Առողջապահության նախարարությունը կրկին ստում է և մոլորեցնում․ Իրականում որքա՞ն է աճել առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորումը Նիկոլ Փաշինյանի իշխանության երեք տարիների ընթացքում

(Կամ՝ թվաբանության հետ խնդիրներ ունեցող որոշ մարդկանց պարզունակ մանիպուլյացիաների մասին)

Օրերս առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում առողջապահության նախարարը հայտարարեց, որ Փաշինյանի կառավարության երեք տարիների ընթացքում առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորումն աճել է 80 տոկոսով։ Դրան հետևեց կառավարության կողմից պատրաստված նախընտրական գովազդային հոլովակը, որը համառոտ ներկայացնում է 2018-2021թթ․ ընթացքում իրականացված ոլորտային բարեփոխումները։ Հոլովակում 80 տոկոսանոց ֆինանսավորման աճը ներկայացված է այսպես․ 2017թ․՝ 86 մլրդ դրամ, 2020թ․՝ 144 մլրդ դրամ։

Այստեղ առաջանում են մի շարք հարցեր, ու դրանցից գլխավորը՝ ո՞ւմ է փորձում էշի տեղ դնել մեր հարգելի կառավարությունը։

Նախ՝ տարրական թվաբանական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է հաշվել, որ 144 մլրդ դրամը 86 միլիարդից ավել է ոչ թե 80, այլ ընդամենը 67.4 տոկոսով։ Բայց գլխավորը այստեղ նույնիսկ դա չէ, այլ այն, թե ինչը ինչի հետ է համեմատվում։

Հենց սկզբից աչքի է զարնում համեմատության համար ընտրված ժամանակահատվածի հետ կապված «փոքրիկ խորամանկությունը»։ Տրամաբանական կլիներ, իհարկե, որ համեմատության համար հիմք ընդունվեր ոչ թե 2017-ի, այլ 2018թ.-ի, այսինքն՝ Կարեն Կարապետյանի կառավարության կազմած վերջին տարեկան բյուջեն, բայց այդ դեպքում եռամյա ժամկետի պահով արդեն պետք է այդ թիվը համեմատվեր ոչ թե COVID-19-ի համաճարակին արձագանքելու պատճառով անսովոր աճ արձանագրած 2020թ.-ի բյուջեի, այլ՝ 2021թ․ համար հաստատված ավելի համեստ ցուցանիշի հետ։

Ու վերջապես՝ երրորդ մանիպուլյացիան․ օբյեկտիվ պատկեր ստանալու համար պետք է համեմատել համադրելի թվերը։ Սովորաբար տարեսկզբին հաստատված բյուջեն տարվա ընթացքում ենթարկվում է բազմաթիվ վերանայումների ու ճշտումների, իսկ փաստացի կատարված բյուջեն միշտ տարբերվում է այդ ցուցանիշներից։ Ստորև բերված տվյալներից պարզ է դառնում, որ 2020թ.-ին առողջապահության ոլորտը պետական բյուջեից փաստացի ֆինանսավորվել է ոչ թե 144 միլիարդ, այլ միայն 141.8 միլիարդ դրամի չափով։

* – 2021թ. ապրիլի 1-ի դրությամբ

Աղբյուր՝ ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվություններ

Այսպիսով, եթե փորձենք պատասխանել խնդրո առարկա հարցին, այն է՝ թե որքան է իրականում ավելացել առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորումը 2018-2021թթ․ ընթացքում, ապա կարող ենք դիտարկել հաշվարկների հետևյալ տարբերակները․

Տարբերակ 1. 2021թ․ տարեսկզբին հաստատված 114.5 մլրդ դրամ բյուջեն 2018թ.-ի նույն ցուցանիշի (84.1 մլրդ․ դրամ) համեմատությամբ՝ աճը 36.1 տոկոս,

Տարբերակ 2. 2021թ․ բյուջեի ճշգրտված ցուցանիշը (117.2 մլրդ դրամ) 2018-ի փաստացի կատարողականի (79.6 մլրդ դրամ) համեմատությամբ՝ աճը 47.2 տոկոս,

Տարբերակ 3. Ընդհանուր առմամբ պետական բյուջեից առողջապահության ոլորտին 2018-2020թթ․ ընթացքում փաստացի տրամադրված ֆինանսավորումը (ներառյալ COVID-19-ով պայմանավորված 2020թ.-ի լրացուցիչ հատկացումները, որոնք այլևս չեն կրկնվի նույն մասշտաբներով հետագա տարիներին)՝ համեմատած դրան նախորդած երեք տարիների հետ (2015-2017թթ.)։ Այս դեպքում կստանանք հետևյալ պատկերը․ 2018-2020թթ․՝ 319 մլրդ դրամ, 2015-2017թթ․՝ 257.9 մլրդ դրամ, աճը՝ 23.7 տոկոս:

Եզրակացություն առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորումը վերջին երեք տարիներին մեր երկրում իրոք որոշակի աճ է արձանագրել, ինչը պայմանավորված է տարբեր գործոններով (դրանց վերլուծությունն առանձին թեմա է), և եթե կառավարությունը փորձեր ներկայացնել իրական պատկերը, ապա այն, իմ կարծիքով, նույնպես որոշակի աճ ցույց կտար։ Այնուհանդերձ՝ ինչ-ինչ պատճառներով, որոնցից գլխավորը, թերևս, սուտ խոսելու արդեն արմատավորված գործելաոճն է, ինչը բազմապատկվել է այս նախընտրական շրջանում, գումարած իրենց սովորական «բառադիությունը», հանրությանը փորձում են թյուրիմացության մեջ գցել օդից վերցրած թվեր «կրակելով», երևի մտածելով, որ դրանց մեջ ոչ ոք չի խորանա․․․

Սամվել Սողոմոնյան

Հ.Գ. Հարգելի իշխանավորներ, մի խաբեք, հիշեք, որ ձեզանից խելոքներն էլ կան, ու շատ կան․․․

Տեսանյութեր

Լրահոս