Բաժիններ՝

Ինքնասպանությունները մեր երկրում

Մայիսի 24-ին զինվորի ինքնասպանության լուրը հուշեց, թե որքան անտարբեր է հասարակությունն ինքնասպանությունների հանդեպ: Մասնագետները սա հավանաբար կբացատրեն 2018-ի հասարակական էյֆորիայով, ապա՝ կապիտուլյացիայով ավարտված պատերազմով:

Մինչդեռ ինքնասպանությունը միշտ էլ լուրջ ու հասարակական մասշտաբի խնդիր է: Երևույթի երկարաժամկետ դիտարկումը մասնագետներին թողնելով՝ առաջարկում եմ հետևել ժողովրդագրական վիճակագրությանը: Վերջին չորս տարիներին ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի քանակն ամենացածր ցուցանիշն ունեցել է 2017թ.՝ 562 դեպք: Մինչև մյուս թվերին անցնելը, հիշեցնենք, որ հենց 2017թ․ բարձր տնտեսական աճ էր արձանագրվել (այս փաստը հետո կհամադրենք ինքնասպանների մասին հրապարակվող տվյալների հետ): Էյֆորիկ 2018-ին ինքնասպանությունների և ինքնասպանությունների փորձերի քանակն արդեն հատեց 600-ի ցուցանիշը: Արձանագրվեց 606 դեպք, իսկ 2019-ին՝ 613 դեպք:

Մասնագիտական լուրջ վերլուծության կարիք ունի համավարակային ու կապիտուլյացիոն 2020-ի տվյալը՝ 663 դեպք: Գրանցված ինքնասպանությունների քանակը որոշակի տարբերություն ունի ինքնասպանության փորձերի քանակից:

Տեսեք՝ 2017-ին ինքնասպան է եղել 157 մարդ, 2018-ին՝ 179, 2019-ին՝ 153, և 2020-ին՝ 183 մարդ: Ոստիկանության տվյալների վրա հիմնված պաշտոնական վիճակագրությունն ինքնասպանություններն ու փորձերն առանձին-առանձին ներկայացնում է մի քանի մանրամասներով: Օրինակ՝ սեռային բաժանումով: Մեր երկրում ինքնասպանություն գործողների 75-80 տոկոսը տղամարդիկ են: Ոչ մասնագետների մոտ թյուր կարծիք կա, որ ինքնասպանությունը դեռահասների տարիքի պատուհաս է: Բայց գոնե մեր երկրում պատկերն այլ է:

Դեռահաս ինքնասպաններն ընդհանուրի կես տոկոսից էլ պակաս են։ Տարիքային տեսանկյունից ինքնասպանների ամենամեծ խումբը բաժին է ընկնում 30-65 տարեկանների խմբին՝ մոտ 60-65 տոկոս: Այս ցուցանիշը հուշում է, որ կարևոր է դիտարկել ինքնասպանների տվյալները՝ ըստ զբաղմունքի: Ամենափոքր խումբը սովորող-ուսանողներն են (մոտ կես տոկոս):

Երկրորդը փոքր խմբերից աշխատանք (զբաղմունք) ունեցողներն են (մոտ 6 տոկոս): Ինքնասպանների ամենամեծ խումբը գործազուրկներն են (մոտ 35-40 տոկոս), ապա՝ թոշակառուները (մոտ 25-30 տոկոս): Հետևաբար՝ սոցիալ-տնտեսական վիճակը նկատելի կապ ունի այս ոչ միանշանակ երևույթի հետ, և այդ կապը հնարավորություն է տալիս ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերը մեր երկրում, բացի անձնական հարթությունից, դիտարկել հասարակական ու տնտեսական հարթության մեջ:

Այս թեմայի Խորհրդային Հայաստանի շրջանի մասնագետները նշում էին, որ այդ տարիներին մեր երկրում թոշակառուների ինքնասպանությունը բավական ցածր էր: Բացատրությունն ազգային հենք ուներ՝ ընտանիքի ավագները հարգված էին և իրենց ավելորդ չէին զգում: Հիմա, հավանաբար, ինչ-որ բան փոխվել է մեր ազգային նկարագրում: Հիմա դիտարկենք ինքնասպանությունների բաշխման տվյալները՝ ըստ կատարման եղանակի: Ինքնասպանության փորձերի 27-35 տոկոսն ավարտվում է մահվան ելքով: Ինքնասպանության ամենատարածված կատարման եղանակներն են՝ նախ՝ կախվելը (55-60 տոկոս), ապա՝ բարձրությունից նետվելը (15-20 տոկոս):

Սրանք իսկապես ամենասարսափելի (ամենահաստատ կամ ամենամահաբեր) եղանակներն են, որ ինքնասպանության որոշում կայացրած անձին փրկության նվազագույն հնարավորություն են թողնում:

Ահա այսքան մանրամասն ոստիկանությունն ու ժողովրդագրությունն արձանագրում են ինքնասպանության և ինքնասպանության փորձերի թեման: Ուսումնասիրում ու հրապարակում են տվյալներ տարեկան ամփոփման տեսքով: Բայց, ցավոք, դրանք աննկատ են մնում տպագիր կամ թվային գրադարաններում: Մինչդեռ մահը՝ որպես երևույթ, խիստ ընդգծում է հասարակական կյանքի որակն ու վիճակը: Որպես ապացույց՝ կարելի է դիտարկել արձանագրված այլ ցուցանիշներ:

Շատ տարօրինակ կարող է ընկալվել COVID-19-ից արձանագրված մահերի քանակը: Մինչև պատերազմը համավարակից մահերի ամենամեծ քանակն արձանագրվել էր հունիս ամսին՝ 355 դեպք:

Բայց հենց հոկտեմբերին ավելի մեծ թիվ արձանագրվեց՝ 360 դեպք: Իսկ նոյեմբերն ու դեկտեմբերը միայն պատերազմում կապիտուլյացիա չէր: Հասարակական ուշադրության չարժանացավ այն, որ այդ ամիսներին արձանագրվեց մահերի աննախադեպ քանակ համավարակից՝ 1174 և 828 դեպք համապատասխանաբար: Պարտությունը շեղել էր հասարակական ուշադրությունը համավարակից, որն իր դաժան գործն արեց:

Հասարակությունը նուրբ ու բազմաշերտ երևույթ է, որ տարբեր, բայց համահունչ է արձագանքում հասարակական-տնտեսական կյանքում ընթացող երևույթներին: Բայց չի կարելի դա չնկատելու տալ: Մեր իշխանությունների պես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս