
Բայդենը Պուտինի հետ հանդիպմանը շիտակ կլինի իր արտահայտություններում

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շիտակ կլինի իր արտահայտություններում: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։
«Նախագահը (Բայդենը) վաղուց է ծանոթ նախագահ Պուտինի հետ: Նա երբեք իրեն չի զսպել, հայտնելով իր երկյուղները կամ անհանգստությունը, երբ նրանց (Ռուսաստանի իշխանությունների) գործելակերպը չի համաձայնեցվում ժողովրդավարական արժեքների հետ, եւ նա, անպայմանորեն, շիտակ կլինի այդ հարցում եւ այդ հանդիպման ժամանակ»,-Պսաքին լրագրողներին հայտարարել է ճեպազրույցի ընթացքում: Նրա կարծիքով, դա թույլ կտա շարժվել դեպի «ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ»:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը նաեւ հայտնել է, որ լրագրողները կկարողանան նախագահ Բայդենին հարցեր տալ Ժնեւում կայանալիք հանդիպումից հետո: «Եվ մենք, իհարկե, հույս ունենք, որ դուք նույնպես հնարավորություն կունենաք հարցեր տալու նախագահ Պուտինին: Թե ինչ տեսք կունենա այդ ձեւաչափը, մենք կիմանանք առաջիկա մի քանի օրերին: (…) Ամեն բան դեռ քննարկվում է»,-հավելելէ նա:
Պուտինի հետ Բայդենի բանակցությունները կանցկացվեն հունիսի 16-ին Ժնեւում: Բայդենը հունիսի 9-ի երեկոյան ԱՄՆ-ից ժամանել է Մեծ Բրիտանիա՝ այդպիսով սկսելով իր եվրոպական ուղեւորությունը: Ժամանելուց հետո ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ մտադիր է բանակցությունների ժամանակ Պուտինին նախազգուշացնել ժողովրդավարական երկրների ինքնիշխանության խախտման անթույլատրելիության եւ նման միջամտության հետեւանքների մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: