Գործարարն ահազանգում է կոռուպցիայի աղաղակող փաստերի մասին. դատախազությունը հապաղում է գործ հարուցել

«168 Ժամ»-ի խմբագրությանն է դիմել «Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական  համատեղ ձեռնարկության տնօրեն Ռուդոլֆ Սուրենի Հակոբյանը, ով ներկայացրել է բավականին ծավալուն ապացույցներով ծրար՝ աղաղակող կոռուպցիայի մասին:

Հաղորդումն ամրագրված է համապատասխան փաստաթղթերով: Վերջինս նաև գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն  6.450.000 (վեց  միլիոն  չորս  հարյուր  հիսուն հազար) ՀՀ դրամ  է  փոխանցել «Իմ քայլը»  իշխող  կուսակցությանը, ևս 1.000.000 (մեկ  միլիոն) ՀՀ դրամ  փոխանցել  է «ԱրցախԲանկ» ՓԲԸ-ն (փոխանցման  ցուցակները  կցվում են):

«Նշեմ,  որ  վերոգրյալ  բանկերից  «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի 100 տոկոս  սեփականատերը  հանդիսանում է Վարդան  Սրմաքեշը, իսկ «ԱրցախԲանկ» ՓԲԸ-ում նրան  է  պատկանում 25,6  տոկոսը: Գումարները բանկերից  փոխանցվել են այն պայմաններում, երբ «Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ն ծանր ֆինանսական  վեճի մեջ է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր Ս.Երիցյան, քաղ. գործ թիվ ԵԿԴ / 0448 / 02 / 14) «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի հետ:

«Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ն սույն քաղաքացիական գործով հանդիսանում է հակընդդեմ հայցվոր կողմ և որպես ընկերությանը պատճառված վնաս՝ դատարանից պահանջում է «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ից և «Ալզաս» ՍՊԸ-ից բռնագանձել  4.618784500 (չորս միլիարդ վեց հարյուր տասնութ միլիոն յոթ հարյուր ութսուն չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ հօգուտ «Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի:

Գումարների փոխանցումը կարելի կլիներ համարել բարեգործություն, եթե դատարանում ես՝ Ռ.Հակոբյանս, որպես «Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի տնօրեն, չզգայի կանխակալ վերաբերմունք դատարանի կողմից, ինչի պատճառով դատարանին եմ ներկայացրել  «Հայտարարություն» վերնագրված փաստաթուղթը, որում հույս է հայտնված, որ դատարանը գործին կմոտենա օբյեկտիվորեն (փաստաթուղթը կցվում է), սակայն որպես պատասխան՝ դատարանը որոշում է կայացրել  իմ  նկատմամբ սանկցիա կիրառել և տուգանել 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ (որոշումը կցվում է): Դատարանի որոշումն իմ կողմից բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում (փաստաթուղթը կցվում է): Միաժամանակ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացրել (փաստաթուղթը կցվում է)»,- գրել է Ռուդոլֆ Հակոբյանը:

Գործարարը նշում է, որ դատարանն իրեն՝ որպես ՍՊԸ-ի ներկայացուցիչ, չի ծանուցել դատական նիստին մասնակցելու համար, որով ըստ էության իրեն զրկել են բոլոր չարգելված միջոցներով իրենց ՍՊԸ-ի շահերը պաշտպանելու հնարավորությունից:

Նա խնդրել է գնահատական տալ և որակավորել բանկի կողմից փոխանցված գումարների երևույթը, և եթե դա կաշառք է, ապա մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Կից Ռուդոլֆ Հակոբյանը ներկայացրել է բանկի կողմից փոխանցված գումարների ցուցակների 23 թերթ ծավալով պատճենները:

Ստորև հրապարակում ենք այդ փաստաթղթերի մի մասը, մյուսները գտնվում են 168.am-ի և գլխավոր դատախազության տիրապետության ներքո:

Գործարարը փաստել է, որ Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից շարունակ թմբկահարելը, թե հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը կոռուպցիայի վերացումն է, հիմնազուրկ է:

Այսօր 168.am-ի հետ զրույցում «Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական  համատեղ   ձեռնարկության տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանն ասաց, որ դատախազությունն անհարկի ձգձգում է քրեական գործի հարուցումը:

«Գլխավոր դատախազությունից այսօր ստացել եմ գրություն, ըստ որի՝ իմ բողոքը հասցեագրել են հիմա էլ արդեն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ Մարտիրոսյանին: Այսինքն՝ իմ բողոքը գլխավոր դատախազությունից գնացել է Երևան քաղաքի դատախազություն, այնտեղից էլ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազություն»,- ասաց Ռուդոլֆ Հակոբյանը՝ հավելելով, որ վստահ է՝ այս ամենն արվում է ժամանակ ձգելու համար:

Տեսանյութեր

Լրահոս