Բաժիններ՝

Անասնագլխաքանակի և մշակվող հողատարածքների շեշտակի նվազման մասին ահազանգում են բնակիչներն ու գյուղատնտեսները

Գեղարքունիքի մարզում անասնագլխաքանակը և մշակվող հողատարածքները շեշտակի նվազում են․ ահազանգում է Գեղարքունիքի մարզի բնակիչ Վանո Կարապետյանը։ Նա 168.am-ի խմբագրություն է ուղարկել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ուղղված գրավոր հարցման պատասխանը, որով տեղեկացել է, թե մարզում որքան է կազմել անասնագլխաքանակը 2017, 2018, 2019 և 2020 թվականներին, և թե նույն ժամանակահատվածում որքան հողատարածք է մշակվել մարզում։

«Ըստ պատասխանի՝ մարզում հողատարածքների միայն 47 տոկոսն է այժմ մշակվում, մինչդեռ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմում էր շուրջ 68 տոկոս։ Եթե դու չես կարողանում նպաստավոր պայմաններ ունեցող հողատարածքները մշակել, ապա կախում ես ունենալու ներկրումներից, իսկ ներկրումներն էլ մեր այս պայմաններում, երբ կան անվտանգային խնդիրներ, հաճախ կարող են լինել խնդրահարույց․ գոնե առաջին անհրաժեշտության սննդամթերքն ապահովվի, հացահատիկի մշակում լինի,- մեզ հետ զրույցում նշեց Վանո Կարապետյանը՝ հավելելով, որ որպես համայնքի բնակիչ՝ ինքն էլ է տեսնում, որ մարդիկ չեն մշակում իրենց ցանքատարածքները,- Նույնիսկ տնամերձ հողատարածքները չեն մշակում, որովհետև ծախսերը չեն հանում․ գյուղատնտեսությամբ զբաղվելը գյուղացու համար եկամտաբեր չէ։

Անասնագլխաքանակի հետ կապված ևս նույն վիճակն է՝ բնակիչները նշում են, որ ավելի լավ է գնեն կաթնամթերքը խանութից, քան անասնապահությամբ զբաղվեն, քանի որ ծախսերը չեն հանում։  Անասնագլխաքանակի աճի դինամիկան ևս նվազում է»։

Մեր զրուցակիցը թերահավատ է 2020 թվականին անասնագլխաքանակի վերաբերյալ մարզպետարանի կողմից ներկայացված բարելավված ցուցանիշին՝ նկատելով․ «2020 թվականի ցուցանիշը չի համապատասխանում իրականությանը, քանի որ երաշտ էր, իսկ խոտի մեկ հակը (տուկ) արժեր 1800 դրամ, ինչի պատճառով եղավ պարտադիր մորթ»։

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով բնակչի բարձրաձայնած հարցին՝ նշեց, որ հանրապետությունում առհասարակ վերջին տարիներին լուրջ հետընթաց է արձանագրվել թե՛ անասնագլխաքանակի աճի դինամիկայի հետ կապված, թե՛ մշակվող հողատարածքների կրճատման․

«Վերջին երեք տարում հանրապետությունում հատկապես խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է մոտ 180 հազարով, որից կեսը կթու կովերն են․ այսինքն՝ կաթի արտադրությունը ևս պակասել է։

Արցախում ևս կորցրել ենք շուրջ 150 հազար մանր եղջերավոր անասուն, կորցել ենք նաև արոտավայրեր, կորցրել ենք մոտ 100 հազար տոննա ցորենի արտադրություն։ Ինչ վերաբերում է Հայաստանի հողատարածքների մշակման հարցերին՝ այստեղ խնդիր ունենք ներկրված սերմերի հետ կապված. շատ բողոքներ ենք ստանում,  ջրի ոռոգման համակարգը վատ է աշխատում․ օրինակ, Կապսի ջրամբարն այսօր կեսով դատարկ է, իսկ այդ ջուրն անցնում է Թուրքիա։ Այսինքն՝ այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ Թուրքիային օգնե՞նք։

Շեշտակի նվազել են կարտոֆիլի ցանքատարածքները, որի պատճառներից մեկն այն էր, որ գյուղացիները շուկա չունեին, իսկ պետության կողմից չխթանվեցին արտահանումները»։

«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը համոզված է՝ գյուղատնտեսության վրա լուրջ բացասական հետևանքներ է թողել 2019 թվականին Գյուղատնտեսության նախարարության միավորումը Էկոնոմիկայի նախարարությանը․ «Ռոբերտ Քոչարյանը դրա մասին շատ լավ խոսեց, որ առաջին հերթին պետք է վերականգնվի Գյուղատնտեսության նախարարությունը, որովհետև եթե ԱՄՆ փորձն ենք վերցնում, այնտեղ Պաշտպանությունից հետո երկրորդ նախարարությունը Գյուղատնտեսության նախարարությունն է։

Մենք առաջարկներ ենք ներկայացրել Երկրորդ նախագահի թիմին, թե ինչ նախարարության ինչ ստրուկտուրա ենք տեսնում, որը ֆերմերների հետ անմիջապես կաշխատի։ Կարծում ենք՝ հաջողության կհասնենք։

Այսօր հայ գյուղացին, գյուղմթերք արտադրողը կառավարությունից կտրված է․ այնտեղ երկու փոխվարչապետ կան, թե ինչի՞ համար են՝ չենք հասկանում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս