Ինձ համար անակնկալ էր, դատախազությունն է ինքնուրույն որոշել բողոքարկել իմ դեմ մահափորձի բացահայտված կազմակերպիչի ազատ արձակումը.Պարույր Հայրիկյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ մայիսի 27-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ որոշում էր կայացրել։
Պարույր Հայրիկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ պաշտոնական գրություն է ստացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից, որտեղ նշված է, որ ուղարկում են «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննության առնելու մասին» որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա.Խաչատրյանի վերաքննիչ բողոքը:
«Ինձ համար անակնկալ էր, դատախազությունն է ինքնուրույն որոշել բողոքարկել 2013 թ. իմ դեմ մահափորձի բացահայտված կազմակերպիչի ազատ արձակումը։ Ինձ համար ավելի քան ակնհայտ էր, որ գործ ունեինք հերթական պետփտախտային («կոռուպցիոն») դրսևորման հետ, բայց չէի արձագանքել։ Պարզվում է՝ դատախազությունում կան պետության և արդարադատության մասին մտահոգ մարդիկ»,- նշեց ԱԻՄ առաջնորդը:։
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանն արդեն ութ տարի դատապարտված է։ Նա Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձի գործով 2013 թվականի սեպտեմբերին դատապարտվել էր 14 տարի ժամկետով ազատազրկման։
Ըստ քրեական գործի, այն իրականացնելու համար զենք ձեռք բերելու նպատակով հանցակիցներին տվել էր 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել էին միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանն օգտագործել էր 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 և 12 տարի ժամկետով ազատազրկման էին դատապարտվել նաև, համապատասխանաբար, Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը։
7 տարի պատիժը փակ ռեժիմում կրելուց հետո, 2020 թվականի վերջին Վարդան Սեդրակյանի պատժի կրման ռեժիմը փոխվել էր բացի: