Ասում էին՝ մի քանի միլիոն դոլարանոց տուն է․ Կանադահայ գործարարին ուղարկել են Կանադայում Փաշինյանի հավանական տան լուսանկարը
Կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը երեկ ֆեյբուքում տեղադրել էր Կանադայում գտնվող մի տան լուսանկար, որը գործարարի պնդմամբ Նիկոլ Փաշինյանի սեփականությունն է։
Հրաչ Ջաբրայանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրարանցում առաջացրած այս նորությունը Կանադայի հայ համայնքի համար ամենևին նորություն չէ։
«Արդեն մեկ-երկու տարի է՝ համայնքում լուրեր են շրջանառվում, որ իրենք տուն են վերցրել Տորոնտոյի արվարձաններից մեկում, սակայն երբեք ստույգ տեղեկություններ չեն եղել, թե տունը որտեղ է․ ուղղակի մարդիկ ասում էին, որ տունը վերցրել են և որ միքանիմիլիոնդոլարանոց տուն է։ Մի քանի օր առաջ միայն ինձ ուղարկեցին այդ լուսանկարը շատ վստահելի աղբյուրներից։ Դժբախտաբար, հասցեն վրայից հանել են (Կանադայում օրենքները խիստ են․ եթե հանկարծ ուրիշի տունը հասցեով նշես, ոստիկանության հետ հնարավոր է խնդիրներ լինեն) , և չեմ կարող հստակ նշել, թե տունը որտեղ է»,-ասաց կանադահայ գործարարը՝ նկատելով, որ ինքը նույնպես փորձում է հստակեցնել տեղեկությունը և այլ փաստերի տրամադրման դեպքում՝ դրանք ևս կտեղադրի ֆեյսբուքում։
Նկատենք՝ Փաշինյանն ընդամենը երեկ էր հայտարարել, որ 2018-ից հետո իր ընտանիքի նյութական վիճակը վատացել է, և ինքը հպարտ է այդ փաստով․ Հրաչ Ջաբրայանի համար Փաշինյանի այս և այլ հայտարարությունները, սակայն, պոպուլիզմի դրսևորումներ են․ «Մարդը պոպուլիստ է։ Նա վարչապետ լինելու կարողություն չունի․ մաքսիմում՝ գլխավոր խամաճիկ կլինի մի տեղ։ Նա շահագործում է իր վարչական ռեսուրսները․ ման է գալիս հազարավոր ոստիկաններով, ինչը հարկ վճարողների հաշվին է։ Գուցե մտահոգված է․ տեսնում ենք, ընդդիմությունը լուրջ ծրագրերով է հանդես գալիս, իսկ ինքը զբաղված է ընդդիմության անհատներին, ղեկավարներին մեղադրանքներ ուղղելով։
Գիտեք, ինձ համար հստակ էր՝ 2018-ին փոփոխություն ուզեցինք, բայց այդ փոփոխությունից մեկ ամիս անց արդեն պարզ էր՝ մենք գնում ենք դեպի անդունդ»։
Ի դեպ, Հրաչ Ջաբրայանի գրառման մեկնաբանություններից մեկից էլ տեղեկանում ենք, որ հիշյալ տունը Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել Արսինե Խանջյանի միջնորդությամբ։