Փաշինյանի արևմտյան ռևերանսները․ ի՞նչ է ակնկալում Փաշինյանն Արևմուտքից

ՀՀ-ում կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ, ապա Բրյուսել։ Եվրոպական մայրաքաղաքներում Փաշինյանը հանդիպում է բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Եվրամիության ղեկավարության հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը հարթելու և սահմանազատման օրակարգով։

Փաշինյանի եվրոպական կարճ շրջագայությունն ուշագրավ ֆոն ունի՝ նախ՝ սյունիքյան իրադարձությունները, «խորամանկ» դիմումը ՀԱՊԿ-ին և ՀԱՊԿ-ի նույնպիսի «արձագանքը» կամ դրա բացակայությունը, զուգահեռաբար ՌԴ առաջարկը՝ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա, եռակողմ հանձնաժողովի աշխատանքի դադարեցում ու Փաշինյանի ներկայացրած կարգավորման պլանը՝ ուղղված ՌԴ-ին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին այն դեպքում, երբ ըստ էության ՀՀ իշխանությունները, ինչպես նաև միջնորդները դեմ չեն այս փուլում սահմանազատման գործընթացին, որն առաջարկել է անցկացնել Ռուսաստանը։ Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նման առաջարկ հղվում ԵԱՀԿ ՄԽ բոլոր երկրներին, երբ առաջարկը հնչել է Ռուսաստանից, որը պատերազմից հետո տարածաշրջանում խաղում է միայնակ, որի հետ, ինչպես երևում էր, Փաշինյանը խնդիր չուներ մի քանի ամիս առաջ, երբ ստորագրում էր եռակողմ խայտառակ հայտարարություն՝ առանց ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների, որոնք ակնհայտորեն չկարողացան որևէ դերակատարություն ունենալ պատերազմի ընթացքում, և ներկայումս կարծես առիթ է ստեղծվում, որպեսզի ինչ-որ ձևաչափով վերականգնվի հակամարտության գոտում արևմտյան «ներկայություն»։

Սակայն արդյո՞ք ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը զիջած, սահմանները վտանգած ղեկավարը կարող է դա անել։

Վերջին իրադարձությունների շղթան թույլ է տալիս պնդել, որ հայաստանյան ընտրություններին ընդառաջ՝ Փաշինյանն իրեն փորձում է ակնհայտորեն դիրքավորել որպես արևմտյան գործիչ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ընտրական գործընթացում ներգրավված այլ ուժերն ինչպիսի արտաքին քաղաքական նախընտրություններ ունեն և ընտրվելու դեպքում ինչպես են աշխատելու Ռուսաստանի հետ։

Փորձելով տարածաշրջան վերադարձնել Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, Փաշինյանը հույս ունի աջակցություն ստանալ Արևմուտքից ընտրություններում, իր անձը կապելով հետընտրական փուլում հակամարտության գոտում արևմտյան «ներկայության» հետ։ Այսինքն՝ ընտրություններում ևս նկատելի է լինելու ՌԴ-Արևմուտք գլոբալ խաղը։ Գաղտնիք չէ, որ ՌԴ քաղաքական շրջանակները վաղուց չեն վստահում Փաշինյանին՝ որպես դաշնակից երկրի ղեկավար, ով առիթը բաց չի թողնում գեղեցիկ խոսքեր Ռուսաստանին ձոնելու համար՝ զուգահեռաբար «հարվածներ» հասցնելով Ռուսաստանին, հավելյալ լարելով և խնդիրներ ստեղծելով հայ-ռուսական հարաբերություններում։

Խնդիրն այստեղ ամենևին այն չէ, որ հարկավոր է ռուսահպատակ քաղաքականություն վարել, թեև Փաշինյանի օրոք հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են իրենց, թերևս, ամենավատ և ամենաանպատվաբեր փուլում, այլ այն, որ հարկավոր են առողջ ներքաղաքական ուժեր, որոնք կկարողանան առողջ արտաքին քաղաքական հարաբերություններ ձևավորել առանց հետպատերազմյան Հայաստանը հավելյալ ցնցումների ենթարկելու։

Միջազգայնագետ հարկավոր չէ լինել հասկանալու համար, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը լուրջ վերատեսության ենթարկելու, վերաիմաստավորելու, արտաքին բոլոր գործընկերների, հակառակորդների հետ պատշաճ աշխատելու, լուրջ աշխարհաքաղաքական վերլուծությունների և երկարաժամկետ ծրագրերի վրա հիմնված քաղաքականություն մշակելու կարիք կա։

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, թե ակնհայտ է, որ պատերազմից հետո, երբ Արևմուտքը հասկացավ, որ բացակա է տարածաշրջանից, ակտիվ և բազմաշերտ քայլեր է ձեռնարկում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը վերականգնելու համար։

Ի դեպ, ըստ նրա, համանախագահներն անձամբ ոչինչ չեն կարողանում անել, թեև հայտարարություններ են տարածում, հանդիպումներ են ունենում, սակայն կան բարձրաստիճան նախաձեռնություններ պատերազմից հետո նախապատերազմյան աշխարհաքաղաքական ստատուս-քվոն մասամբ վերականգնելու համար։

Մալաշենկոյի խոսքով, հենց դրան էլ ուղղված են վերոնշյալ այցերը՝ քննարկելու տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորումները։

«Տպավորություն է, որ կա միտում՝ նոյեմբերի 9-ի հետևանքով ձևավորված գործընթացին զուգահեռ՝ ձևավորել ևս մեկը ԵԱՀԿ ՄԽ մյուս երկրների հետ համատեղ, այդ թվում՝ ՌԴ մասնակցությամբ, սակայն այստեղ կարևորը ԱՄՆ-ը ու ԵՄ-ն են և նրանց արևմտյան օրակարգը։ Հաշվի առնելով եռակողմ հանձնաժողովի աշխատանքի ընդհատումը, ինչը բնական է լարված փուլում, բայց այն կարող է ունենալ նաև աշխարհաքաղաքական կոնտեքստ, կարելի է ենթադրել, որ երկու մրցակցող պրոցեսներ են լինելու, որոնց ապագան կախված է ներքաղաքական կյանքից և վերադասավորումներից։ Այսինքն՝ ամեն ինչ փոխկապակցված է»,- ասաց Մալաշենկոն։

Նա նշեց, որ ամենաշատը, ինչ Արևմուտքը կարող է առաջարկել՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վերականգնումն է կամ դրա փոխարեն նույնանման ներկայացվածությամբ մեկ այլ բարձրաստիճան ձևաչափ լուծելու համար սահմանային խնդիրները, որին զուգահեռ էլ ճանապարհների ապաշրջափակման հարցը կքննարկվի եռակողմ ձևաչափում։ «Այսինքն՝ որևէ անսպասելի բան տեղի չի ունենում։ Ինչպես ակնկալվում էր, Արևմուտքը փորձում է տեղավորվել տարածաշրջանում, փորձում է չեղարկել նոյեմբերյան հայտարարությունից բխող գործընթացը կամ դրան զուգահեռ իր օրակարգով շարունակել բանակցային գործընթաց, ինչը լիովին բացատրելի ու հասկանալի է։ Նաև տեղավորվում է ՌԴ-Արևմուտք առճակատման շրջանակ, թեև այդ շրջանակն այսօր փոփոխվում է, քանի որ գտնվում ենք աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների փուլում։ Բայց այսօր տեսանելի գործընթացը դեռ այս տիրույթում է, ու այդպես բացատրելն ավելի ընկալելի է դարձնում գործընթացը»,- բացատրեց Մալաշենկոն։

Տեսանյութեր

Լրահոս