«Պահաջել եմ, որ քննվեն և բացատրություն տան այս գործում գլխավոր գործող անձինք՝ բանկի գործադիր տնօրենը, ով գումարներ է փոխանցել իշխող կուսակցությանը, և այդ կուսակցության ներկայացուցիչը». Ռուդոլֆ Հակոբյան

Ապրիլի 12-ին «168 Ժամ»-ը հրապարակել էր «Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական  համատեղ ձեռնարկության տնօրեն տնօրեն Ռուդոլֆ Սուրենի Հակոբյանի՝ բավականին ծավալուն ապացույցներով ծրարը՝ աղաղակող կոռուպցիայի մասին:

Հաղորդումն ամրագրված էր համապատասխան փաստաթղթերով: Ռուդոլֆ Հակոբյանը նաև գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն  6.450.000 (6 միլիոն 450.000) ՀՀ դրամ է փոխանցել «Իմ քայլը» իշխող կուսակցությանը, ևս 1.000.000 (1 միլիոն) ՀՀ դրամ  փոխանցել է «ԱրցախԲանկ» ՓԲԸ-ն (փոխանցման ցուցակները կցվում են):

168.am-ի հետ զրույցում «Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանն ասել էր, որ դատախազությունն անհարկի ձգձգում է քրեական գործի հարուցումը:

«Գլխավոր դատախազությունից այսօր ստացել եմ գրություն, ըստ որի՝ իմ բողոքը հասցեագրել են հիմա էլ արդեն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ Մարտիրոսյանին: Այսինքն՝ իմ բողոքը գլխավոր դատախազությունից գնացել է Երևան քաղաքի դատախազություն, այնտեղից էլ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազություն»,- նշել էր Ռուդոլֆ Հակոբյանը՝ հավելելով, որ վստահ է՝ այս ամենն արվում է ժամանակ ձգելու համար:

Այսօր մեզ հետ զրույցում գործարարն ասաց, որ դիմումը, ի վերջո, հասել է Կենտրոնի քննչական բաժին:

«Քննիչ Արսեն Կոստանյանին հանձնարարվեց քննելու իմ հաղորդումը կոռուպցիայի վերաբերյալ: Բնականաբար, քննիչը մերժեց քրեական գործ հարուցել: Ես ուրիշ բան չէի էլ սպասում, քանի դեռ այս պատուհաս իշխանությունն է»,- ասաց Ռուդոլֆ Հակոբյանը:

Նա քննիչի որոշումից մի քանի հետաքրքիր դրվագներ ներկայացրեց, որոնք, ըստ գործարարի, կարելի է որակավորել՝ որպես անգրագիտություն և տգիտություն:

«Օրինակ, քննիչը որոշման մեջ գրում է. «Ինչպե՞ս կարող էիք բողոք գրել, երբ չկա դատարանի կողմից որևէ ուժի մեջ մտած դատավճիռ»: Վերջինս չգիտի, որ Քաղաքացիական դատարանում ոչ թե դատավճիռ, այլ վճիռ են կայացնում, բայց դա դեռ ոչինչ, խեղճը չգիտի, որ նախաքննական կամ քննական փուլերում ոչ մի վճիռ չի կայացվում»,- տարակուսած էր գործարարը:

Վերջինս նշեց, որ, բնականաբար, ինքն այս ամենի մասին, ինչպես կարգն է պահանջում, բողոքել է վերադաս դատախազին և պահաջել, որ քննվեն և բացատրություն տան այս գործում գլխավոր գործող անձինք՝ բանկի գործադիր տնօրենը, ով գումարներ է փոխանցել իշխող կուսակցությանը, և այդ կուսակցության ներկայացուցիչը, ինչը քննիչը չի արել:

«Որոշման մեջ զավեշտն այն է, որ իբր իմ գրած դիմում-բողոքում բարձրացված հարցերը իմ երևակայության արդյունքն են, չնայած բողոքին կցված են եղել 35 թերթ ապացույցներ»,- եզրափակեց Ռուդոլֆ Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս