ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը կորոշի ՌԴ-ի նկատմամբ համագործակցության և քաղաքականության շրջանակները
ԵՄ-ԱՄՆ առաջիկա գագաթնաժողովում պլանավորվում է համաձայնեցնել ՌԴ-ի նկատմամբ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների քաղաքականության համակարգման շրջանակային ծրագիրը: Այդ մասին, հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Գործակալությունը, որը հնարավորություն է ստացել ծանոթանալ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթին, գրում է, որ «Ռուսաստանի նկատմամբ մեր քաղաքականության եւ գործողությունների համակարգման համար կձեւավորվի ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ բարձր մակարդակով երկխոսություն»:
ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը նաեւ պարտավորություն կստանձնեն՝ համատեղ աշխատել մի ամբողջ շարք սպառնալիքների վրա, որոնք, նրանց կարծիքով, գալիս են Ռուսաստանից: Մասնավորապես, գագաթնաժողովի մասնակիցները Ռուսաստանի իշխանություններին կոչ կանեն պատասխանատվության ենթարկել «նրա տարածքում գործող հաքերական խմբավորումներին, որոնք շորթումով են զբաղվում՝ օգտագործելով հատուկ ծրագրեր եւ կիբեռարժույթներ, այլ հանցագործություններ կատարում կիբեռտարածությունում»:
Միեւնույն ժամանակ նրանք ընդգծել են, որ Մոսկվայի հետ կապուղիները բաց են մնում համագործակցության այն բնագավառներում, որոնք համապատասխանում են երկու կողմերի շահերին:
Բայդենը ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովին կմասնակցի «մեծ յոթնյակի» հանդիպումից եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես հետո: Այնուհետեւ նա կուղեւորվի Ժնեւ, որտեղ պլանավորված է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը:
Ավելի վաղ այս շաբաթ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը մի խումբ նորությունների գործակալությունների հաղորդել է, որ Բրյուսելի գագաթնաժողովը երկու կողմերին հնարավորություն կտա համակարգելու դիրքորոշումները եւ կարծիքներ փոխանակելու Վլադիմիր Պուտինի հետ Ջո Բայդենի հանդիպումից առաջ:
G7-ի երկրների գագաթնաժողովը կանցկացվի Անգլիայի Քոռնուոլի կոմսությունում՝ հունիսի 11-ից մինչեւ 13-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: