«Նիկոլն ասում էր՝ 25.000-30.000 մարդ եմ փրկել, բա որ այդքան մարդ կար, 5000 հոգի ուղարկեիք՝ Շուշին պահեին, դա պլանների մեջ չէր մտնո՞ւմ». Վահագն Շուշանյան

Այս տարվա մարտի 4-ին ՊՆ շենքի մոտ հավաք էին կազմակերպել 2001–2005 թվականներին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ղեկավարած ՀՀ ՊՆ N զորամասի նախկին զինծառայողները, սպաները, նրա զինակից ընկերները՝ ի աջակցություն գեներալի, երբ Նիկոլ Փաշինյանը գեներալ Գասպարյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու առաջարկություն ներկայացրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Հավաքի նախաձեռնությունը ծնունդով Իջևանից պահեստազորի մայոր, գործարար Վահագն Շուշանյանինն էր:

Ավելի վաղ՝ փետրվարի 25-ին, Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը: Զինված ուժերի հայտարարության մեջ ասված էր․ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»։

Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկիրը կառավարել, անվտանգային նոր ռիսկեր ստեղծել, հայտարարության տակ ստորագրած ՀՀ ԶՈՒ ԳՇ գեներալները և բարձրաստիճան զինվորականները, ըստ էության, ևս՝ գրեթե բոլորը, շարունակում են իրենց ծառայությունը: Իսկ ԳՇ պետի պաշտոնում գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով Արտակ Դավթյանը փոխարինեց, իսկ Գասպարյանը մինչ այժմ դատական գործընթացների մեջ է, և նրան շարունակում են մեղադրել, թե կարող էր կտրուկ քայլերի գնալ և չգնաց:

168.am-ի հետ զրույցում Վահագն Շուշանյանը, ով մասնակցել է արցախյան առաջին և վերջին պատերազմներին, և գեներալ Օնիկ Գասպարյանի մարտական ընկերն է մոտ 25 տարի, ակնարկում է՝ զուտ մարդկային տեսանկյունից հենց իր մոտ էլ նման հարց և պահանջ է ծագել, մյուս կողմից՝ լավ իմանալով գեներալին, գիտեր՝ նա երբեք արյունահեղության կամ դրան տանող քայլերի չէր գնա:

– Ուզում եմ, որ մենք հարցին նաև մեկ այլ կողմից նայենք. Օնիկ Գասպարյանը չվախեցավ «խաչ քաշել» իր կարիերայի վրա, 32 տարի ծառայել է հայրենիքին, կարող էր, չէ՞, չանել այդ հայտարարությունը, շարունակել լռել՝ մտածելով, որ գուցե վաղը-մյուս օր մի բան փոխվի: Իսկ մինչ այդ մնացել է հանուն բանակի, չի ցանկացել բանակին մենակ թողնել:

Ավելին, ամեն կերպ այդ ընթացքում փորձել է բանակին հեռու պահել քաղաքական գործընթացներից: Գիտեք՝ տարաձայնություններ չե՞ն եղել ղեկավարության հետ: 25 տարի ես ճանաչում եմ Օնիկ Գասպարյանին, իր հետ կապված ամեն բան, այսպես ասած, իմ կողքով է անցել, նույն զորամասում ենք ծառայել:

Այսինքն, շատ լավ գիտեմ իր հայրենասիրությունը: Ինքն իսկականից լեգենդար զինվորական է: Նա բանակը չի թալանել, նյութական հարստություն չի ստեղծել, մի հատ բնակարան ունի: Պարզ, մաքուր զինվորական է: Իր հետ կապված շատ դեպքեր կան, բայց հիմա մեկը հիշեցի. 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, գեներալի կոչում էր ստացել, իրենց տանը նստած էինք, Օնիկը կողքս էր նստած, մեկ էլ մի հաղորդագրություն է գալիս իր հեռախոսին՝ «գեներալ ջան, ես էլ եմ շնորհավորում…», և էլի մի քանի լավ բառեր, վերջում էլ գրել էր, թե իրեն գեներալը գուցե չհիշի, բայց ինքը իրեն հիշում է: Օնիկ Գասպարյանի զինվորներից էր:

Օնիկին ասում եմ՝ սա է քո արածի իսկական գնահատականը, երբ քեզ քո զինվորն է շնորհավորում և ուրախանում, որ գեներալի կոչում ես ստացել: Թե չէ՝ մոտ մարդիկ, ընկերները կարող են սեղանի շուրջ կենացներ ասել, բայց իսկական գնահատականը զինվորի գնահատականն է:

Ավելին, գեներալի կոչում ստանալու օրը, երբ արդեն գեներալական ուսադիրներով էր, 10-15 րոպե հետո իմանում է, որ դիվերսիայի փորձ է եղել ադրբեջանական կողմից, միանգամից կիտելը հանում է, բուշլատը հագնում և շտապում դիրքեր, ամբողջ գիշեր էլ մնում է այնտեղ:

Ինքը շատերի համար զինվորականի օրինակ է եղել, էտալոն: Ինչ վերաբերում է կտրուկ քայլեր անելուն՝ հրաժարականի պահանջի շրջանակում, ինձ ասել է՝ ես 32 տարի ծառայում եմ և չեմ գնա մի քայլի, որի արդյունքում ժողովրդին մի բան լինի: Հայտարարության մեջ էլ նախազգուշացրել էր՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Իսկ սրանից ապահովագրված չէինք: Ինքը գտնում էր, որ նոր պետության հիմք պիտի դրվի, բայց ոչ այս ճանապարհով՝ արյունով: Այսինքն, Օնիկ Գասպարյանի համոզմունքն էր, որ երբեք ուժային մեթոդի չի դիմի, ինչ-որ բան կիրառի՝ տանկեր, չգիտեմ ինչ: Դա միշտ իր մոտ եղել է: Բանակը հայտարարություն արեց և պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նշելով, որ համաձայն չէ նրա վարած քաղաքականության հետ: Մնացածը պիտի օգտագործվեր:

– Բանակը, գեներալները գործող իշխանությունները ժամանակ առ ժամանակ թիրախավորում են, պատերազմի պարտությունը նրանց վրա է միայն բարդվում:

– Բանակում սխալներ եղել են նաև նախկինում, պարզապես հիմա բոլոր ազգային արժեքները զրոյին հավասարվեցին, այդ թվում՝ բանակը, բանակի իմաստը, գեներալներին փորձեցին նսեմացնել: Լավն էին, վատն էին, այլ հարց է: Մանվել Գրիգորյանն իմ բրիգադի հրամանատարն է եղել Մարտակերտում, ես իր լավն էլ, վատն էլ տեսել եմ: Բայց այս պատերազմից հետո հասկացա, որ միայն այդ միջոցներով կարելի էր առաջնորդվել, ինչն արել է Մանվելը պատերազմի ժամանակ, Ժուկովը: Թե չէ՝ պատերազմի օրերին պայմանագրայիններով լի ավտոբուսի դիմացը հարազատները փակում են, և դրա համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Կրկնում եմ՝ շատ սխալներ եղել են նախկինում, պարզապես հիմա հետևողականորեն բանակի դերը զրոյացրին, թե՝ բանակ մեզ պետք չի, «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա` ինչների՞ս ա պետք զինվոր»: Կամ՝ իշխանություններն ասում են՝ Տավուշում ադրբեջանական գյուղեր կան, անկլավներ, մինչդեռ դրանք չեն եղել ադրբեջանական տարածքներ: Երկրորդ՝ դուք երբևէ լսե՞լ եք, որ Ադրբեջանի մի պաշտոնյա, պատգամավոր ասի՝ Արծվաշենը հայկական տարածք է եղել: Կամ լսե՞լ եք, որ Թուրքիայի մի պատգամավոր ասի՝ Վանը, Բիթլիսը հայկական են:

Նման բան չի կարող լինել, հաջորդ օրը կգնդակահարեն, որովհետև ազգայինը նրանց համար առաջնային է: 50 տարի հետո ոչ ոք չի ասելու՝ Ալիևի ժամանակաշրջանում խոսքի ազատության գործակիցն Ադրբեջանում ոչ թե 10 էր, այլ հինգ, բայց ասելու են, որ հաղթել է: Մեզ մոտ ասում են՝ այս տարածքները, որ տանք, խաղաղություն կլինի, դա հիմարություն է: Եթե խաղաղությունը տարածք տալով է, բա այդքան ազատագրված տարածքները տվեցինք՝ Հորադիզից մինչև Մեղրի, նաև՝ Շուշին և Հադրութը, ինչի՞ եկան նորից մտան Սյունիք: Բա տվել ենք, ինչի՞ խաղաղություն չկա, որովհետև սա ընդամենն արդարացում է իրենց հակապետական քաղաքականության: Ես կարծում եմ՝ զրոյից պետություն պիտի կառուցենք, զրոյից բանակ պիտի ստեղծենք: Մեզ այսօր պրոֆեսիոնալ բանակ է պետք, կանոնավոր պրոֆեսիոնալ բանակ: Սրան գումարած՝ աշխարհազոր, հայրենասեր հասարակություն: Իհարկե, սրա համար հզոր տնտեսություն է պետք: Կամ՝ եղած լավի վրա պիտի կառուցենք այս ամենը, ճիշտ մարդկանց, ճիշտ տեղերում պիտի նշանակել: Եթե, իհարկե, մենք ուզում ենք պետություն ունենալ: Մենք 2 ճանապարհ ունենք՝ արևմտյան և ռուսական:

– Որտե՞ղ են շատ սպասում, ո՞րն է ձեռնտու մեզ, մեր շահերին համապատասխան:

Նախ՝ մեր արևմուտքում Թուրքիան է, հիմա մենք խոսում ենք սահմանները բացելուց, իսկ իրենց գերնպատակը «Մեծ Թուրան»-ի ծրագիրն է: Եվ այս պահին Թուրքիայի, Արևմուտքի և մեծ խաղացողների շահերը համընկնում են: Այսինքն, Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին ձեռք է տալիս սա. Վրաստանից սկսած, Իրանի հյուսիսային հատվածը (որտեղ էլի ադրբեջանցիներ են բնակվում), Կասպից ծովով մինչև Չինաստան՝ ույղուրներ, թուրքալեզու են: Այսինքն, մեծ պետություն է սարքում, որը հակակշիռ է առաջին հերթին ՌԴ-ին՝ հյուսիսում, արևելքում՝ Չինաստանին, հարավում՝ Իրանին: Այլ կերպ՝ ՆԱՏՕ-ի բանակի ներկայությունն է լինելու, և փորձելու են այդ երեք պետությանն իրենց ազդեցության տակ պահել՝ հետագայում հնարավոր առաջխաղացման նպատակով՝ Թաթարստան, Բաշկիրիա:

Կրկնում եմ՝ Թուրքիայի հետ վերը նշված մեծ խաղացողների շահերը համընկնում են, իսկ Հայաստանն այնքան փոքր է: Թուրքիային, Ադրբեջանին պետք չի, որ Երևանը ուժով գրավեն, կանեն այնպես, ինչպես Վրաստանում, որտեղ թուրք-ադրբեջանական կապիտալով հսկայական շենքեր են կառուցվում, և իրենց բիզնեսմեններին ստիպում են ապրել այդ շենքերում, բնակեցնեն: Նույն բանը Հայաստանում է կատարվելու: Սահմանները բացելուց հետո գալու են և շենքեր են կառուցելու, ապրելու, ընտանիքներին են բերելու, շատ երեխաներ են ունենալու, հետո թե՝ բա մեր հավատքը, մի հատ մզկիթ չսարքե՞նք, հետո դպրոց, դրոշը մի տեղ տեղադրել և այլն: Այս ձևով գալու են և կամաց-կամաց գրավելու են Երևանը, Հայաստանը, և Երևանը դառնալու է կիսամահմեդական քաղաք: Այսօր ասում են՝ 100 տարի առաջ ուրիշ էր, թուրքն այսօր քաղաքակիրթ է: Ոչ մի բան ուրիշ չի, Թուրքիայի պլանները չեն փոխվել: Շարունակելով վերևում արտահայտված միտքը, ասեմ՝ ՌԴ-ի հետ պետք է դաշնակցային հարաբերությունները ամրապնդել:

– Իշխանություններն ուղղակի կամ անուղղակի դժգոհում են ՌԴ-ից՝ որպես դաշնակից: Ի՞նչ պիտի աներ, որ չի արել:

– Ախր մենք ինչի՞ ենք փորձում մեր խնդիրները բարդել ուրիշի վրա: Մենք՝ ինքներս, ի՞նչ ենք անում, որ մեր խնդիրները լուծենք: Հիմա ասենք՝ ես տեսնում եմ, որ դուք փորձում եք ջազվեն վերցնել և սուրճը լցնել, բայց ձեր ուժը չի հերիքում, ես օգնում եմ, իսկ եթե դուք ընդհանրապես ոչինչ չեք ուզում անել, ինչո՞վ օգնեմ: Այսինքն, դու սպասում ես, որ ես քո սուրճը լցնեմ և մատուցեմ, և ոչ թե օգնեմ՝ վերցնես ջազվեն և լցնես, հետո էլ ասես՝ կարող էիր շատ լցնել, բայց մի քիչ պակաս լցրեցիր բաժակը․․․ Անդրադառնանք պատերազմին, դու ոչինչ չես անում, որ այն կանգնեցվի ժամանակին, չես լսում մարդկանց, հետո ուրիշից նեղանում ես:

Նիկոլն ասում էր՝ 25.000-30.000 մարդ եմ փրկել, բա որ այդքան մարդ կար, 5000 հոգի ուղարկեիք՝ Շուշին պահեին, դա պլանների մեջ չէր մտնո՞ւմ: Օրական ինչքան «Բայրաքթար» էր թռնում Թուրքիայից՝ ներկը դեռ չչորացած, անմիջապես գործարանից, բա աշխարհը թող կանգներ, ասեր՝ ի՞նչ եք անում:

Այսօր դրել ենք, մենակ բանակին ենք մեղադրում: Ռազմական դրություն էր հայտարարված, բայց մեզ չհաջողվեց քաղաքացիական կյանքը տեղափոխել ռազմական ռելսերի վրա, ժողովուրդը պիտի կանգներ, իսկ դրա համար պիտի հավատար իր ղեկավարությանը:

Այսօր մենք մեր ղեկավարների հետ կապված հակառակումն ենք համոզված, նրանք ուզում են տարածքներ տալ, սահմանները բացել, իրենք հավատում են, որ թուրքը փոխվել է: Բայց նման բան չի կարող լինել: Մեզ պետք է ուժեղ ղեկավար, ուժեղ բանակ, ուժեղ տնտեսություն, բայց պիտի մինչ այս հավատք լինի ղեկավարի հանդեպ:

– Դուք խոսեցիք հավատքից, մենք տեսանք, որ գեներալների նկատմամբ մարդկանց հավատքը կորավ, որովհետև լուռ են, իներտ, ընդ որում՝ սա վերաբերում է լավագույն և հարգված գեներալներին:

– Նրանց նկատմամբ հավատքը չի կարող կորել:

– Գեներալ Գասպարյանի նկատմամբ մարդկանց հավատքը չի կորե՞լ, գուցե ոչ բոլորի, բայց…

Մեր հավատքն ինչո՞վ է կորել, որ ինքը չի գնացել ուժային միջոցների՞: Նրանց հավատքն է կորել, ով չի ճանաչում գեներալին մոտիկից, չգիտի՝ նա ինչ է արել: Պատերազմում եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Եվ այսօր Օնիկ Գասպարյանն ասում է՝ եթե որևէ մեկը կասկածում է, որ ես քիչ բան եմ արել, ստեղծեք հանձնաժողով և ապացուցեք, որ իմ այսինչ հրամանը, որոշումը սխալ է եղել, որ կարող էի այսինչ ժամանակ այսինչ բանն անել, ինչը կարող էր տալ լավ արդյունք, բայց չեմ արել:

Գասպարյանն ասում է՝ եկեք ապացուցեք, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել: Ինչի՞ չեն անում: Ինքն ամբողջ կյանքում պատասխանատվությունից չի խուսափել, միշտ էլ իր ամեն մի քայլի համար պատասխանատու է եղել: Թող ապացուցեն՝ արդյո՞ք գեներալը կատարել է այնպիսի հրամաններ, որոնք վատ հետևանքների են հանգեցրել:

– Հիմա նույն բանն էլ Նիկոլ Փաշինյանն է ասում՝ ապացուցեք փաստարկված, որ դավաճան է, սխալ հրահանգներ է տվել: Սա ո՞վ պիտի ապացուցի, եթե ոչ՝ բանակի, զինված ուժերի ղեկավարությունը:

Թող անկախ հանձնաժողով լինի և քննի, եթե այս իշխանության օրոք հնարավոր չի, թող հաջորդ իշխանությունների օրոք ստեղծվի:

– Գեներալ Գասպարյանն ասում է՝ ճշմարտությունը կբացահայտվի իշխանափոխությունից հետո:

– Ուրեմն մի բան գիտի, որ ասում է: Մենք մի շատ կարևոր բան պիտի հասկանանք. Պատերազմ հայտարարել են պետությանը, իսկ պետությունը միայն բանակը չէ: Հիմա երբ մեղադրում ենք բանակին, ինչ է՝ առողջապահությունն իր մասով արե՞լ է, ԱԳՆ-ն արե՞լ է, ԱԱԾ-ն արե՞ լ է, միայն բանակը չի արե՞լ, մենակ բանակից ենք պահանջում: Մալայզիայի բանա՞կն էր, մերը չէ՞ր, մենք ի՞նչ ենք արել, որ բանակը չպարտվի, այսօր էլ բանակից ենք պահանջում:

Բանակն այսօր շատ ծանր վիրավորված վիճակում պառկած է, մենք ասում ենք էդ ծանր վիրավորին՝ վեր կաց և գնա այսինչ բանն արա:

– Պատերազմից ամիսներ են անցել և մենք ունենք չկահավորված դիրքեր, որովհետև ձնհալին ենք սպասել: Այս խնդիրը հնարավոր չէ՞ր լուծել:

– Բոլոր տեղերում չգիտեմ, բայց ռազմավարական, կարևոր տեղերում կարող էինք կահավորել այս ամիսներին:

Տեսանյութեր

Լրահոս