Կես միլիոն դոլար ունեցող մեծահարուստին Կառավարությունը բյուջեից աջակցություն է տալիս, որ ի՞նչ անի. Գառնիկ Պետրոսյան

Կառավարությունը հունիս 3-ի նիստում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիր է հաստատել, ըստ որի, նախատեսվում է խթանել տարեկան շուրջ 500 հեկտար խաղողի, հատապտղի և պտղատու ծառերի ինտենսիվ այգիների հիմնմանը, ինչպես նաև՝ տարեկան շուրջ 300 հեկտար տարածքում ոռոգման արդիական համակարգերի, ջրավազանների կառուցման, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և 2022 թվականին՝ շուրջ 50 հեկտար, իսկ 2023 թվականին՝ շուրջ 100 հեկտար ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման աշխատանքներին:

Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ Կառավարությունն ամեն հեկտարի համար մինչև 50 տոկոս ներդրված գումարը հետ է վերադարձնելու ներդրողին՝ մինչև 10 հեկտար այգիների համար, իսկ եթե 10 հեկտարից ավելի է՝ ապա պետությունը կսուբսիդավորի բանկի տոկոսագումարը։ Նշենք, որ, օրինակ, 10 հեկտար ինտենսիվ այգի հիմնելու համար պահանջվում է 200-250 միլիոն դրամ, որի 50 տոկոսը ներդրողին պետությունը պարտավորվում է կվերադարձնել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Կառավարության ընդունած որոշման վերաբերյալ ասաց, որ դա որոշում է՝ ընդամենը մի քանի հարուստի համար, և անհասանելի է դառնալու փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների համար։

«Այս ծրագիրն այլ պարամետրերով ընդունվել է դեռևս նախորդ Կառավարության ժամանակ, սակայն հաջողության չի հասել. իհա՛րկե, գաղափարը շատ լավն է, որովհետև ավանդական գյուղատնտեսությունը չի կարող բարձր հավելյալ արժեք ստեղծել, բայց այն չափորոշիչները, որոնք այս Կառավարությունը դրել է արդեն իսկ գործող և հաջողություն չարձանագրած ծրագրում, այս որոշման արդյունավետությունը հասցնում է զրոյի։ Այն թանկ հաճույք է մեր հարյուր-հազարավոր գյուղացիների համար, որովհետև օգտվելու համար գյուղացուն պետք է մեկ հեկտարի համար մոտավորապես 60 հազար դոլարի ներդրում. Այսինքն՝ գյուղացին նախ այդքան գումար պետք է ներդնի, որի 50 տոկոսը պետությունը նրան հետ կվերադարձնի։

Որտեղի՞ց գյուղացուն այդ գումարը, չէ՞ որ նրանք այսօր վարկունակ չեն։ Ստացվում է՝ այս ծրագիրը շարքային գյուղացուն հասանելի չի լինելու և սրանից օգտվելու են այն տնտեսվարողները, որոնք փող ունեն։ Նախորդ տարիների շահառուների գնահատականներն էլ եթե նայենք, ընդամենը մի քանի տնտեսվարող է կարողացել օգտվել նախորդ Կառավարության ընդունած որոշումից»,- ասաց նախկին փոխնախարարը։

Նրա գնահատմամբ՝ Կառավարությունը մինչև 200 հեկտար այգու հիմնման համար սուբսիդավորում է տնտեսվարողի վերցրած վարկերը՝ պետբյուջե վճարված հարկատուի վճարած հարկերից, արդյունքում ստացվում է, որ Կառավարությունը քաղաքացու վճարած հարկով սուբիսդավորում է մինչև կես միլիոն դոլար ունեցողին, որը հիմնում է, ասենք, 200 հեկտար այգի, թեև պարզ է, որ այդքան փող ունեցողն այդ սուբսիդիայի կարիքը չունի էլ։

«Կես միլիոն դոլար ունեցող մարդու ինչի՞ն է պետք լինելու, որ Կառավարությունը սուբիդավորի այդ գումարը։ Այսքան տարվա փորձ ունեմ և ես չեմ ճանաչում մի գյուղացու, որը կկարողանա անգամ մինչև 10 հեկտար այգի հիմնել, որովհետև ավելին հիմնելու համար վարկունակ չեն ու միջոցներ չունեն, հետևաբար՝ ընդունվածը որոշում է մեծահարուստ տնտեսվարողների համար։ Ես չեմ հասկանում պետբյուջեից մեծահարուստներին սուբսիդավորելու իմաստը, և դա՝ այն դեպքում, երբ մենք ունենք ընդհանուր 320 հազարը գերազանցող գյուղացիական տնտեսություններ՝ փոքր և միջին։ Չեմ հասկանում՝ կես միլիոն դոլար ունեցող մեծահարուստին Կառավարությունը բյուջեից աջակցություն է տալիս, որ ի՞նչ անի»,- ասաց Պետրոսյանը։

Ըստ նախկին փոխնախարարի, եթե պետության կայացրած որոշումը մասշտաբային էֆեկտ չի ապահովում, դրա շահառուների թիվը մեծ չի լինելու, ապա այն ոլորտում որևէ զարգացում չի ապահովելու.

«Կրկնում եմ՝ այս ծրագիրը նախկինում ևս եղել է, այն ժամանակ այն փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին մատչելի դարձնելու խնդիր կար, հիմա նույն ծրագիրը փոխել, ծավալները մեծացրել են, և ստացվում է՝ մինչև 200 հեկտար այգի հիմնողին՝ կես միլիոն դոլարի ներդրման ունակություն ունեցող մեծահարուստ տնտեսվարողին, նման հարկային արտոնություն են տալու։ Ինձ համար սա անտրամաբանական է, որովհետև մեր գյուղացիական արտադրանքի 90 տոկոսն ապահովում են փոքր և միջին տնտեսվարողները, որոնց համար չէ այս ամենը»,- ընդգծեց Գառնիկ Պետրոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս