Հարավային Կովկասում բոլոր խաղացողները «պաուզա» են վերցրել հասկանալու համար՝ ինչպես են դասավորվելու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները․ փորձագետ
Ավարտվեց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի այցը տարածաշրջան` Թբիլիսի-Բաքու-Երևան երթուղով։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ս․թ․ հունիսի 9-ին և 10-ին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի և Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Երևանում մեկ անգամ ևս ընդգծել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ Ըստ դեսպանատան, պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները որպես Մինսկի խմբի համանախագահ՝ պատրաստ է իր մասնակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հարցում և շարունակել պահանջել հայ ռազմագերիների ու գերեվարվածների վերադարձը։ Ֆիլիպ Ռիքերը, ով տարածաշրջանում Հայաստանի դիվանագիտության համար կարևոր ուղերձներ հնչեցրեց, Երևան այցելեց արտասովոր իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում էր, սակայն ընդունեց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային, և երբ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հեռացել է ողջ ղեկավար կազմը՝ նախարարը, փոխնախարարները, և ԱԳՆ-ն մայիսի 28-ից սկսած որևէ գործունեությամբ չի զբաղվում։
Ստացվեց, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ով ամեն տարի չէ, որ նման օրակարգով այցելում է Երևան, և նման դիվանագիտական միջավայրում, Երևանում չհանդիպեց որևէ բարձրաստիճան դիվանագետի, մասնավորապես՝ խոսքը ԱԳ նախարարի և փոխնախարարների մասին է։
Իսկ Ռիքերի օրակարգը բավականին հայամետ էր․ նա թե՛ Բաքվում, թե՛ Երևանում հստակ ուղերձներ հղեց, որ բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն, անհապաղ պետք է վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։
«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին։ Վստահ ենք, որ խմբի մանդատը տակավին չափազանց կենսունակ է, և պետք է վերադառնալ այդ գործընթացին, վերակենդանացնել այդ գործընթացը՝ գործնականում որքան հնարավոր է շուտ անդրադառնալ այս բոլոր հարցերին։ Նաև շատ հստակ արտահայտել ենք մեր հայտարարություններում, նաև պետքարտուղար Բլինքենն է ասել, որ պատրաստ ենք օգնել՝ որտեղ կարող ենք. սահմանազատումը կարևոր քայլ է, որը պետք է արվի։ Այս սահմանը սահմանազատված չէ բազմաթիվ վայրերում։ Նման խնդիրը տարածաշրջանում կամ աշխարհի բազմաթիվ այլ հատվածներում միակը չէ։ Կարող ենք աջակցել տեխնիկական փորձաքննության առումով՝ տեսանկարահանումներ կատարել։ Պատրաստ ենք դա անել, պատրաստ ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների կամ այլոց հետ, եթե անհրաժեշտ է։ Մեր ուղերձը հետևյալն է՝ ցանկանում ենք տեսնել այս հակամարտության հանգուցալուծումը, որպեսզի տարածաշրջանի բոլոր երկրները կարողանան առաջ շարժվել, առաջ նայել՝ կենտրոնանալով անվտանգ, կայուն երկրներ ստեղծելու ուղղությամբ, որոնք ժողովրդավար են և կարող են բարգավաճում ապահովել, ինչը բոլոր մարդկանց ցանկությունն է»,- Երևանում տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարը։
Ինչ վերաբերում է առաջարկին՝ միջազգային դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, Ռիքերն ասել է, որ խաղաղապահ որոշակի մեխանիզմի կամ դիտորդների մասին խոսակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի մի մասն էր, որը տարիների ընթացքում քննարկվել է։ Նրա խոսքով, կարևոր է, որ վերադառնանք գործընթացին և տեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել հակամարտության ավարտին։ Ըստ Ռիքերի, համանախագահները կարող են ստեղծարար լինել՝ աշխատելով երկու կողմերի հետ։
168․am–ի հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ անկախ այն հանգամանքից, թե երբ պետք է տեղի ունենար այս այցը, ներկայումս այն արտահայտեց այս տարածաշրջանի կարևորությունը Բայդենի վարչակազմի համար։ Ըստ նրա, ավելորդ է ասել, որ ԱՄՆ-ը սկսում է անդրադառնալ միջազգային հարաբերությունների բոլոր ուղղություններին․ կնքվում է ԱՄՆ-Մեծ Բրիտանիա Ատլանտյան նոր խարտիա, վերականգնվում է Միջուկային գործարքը, Թուրքիայի և Ռուսաստանի հետ հարաբերությունները որակապես փոխվում են՝ դրանցում դոմինանտ դարձնելով Միացյալ Նահանգների «խոսքը»։ «Պատահական չէ Բայդենի պնդումը, որ ԱՄՆ-ը վերադառնում է, ԱՄՆ-ը վերադառնում է այն քաղաքականությանը, որը կար Օբամայի օրոք»,- նկատեց նա։
Վերլուծաբանի կարծիքով, ընդհանուր առմամբ միջազգային զարգացումները ազդված են ԱՄՆ աշխարհաքաղաքական «ներկայությունից», և կարծես բոլոր խաղացողները, այդ թվում՝ Հարավային Կովկասում, «պաուզա» են վերցրել հասկանալու համար՝ ինչպես են դասավորվելու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։
«Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի և Թուրքիայի մասին է, որոնք սպասում են առաջիկայում Բայդենի հետ բանակցություններին։ Թուրքիայի դեպքում հատկապես ցայտուն է ագրեսիվ հռետորաբանության և քայլերի նվազեցումը, որը պայմանավորված է Ցեղասպանության ճանաչմամբ, Թուրքիայի քայլերի նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքի արտահայտմամբ և սպասվող բանակցություններով, նույնը տեղի է ունենում Ռուսաստանի նկատմամբ, ու այս ամենի ենթանպատակներից է նաև ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վերականգնումը, որը կարևոր գործիք է եղել Միացյալ Նահանգների համար տարածաշրջանում ներկայություն ապահովելու։ Ինչպես երևում է, կտրուկ քայլերի ևս Միացյալ Նահանգները չի պատրաստվում, սակայն կա ցանկություն՝ ինչ-որ կերպ վերադառնալու տարածաշրջան, մասնակցելու գծվող կոմունիկացիոն նոր քարտեզներին, որովհետև ԱՄՆ անուղղակի և ուղղակի շահերը ևս կան այդ ամենում՝ պայմանավորված թե Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ հարաբերություններով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է փոխպետքարտուղարի այցին, նրա խոսքով, բոլոր ուղերձներն ամերիկյան նոր քաղաքականության իրացման բաղադրիչներն են Հարավային Կովկասում։
«Ինչպես ասացի, դրանց բոլորի նպատակը ներկայության վերականգնումն է աշխարհաքաղաքական թատերաբեմում, իսկ պատերազմից հետո Արևմուտքի ազդեցությունը նվազել է»,- ասաց նա։
Ըստ փորձագետի՝ ԱԳ նախարարի ներկայությունը և բանակցությունները կարևոր են, սակայն անկախ այդ ամենից՝ ԱՄՆ-ը իրականացնում է իր քաղաքականությունը։
«Անկախ նաև այդ հանգամանքից, ՀՀ դիվանագիտությունն իր գործը պետք է անի հատկապես հիմա»,- նկատեց նա։