Ժողովուրդը պատկանում է իշխանությանը
«Իշխանությունը պատկանում է ժողովրդին», «Այս ընտրություններով ձեզ ենք վերադարձնելու ձեզ պատկանող իշխանությունը», «Իշխանությունը ոչ թե հարթակում կանգնածներն են, այլ հրապարակում հավաքվածները»․․․ Սրանք ստանդարտ արտահայտություններ են Նիկոլ Փաշինյանի նախընտրական ռեպերտուարից։ Սրանք արտահայտություններ են, որոնք հնչում են նրա ելույթների այն հատվածների սկզբնամասում կամ վերջում, որոնցում նա բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով անարգում է ժողովրդին։
Բառամթերքը, որով Նիկոլ Փաշինյանը հարաբերվում է հասարակության հետ, անարգանք է՝ բառի ամենամեղմ իմաստով։ Ինչպես որ անարգանք է հիստերիկ առոգանությամբ անհեթեթությունների արտաբերումն այնպիսի մատուցմամբ, որ հավաքված ամբոխը ծափահարի դրանց՝ դառնալով այդ անհեթեթությունների մեղսակիցն ու հանցակիցը։
Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով նսեմացնում է հասարակությանը՝ պայմանով, որ նսեմացման ամեն մի ակտի սկզբում կամ վերջում հիշատակում է «ժողովրդի իշխանության մասին»։
Ժողովրդին դա դուր է գալիս մոտավորապես այնպես, ինչպես հալվում է դավաճան ամուսնու կինը՝ դավաճանության ամեն մի ակտին հաջորդող սիրո խոստովանությունից։
Ժողովուրդը, ահա, անզգայացնող թմրանյութի նման ընդունում է Նիկոլ Փաշինյանի սիրո խոստովանությունը ու տրվում նվաստացման հերթական արարին։
Իրականում Նիկոլ Փաշինյանն իր ամեն մի քայլով ու հայտարարությամբ, ժողովրդի նկատմամբ ոչ թե դեկլարատիվ, այլ բովանդակային վերաբերմունքով ապացուցում է, որ Հայաստանում ոչ թե իշխանությունն է պատկանում ժողովրդին, ինչպես ինքնախաբեորեն գրված է Սահմանադրությունում և ինչպես հայտարարում է նա էքստազային ձայնով, այլ ժողովուրդն է պատկանում իշխանությանը։
Նիկոլ Փաշինյանը հասարակության հետ վարվում է հենց այդ կերպ՝ սեփականատիրոջ իրավունքով, որովհետև որևէ այլ պարագային նա չէր կարող իրեն թույլ տալ մարդկանց հոգիներն ու մտքերը խեղել այնպես ու այնքան, որքան անում է հատկապես քարոզարշավի մեկարկից ի վեր։
Ժողովրդի առնվազն ինչ-որ հատվածի ակնհայտորեն դա դուր է գալիս, հնարավոր է՝ այդ հարցում գործում է ստոկհոլմյան սինդրոմը՝ զոհերը սկսում են սիրով վերաբերվել իրենց ագրեսորին։
Հասարակություններն ավելի կամ պակաս չափով գործում են մարդու մոդելով, որովհետև հանրությունն ինքնին մարդկանց, անհատների հավաքականություն է։ Դա նշանակում է, որ հասարակություններին կարող են բնորոշ լինել՝ ինչպես բոլոր մարդկային առաքինություններն ու արժանիքները, այնպես էլ՝ արատներն ու հիվանդությունները։
Եթե առաքինությունների՝ «ժողովրդի իմաստնության», «հասուն ժողովրդի», «չսխալվող ժողովրդի» մասին խոսելն ընդունված է ու տոկոսաբեր հատկապես նախընտրական շրջաններում, ապա հանրային ախտերի մասին գրեթե որևէ մեկը չի խոսում ու դրանց բուժման ուղիներ չի առաջարկում․դա շահավետ չէ հանրությանը սիրաշահելու տեսանկյունից։ Մինչդեռ հասարակության հիվանդությունները պետք է ճշգրտորեն ախտորոշել ու փորձել առողջացման ուղիներ գտնել, այլապես դրանց մասին լռելով՝ հիվանդությունները ոչ միայն չեն բուժվելու, այլ ավելի են խորանալու։
Թե հատկապես ինչ բնույթի ու ինչ խորությամբ է հիվանդ մեր հասարակությունը, առավել ճշգրտորեն կգնահատեն մասնագետները․ հնարավոր է՝ առկա են աֆեկտի նշաններ, բացառված չէ՝ տեղ ունեն շիզոֆրենիայի հատկանիշները, գուցե կան երկբևեռ խանգարման՝ դեպրեսիայի կամ մեծամոլության ախտանիշներ։
Ինչպես կարճաժամկետ, այնպես էլ ու առավել ևս՝ երկարաժամկետ կտրվածքով պետությունն ու հասարակությունը չեն կարող զարգացման հեռանկար ունենալ, եթե չտրվեն հանրային հոգեբանության խեղման ստույգ ախտանիշներն ու դրանց հաղթահարելու ուղղությամբ քայլեր չկատարվեն։
Այդ առումով ընտրությունները դրական հնարավորություն են տալիս, քանի որ դրանք որոշակիորեն նման են նոպաների, որոնց ընթացքում առավել ցայտուն են արտահայտվում հիվանդության ախտանիշները։
Մյուս կողմից, սակայն, գոնե այս ընտրությունները հիվանդության բուժման որևէ հեռանկար չեն խոստանում, որովհետև դրանց մասնակցում են ոչ թե առողջացման նպատակ ունեցող բժիշկներ, այլ կեղծ հեքիմներ, որոնք ձայն շորթելու դիմաց համոզում են, որ հասարակությունը ոչ միայն հիվանդ չէ, այլև իմաստուն է ու ճշմարտագետ։
Դա ամենամեծ սուտն է, որը նախընտրական շրջանում վաճառվում է՝ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» մեղմասացության միջոցով «ժողովուրդը պատկանում է իշխանությանը» սկզբունքն իրականություն դարձնելու համար։