Այս ընտրություններին դրված է Հայաստանի պետականության պահպանման հարցը. Ադրբեջանի համար առավել նախընտրելի է Փաշինյանի հաղթանակը. Лента.ру-ի անդրադարձը

Ռուսական Лента.ру կայքն անդրադարձել է հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանք կդառնան Արցախյան պատերազմում ցավալի պարտությունից հետո քաղաքական ուժերի մի քանի ամիս տևած դիմակայության արդյունքը: Աղբյուրը նկատում է, որ ինչպես ցույց են տալիս վերջին հարցումների արդյունքները, պայքարը ծավալվելու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի («Իմ քայլը») և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի («Հայաստան» դաշինք) միջև: Лента.ру-ն փորձել է հասկանալ, թե ինչ դեր է խաղում «ռուսական գործոնը» նախընտրական մրցավազքում, և ինչպես են ազդելու գալիք ընտրությունները Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա:

«Վարչապետի պաշտոնից Փաշինյանի ձևական հրաժարականը ձեռք չի տալիս ընդդիմությանը, ինչպեսև բնակչության մեծ մասին, որը հիասթափվել է պոպուլիստ գործչի վարած քաղաքական կուրսից: Բանն այն չէ նույնիսկ, որ պաշտոնանկության հետ կապված քայլը նրան հնարավորություն տվեց ընտրությունների ընթացքում պահպանել իր վարչական ռեսուրսը և ազդել երկրում տիրող իրավիճակի վրա: Բնակչությունը դժգոհ է Փաշինյանի հետպատերազմյան քաղաքականությունից՝ սկսած ռուսական «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համակարգերի հետ կապված սկանդալից մինչև միջազգային ասպարեզում դաշնակիցների հետ հարաբերություններ կառուցելու անկարողությունը: Բացի այդ, զինադադարից ավելի քան վեց ամիս անց իրավիճակը Հայաստանի սահմաններին մնում է անկայուն: Մասնավորապես, երկու ցավոտ հարց մնում է չլուծված. սահմանների սահմանագծում և սահմանազատում, ինչպես նաև հայ ռազմագերիների ճակատագիրը, որոնց մի մասը գերեվարվել էին Հայաստանի տարածքում ռազմական գործողությունների դադարեցումից հետո»,-գրում է աղբյուրը:

Աղբյուրը նշում է, որ գերիներին վերադարձնելու և սահմաններն անվտանգ դարձնելու անպտուղ փորձերի ֆոնին, ընտրություններից մեկ շաբաթ առաջ, Փաշինյանը կոչ է արել խորացնել ռազմական և ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ` ի պատասխան «Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության»: Բայց Կրեմլը դեռ հետևում է իրավիճակի զարգացմանը և սպասում խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Ակնհայտ է, որ ռուսական կողմը Փաշինյանին չի դիտարկում որպես ուժեղ և համակարգված խաղացող, որի հետ կարելի է կառուցել երկարաժամկետ երկխոսություն:

«Ժամանակը ցույց է տվել, որ դեպի Ռուսաստան կողմնորոշումը երկրորդ պլան է մղվել Փաշինյանի կառավարման տարիներին, մինչդեռ հազվադեպ ռուսամետ հայտարարությունները կապված էին բացառապես արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու փորձի հետ: Սակայն, չնայած ամեն ինչին, Ռուսաստանը շարունակում է խաղալ խաղաղարարի դեր, մինչդեռ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը փաստացիորեն բացառվել են ԼՂ շուրջ խաղից, չնայած դրան վերադառնալու բոլոր փորձերին»,-գրում է կայքը` եզրակացնելով, որ դեպի Ռուսաստան շրջադարձը, որին կարող են աջակցել միլիոնավոր հայեր, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ամենատրամաբանական որոշումը կարող է լինել:

««Ռուսական գործոնը» իսկապես գրեթե հիմնական դեր է խաղում Հայաստանում նախընտրական մրցավազքում: Ներքաղաքական «մարտերում» հայ-ռուսական հարաբերությունների ապագայի թեման կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման և արդեն գոյություն ունեցող աջակցությունից ավելի Հայաստանին լրացուցիչ ռազմական օգնություն ցուցաբերելու ցանկության բացակայության հետ: Դա հիմնականում պայմանավորված է Կրեմլի անվստահությամբ Փաշինյանի նկատմամբ, որն իր նախապատերազմական քաղաքականության և հասարակական տրամադրությունների գերին է դարձել: Իրեն ներկայացնելով որպես դեմոկրատ, որը կապված չէ հետխորհրդային էլիտաների հետ, նա ստիպված էր գործել ավելի արմատական, քան որևէ ցանկացած ազգայնական` օգտագործելով հակառուսական հռետորաբանություն:Արդյունքում, դա հանգեցրել է Ռուսաստանի ռազմավարական անվստահությանը Հայաստանի ներկայիս կառավարության նկատմամբ»,-նշում է Лента.ру-ն:

«Հայաստանի քաղաքական օլիմպոս բարձրանալու հենց սկզբից Փաշինյանը ցույց է տվել իր բազմուղղությունը: Նրա ռազմավարությունը հիմնված է տերությունների միջև առկա հակասությունների վրա խաղալու և միևնույն ժամանակ Հայաստանը հենց այդ հակասությունների առարկա դարձնելու վրա»,-կարծիք է հայտնել քաղաքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը:

Աղբյուրը ենթադրում է, որ, բնականաբար, պետք չէ առաջընթաց ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման հարցում մինչև հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները: Ստեղծված իրավիճակում հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել և երկիրը դուրս բերել ներկայիս ընկճվածությունից միայն քվեարկության արդյունքները ամփոփելուց և նոր կառավարություն կազմելուց հետո: Ընտրություններում երկրորդ փուլի հավանականությունը բավականին մեծ է: Այնուամենայնիվ, եթե կուսակցություններից կամ դաշինքներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքի, ապա Հայաստանում կարող է կոալիցիա կազմվել իշխող կուսակցության դեմ:

«Հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանն իսկապես Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում պարտվելու ռիսկի տակ է: 2018-ին «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած, հետխորհրդային էլիտաների կոռուպցիան դատապարտող Փաշինյանն ինքն է հայտնվել հարվածի տակ… Որպես արդյունք Փաշինյանը ծայրաստիճան թուլացած է ընտրություններից առաջ, նրա քաղաքական կուրսը բացահայտ վիճարկվում է պետական ապարատի մի մասի, այդ թվում ՝ բարձրագույն ռազմական օղակների կողմից»,-գրում է կայքը:

Քաղաքագետ Կարավաևի խոսքով` Ադրբեջանի համար առավել նախընտրելի է Փաշինյանի հաղթանակը:

«Պարզվեց` Փաշինյանը լավ է Ադրբեջանի համար, քանի որ նա իրավիճակը բերեց այն պատերազմի, որում Հայաստանը պարտվեց: Մյուս կողմից, նա արդեն որոշ չափով խաղացված խաղաքարտ է Բաքվի համար: Դժվար կլինի նրանից էլի ինչ որ բան պոկել», – ասել է քաղաքագետը` ընդգծելով, որ Փաշինյանի կայունությունն Ադրբեջանին առավել ձեռնտու է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագրերի իրականացման առումով:

«Քոչարյանը, որը, ըստ հարցումների, հասարակության աջակցության հարցում արդեն առաջ է անցել Փաշինյանից, ընդհակառակը, պնդում է, որ մի կողմից կոշտ, պրագմատիկ հարաբերություններ կառուցվեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և մյուս կողմից` կայուն քաղաքական դաշինք ՌԴ-ի հետ…Առավել հետաքրքիր են Քոչարյանի վերջին հայտարարությունները: Նա կարծում է, որ Հայաստանն ինքը պետք է լուծի իր խնդիրները և քայլեր ձեռնարկի՝ ապահովելու իր սահմանների անվտանգությունը, և ոչ միայն օգնություն ակնկալի դաշնակիցներից: Այդ պատճառով քաղաքական գործիչը խոստացել է լուծել Հայաստանի զինված ուժերի մարտունակության հարցը: Այսպես թե այնպես, Քոչարյանին հաջողվեց համոզիչ քաղաքական թիմ հավաքել իր շուրջը: Շեշտը դրվել է է մասնագետների և մենեջերների վրա, որոնք կարող են փոխել Հայաստանի զարգացման վեկտորը»,-գրում է աղբյուրը` կանխատեսելով, որ այս ընտրությունները կարող են դառնալ հայկական պետականության նոր սկիզբ:

Հեռանկարում Հայաստանը կարող է ուշքի գալ ռազմական պարտությունից, բայց միայն տնտեսական աճի և միջազգային ասպարեզում դաշնակցային կապերի հաստատման միջոցով, ինչը միակ միջոցն է Լեռնային Ղարաբաղի տարածքների կորստի դեմ, ենթադրում է աղբյուրը:

«Հայաստանում նախընտրական մրցավազքի վերջին օրերը ծավալվում են ամենաբարդ ներքին և միջազգային հակասությունների ֆոնին: Ընտրողները կանգնած չեն սոսկ այն հարցի առաջ, թե որ կուսակցությունը կգա իշխանության: Կարևոր է, որ հունիսի 20-ին հայերը ընտրեն առավել սուր խնդիրների լուծման ուղիներ: Երկիրը կշարունակի՞ Ռուսաստանի հետ մերձեցման ճանապարհը, ինչպես ցանկանում են Քոչարյանի կողմնակիցները, թե՞ կվերադառնա բազմավեկտոր քաղաքականությանը, որին հավատարիմ էր Փաշինյանը: Ի՞նչ հարաբերություններ կստեղծի Հայաստանը հարևանների, «ժառանգական թշնամիներ» Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այս և այլ ցավոտ հարցերին կփորձեն պատասխանել ընտրողները, որոնք այլ ելք չունեն, քան քվեարկել ու ընտրել երկրի զարգացման հետագա ուղին: Այլ տարբերակներ, ներառյալ փողոցի միջոցով իշխանափոխությունը, կարող են միայն սրել քաղաքական ճգնաժամը և Հայաստանը տանել անդունդի եզրին: Ի վերջո, այս նոր խորհրդարանական ընտրությունների իրական գինը, որոնք տեղի են ունենում Հայաստանի նորագույն պատմության ամենադժվար պահերից մեկում, պետականության պահպանումն է»,-եզրափակել է կայքը:

Տեսանյութեր

Լրահոս