Forbes-ը հրապարակել է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանիշը
Forbes հանդեսը հրապարակել է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանիշը։
Ցուցակում տեղ են գտել Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների երկրորդ սերնդի 50 ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ նրանք ժառանգում են գրեթե 300 մլրդ դոլար:
Այս տարի վարկանիշում երեք նոր մասնակից կա. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի (վեցերորդ տեղ) դուստրը եւ որդին: Նաեւ նորերից մեկը դարձել է «Ռուսաստան» բանկի եւ «Սոգազ» ապահովագրական ընկերության խոշորագույն բաժնետեր Յուրի Կովալչուկի որդին՝ Բորիսը (3,3 մլրդ դոլար): Նա զբաղեցրել է ցուցակի 18-րդ հորիզոնականը:
-Վարկանիշը կրկին գլխավորել է «ԼՈւԿօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովի միակ որդին՝ Յուսուֆը (մեկ երեխայի բաժինը՝ 24 մլրդ դոլար): Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 0,2 տոկոսը, փաթերն արժե 115 մլն դոլար: Նրա «Էկտո» հոլդինգի մեջ մտնում է չորս ընկերություն:
-Երկրորդ տեղում «Նովատեկ» եւ «Սիբուր» ընկերությունների հիմնական սեփականատեր Լեոնիդ Միխելսոնի դուստրն ու որդին են: Վիկտորյա Միխելսոնի մասին հայտնի է, որ 2016 թվականից նա New Museum-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ապրում է Ցյուրիխում:
Նշվում է, որ նրան նաեւ պատկանում է մշակույթի եւ արվեստի աջակցության համար նպատակային կապիտալի «Տարածության ընդլայնում» մասնագիտացված հիմնադրամը: Նրա խորթ եղբոր մասին հաղորդվում է միայն այն, որ նա ապրում է Մոսկվայում: Ժառանգության մեջ մեկ երեխայի բաժինը կազմում է 12,5 մլրդ դոլար:
-Forbes-ի վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ջահանգիր Մահմուդովը (բաժինը՝ 9,7 մլրդ դոլար)՝ Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության (ՈւԼՄԸ) հիմնական բաժնետիրոջ որդին՝ Իսկանդեր Մահմուդովը: Նա չորս տարի առեւտրային եւ ֆինանսական հարցերի գծով տնօրեն է աշխատել Չելյաբինսկի ցինկի գործարանում, որը պատկանում է խմբին:
2018 թվականի վերջից նա դարձել է գործնականում «Ինֆրամայն» ընկերության միանձնյա սեփականատեր, որը թվային լուծումներ է մշակում մետալուրգիական, ածխային եւ քիմիական արդյունաբերության համար:
-Ցուցակի չորրորդ դիրքում տեղ են գտել Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինի երեք զավակները: Նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 9,5 մլրդ դոլար ժառանգություն:
Forbes-ի ցուցակի թոփ-5-ը եզրափակում են «Եվրոխիմ» եւ Սիբիրի ածխային էներգետիկական ընկերությունների սեփականատեր Անդրեյ Մելնիչենկոյի երեխաները: Ինչպես նշվում է, նա ունի երկու զավակ՝ իննամյա Տարան եւ չորսամյա Ադրիանը:
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի դուստրը եւ որդին (յուրաքանչյուր երեխային 8,6 մլրդ դոլար), ինչպես նշվել է, զբաղեցրել են վեցերորդ դիրքը:
-Վարկանիշի յոթերորդ հորիզոնականում, ինչպես եւ անցյալ տարի, Volga Group ներդրումային խմբի սեփականատեր Գենադի Տիմչենկոյի երեք երեխաներն են՝ Նատալյա, Կսենյա Ֆրանկները եւ Իվան Տիմչենկոն՝ (7,35-ական մլրդ դոլար):
-Վեցերորդից ութերորդ դիրք է տեղափոխվել ՈւԼՄԿ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզիցինի դուստրը՝ Մարիան: Նա կարող է ստանալ 6,2 մլրդ դոլար ժառանգություն:
-Վարկանիշի իններորդ հորիզոնականում Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վիկտոր Ռաշնիկովի երկու դուստրերն են՝ Տատյանան եւ Օլգան: Յուրաքանչյուրի բաժինը 6,25 մլրդ դոլար է:
-Տասներորդ տեղում «ԼՈՒԿօյլ»-ի բաժնետեր Լեոնիդ Ֆեդունի երկու զավակներն են: Նրանցից յուրաքանչյուրը կարող է ժառանգություն ստանալ 5,4 մլրդ դոլար: Անտոնը Լոնդոնի The Ampersand եւ Vintry & Mercer հյուրանոցների եւ հինգ ռեստորանների սեփականատեր է: Նրա քույրը՝ Եկատերինան, նույնպես ապրում է Լոնդոնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: