Փաշինյանը ստում է, նա կրճատել է ռազմական բյուջեն, եթե 190 միլիոնանոց ՍՈւ-երը, հանենք, ապա նախորդների համեմատ ավելի քիչ են ծախսել. Հրանտ Միքայելյան

Արագածոտնի մարզում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանն այսօր Թալին գյուղում խոսել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերն իր ստորագրած կապիտուլյացիայի հայտարարության մասին՝ ընդգծելով, որ 2008-ից մինչև 2017 թվականները Ադրբեջանի ռազմական բյուջեն եղել է շուրջ 26 միլիարդ դոլար, Հայաստանինը՝ 4 միլիարդ դոլար։ «Եվ այդ ընթացքում Հայաստանն իր ռազմական բյուջեով շուրջ 3.7 անգամ զիջել է Ադրբեջանին: Հիմա, երբ որ մենք ասում ենք՝ հող հանձնել, երբ որ մենք ասում ենք՝ կապիտուլյացիա, բա կապիտուլյացիան ուրիշ ո՞նց է լինում: Բա, որ խոսում ենք տնտեսական աճերի, հրաշքների մասին, բա ինչպե՞ս է, որ այդ նույն ժամանակաշրջանում ՀՀ ռազմական բյուջեն ադեկվատ աճ ցույց չի տվել: Այստեղ է, որ արտահայտվում է հող հանձնել-չհանձնելը, կապիտուլյացիայի ենթարկվել-չենթարկվելը»,- մի քանի տասնյակ աջակիցների ներկայությամբ հայտարարել է Փաշինյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների միջև առկա տարբերությունը կապիտուլյացիա համարող Փաշինյանի ասածները քաղաքագետ Հրանտ Միքայելյանը որակեց ոչ թե մանիպուլյացիա, այլ բացարձակ սուտ։

«Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների համեմատությունը կապիտուլյացիա համարելն անլուրջ ու ոչ մասնագիտական մոտեցում է, որովհետև Հայաստանի խնդիրը մշտապես եղել է ոչ թե Ադրբեջանի ծախսածին համահունչ գումար ծախսելը, այլ Ադրբեջանին զսպելը, ինչն էլ արել ենք 25 տարի շարունակ»,- ասաց Միքայելյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը հարձակվող կողմ է եղել և, բնական է, որ հարձակվող կողմը միշտ էլ ավելի շատ է ծախսում, և պարտադիր չէր, որ պաշտպանվող Հայաստանը Ադրբեջանի ծախսին համահունչ ծախս աներ։

«Բացի այդ՝ Ադրբեջանը զենք է կուտակել ոչ միայն Հայաստանի սահմանների դեմ ուղղելու, այլ նաև իր երկրի սահմաններն այլ պետություններից պաշտպանելու համար։ Սրանից բացի, Ադրբեջանը զենք է գնել շուկայական գներով, իսկ Հայաստանը՝ ներքին գներով, երկու անգամ ավելի էժան, 50 տոկոսով էժան, որոշ դեպքերում՝ ջարդոնի գնով մենք գնել ենք հսկայական որակյալ սպառազինություններ, հետևապես՝ Փաշինյանի ասածը բացարձակ սուտ է, սա իրականությունից շեղում է 180 աստիճանով»,- ասաց քաղաքագետը։

Հրանտ Միքայելյանն անդրադարձավ նաև Փաշինյանի հրապարակած այն վիճակագրությանը, ըստ որի, վերջին երեք տարում մենք ռազմական ծախսերի նպատակներով կրկնակի գումար ենք ծախսել, քան ծախսվել է 1998-2007 թվականներին, որ ռազմական նպատակներով մոտավորապես ծախսել ենք վերջին 10 տարվա ծախսածի 70 տոկոսը, իսկ 2011-2020 թվականը ՀՀ ձեռք բերած զենք-զինամթերքի շուրջ 62 տոկոսը ձեռք է բերվել միայն 2019-ին, իսկ 2018-2020 թվականների ընթացքում ձեռք է բերվել 2011-2020 թվականներին ՀՀ ձեռք բերած զենք-զինամթերքի 75-80 տոկոսը։

Միքայելյանի խոսքով՝ բերված այս թվաբանության մեջ շատ կարևոր է հասկանալ հայկական կողմի արած ծախսի արդյունավետությունը։

«Փաշինյանի գալուց հետո 190 միլիոն դոլար Սու 30 են գնել, եթե 190 միլիոնը հանում ենք, ապա Փաշինյանի ժամանակ ռազմական բյուջեն եղել է այն չափով, ինչ չափով նախատեսել էր նախորդ իշխանությունը։

Այստեղ ավելացել է Հորդանանում գնված 60 տարվա հնացած Օսա ԱԿ-ները, որոնք պատերազմի առաջին օրերին են ոչնչացվել։ Այնպես որ, այն գնման պլանը, որոնցով նախատեսվում էր տարբեր զինատեսակներ, դրոններ, պաշտպանության միջոցներ, կեղծ թիրախներ գնել, Փաշինյանի իշխանությունը փոխեց, հետևաբար, եթե նայում ենք իրական թվաբանությանը, ապա 2017 թվականի ռազմական բյուջեն կազմել է 294 միլիարդ դրամ, իսկ 2018 թվականին 238 միլիարդ դրամ է, հետևաբար՝ իրականում ռազմական ծախսերը Փաշինյանի օրոք կրճատվել են։ Կրկնում եմ, Փաշինյանն այս հարցով 180 աստիճանով սխալ է ուղղորդում մարդկանց»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս