասանելիություն: Խոստում կա մինչև 2023թ ապահովել 3 տարեկանից բարձր երեխաների 70 տոկոս ներգրավվածությունը նախադպրոցական կրթական հաստատություններում: Խոստանում է արդիականացնել և վերանայել հանրակրթության ոլորտի ուսումնական ծրագրերը, թիրախավորել տեխնիկական գիտությունները և օտար լեզուների խորացված ուսուցումը դեռևս առաջին դասարանից, ապահովել ուսուցիչների մասնագիտական գիտելիքի զարգացումը, բարձրացնել ՄԿՈՒ որակը և մարզային ընդգրկումը, ներդնել դուալ կրթություն, նպաստել համալսարանների կրթական ծրագրերի արդիականացմանը, բուհերը գիտության և նորարարության կենտրոն դարձնելուն:

«Պատիվ ունեմ» դաշինքը, ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխարհիկ պետություն լինելը, խղճի ու դավանանքի ազատությունները, բոլոր կրոնական կազմակերպությունների իրավահավասարությունը, այնուամենայնիվ, ճանաչում է հայ ժողովրդի պատմության, հայապահպանության, հայության հանրային կազմակերպման, սոցիալական, կրթական ու հոգևոր-մշակութային կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարևոր և առանցքային դերակատարությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ծրագրում նախընտրական կարևորված է գիտահենք արդյունաբերությունը:

«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի համաձայն, կրթությունը, գիտությունը և մշակույթը լինելու են պետական քաղաքականության առանցքային առաջնահերթություններ, հասարակության արժեքային ճգնաժամը հաղթահարելու և ՀՀ քաղաքացի ձևավորելու կենսական հենարան, կրթության ոլորտի բարեփոխման հիմքում լինելու է կրթվածությունը որպես երկրում որակյալ մարդկային ներուժի ձևավորման նախապայման:

«Լուսավոր Հայաստանը» կարծում է, որ անհրաժեշտ է ձևավորել անձի և հանրության շարունակական զարգացման, իրավական ու քաղաքական հասունացման համար անհրաժեշտ կրթադաստիարակչական և սոցիալ-մշակութային (լուսավորչական) միջավայր։

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը կարծում է, որ պետք է առանձնացվի Մշակույթի նախարարությունը ու այն, նրա խոսքով, պետք է իսկապես ծառայի մշակույթին, ոչ թե օրվա իշխանությանը:

«Հանձնաժողովներն ընդհանրապես պետք է փակվեն, որովհետև բոլորը սուբյեկտիվ են, ու ամեն մի անդամ այդ դեպքում իր շահերն է պաշտպանելու՝ ըստ իր պատվերի, ու չես կարող արգելել: Չես կարող նաև գնալ հանձնաժողովի ամեն անդամի հետքերով՝ հասկանալու, թե ինչու է սա պաշտպանում կամ ոչ: Ամբողջ աշխարհում, հատկապես այնտեղ, որտեղ կան պատմամշակութային շերտեր և արժեքներ, իրենց օրենսդրական դաշտը հստակ է ու կայուն: Եթե օրենսդրական դաշտը չկա, նման հանձնաժողովներում սուբյեկտիվ են որոշումները: Ու ինչքան էլ պայքարեն անհատները կամ ժողովուրդը, ոչ մի բանի չեն հասնի, որովհետև հիմք չունեն: Այդ առումով մեր օրենսդրական դաշտը շատ տկար է: Իսկ Ֆրանսիայում, եթե նայեք, կոդեքսի նման բան է, որը մանր շրիֆտով, մոտ 1200 էջ է, ու գրեթե բոլոր դեպքերի համար գրված է, թե, օրինակ, քաղաքային մարմիններն ի՞նչ պետք է անեն, ինքնակառավարման մարմիններն ի՞նչ պետք է անեն, գնորդը ի՞նչ պետք է անի, վաճառողը՝ ինչ, ու այդ ժամանակ ամեն մի շեղումն արդեն օրենքի խախտում է տալիս: Իսկ մեզ մոտ այդ դաշտը չկա, ազատ է՝ ով ինչ կարողանում՝ անում է»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է քաղաքաշինության ոլորտին, էլի ամեն ինչ, օրենքով պետք է արվի:

«Գլխավոր ճարտարապետին հանեցին, հիմա էլ ինչ-որ երկու խորհուրդ կա, մեկը քաղաքաշինության խորհուրդն է, որը հին ռեժիմից եկած է, իսկ մյուսը քաղաքապետին կից խորհրդատվական երիտասարդների խումբն է, որտեղ շատերը ընդհանրապես ճարտարապետությամբ չեն զբաղվել: Շատերը կան, որոնց ծնողները հին խորհրդում են, երեխաները՝ նոր խորհրդում: Հիմա նայեք, թե ինչ է ստացվում. հին խորհրդում ծնողներն են, նորում՝ երեխաները, ու այն, ինչ հին խորհրդում չի անցնում, կանցնի նորում, նորում էլ ինչ անցնում է, հնում կարող է մերժվի: Այսինքն, կոռուպցիոն ռիսկերը այդտեղ մեծ են: Մինչև չլինի հողօգտագործման և կառուցապատման ակտերի և օրենքների ժողովածու, ոչինչ չի լինի: Օրինակ, լիցենզիաների ազատականացումը երևի միակ լավ բանն էր, որ եղավ այս ոլորտում»,- եզրափակեց Մարիամ Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս