«Այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել, այլապես անընդհատ նման միջադեպեր կլինեն, որոնք կարող են շատ ավելի մեծ գործողությունների հանգեցնել». Գեղարքունիքի մարզպետ

Այսօր իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով 168.am-ի նկարահանող խումբն այցելել էր Գեղարքունիքի մարզ: Լրագրողների հետ զրույցում մարզպետ Գնել Սանոսյանն ասել էր, որ թշնամու զորքի քանակի որոշակի փոփոխություններ կան:

«Որոշակի լարվածություն է նկատվում, հետո նորից թուլանում է լարվածությունը, որոշ վայրերում, կարծես, զորքերի նոսրացման պրոցես կա, զորքի որոշակի քանակ հանում են, բայց լարվածությունը մեծացել է վերջին օրերին, գիտեք, որ միջադեպ ունեցանք, զոհ ունեցանք, այսօր էլ ունեցել ենք գերեվարված 6 զինծառայողներ, ովքեր տարբեր ինժեներական աշխատանքներ, հիմնականում ականապատման աշխատանքներ են արել: Ավելի մանրամասն ՊՆ-ն ասել է»,- ասաց Սանոսյանը:

Լրագրողի հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում  շրջանառվող տեղեկությունները, որ բարձր մակարդակով հրահանգված է ադրբեջանցի զինվորականներին չգերեվարել, Սանոսյանն արձագանքեց.

«Այդ գործով զբաղվում են ՊՆ-ն և ԳՇ-ն, ես ավելի մանրամասն չեմ կարող ասել, բայց առաջին օրվանից սկսած մեր պաշտոնական դիրքորոշումը եղել է այս միջադեպը փորձել խաղաղ ձևով կարգավորել, բանակցությունների սեղանին, ինչը և արվում է»:

Նկատենք, որ Գնել Սանոսյանը «միջադեպ» է որակում ադրբեջանցիների կողմից մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանը հատելը: Հարցին, թե հնարավո՞ր է բանակցությունների միջոցով խնդիրը լուծել՝ հաշվի առնելով Ադրբեջանի լկտի պահվածքը մեր պետականության նկատմամբ, Սանոսյանը պատասխանեց.

«Ցավոք սրտի, այդ պահվածքը նաև հիմա շարունակվում է, և կարծում եմ՝ այս իրավիճակը չի կարող երկար այսպես շարունակվել, այլապես անընդհատ նման միջադեպեր կլինեն և միջադեպերը կարող են շատ ավելի մեծ գործողությունների հանգեցնել: Բայց շարունակում եմ նաև հույս պահել, որ մեր դիվանագիտական կորպուսն ակտիվ աշխատում է, գիտեմ, և հնարավոր կլինի գործընկեր երկրների հետ համատեղ լուծում գտնել»:

Իսկ գյուղացիների տարհանման խնդիր կա՞ այս պահին:

«Կարծում եմ՝ չկա, բայց ամենժամյա ուշադրությամբ աշխատում ենք այդ ուղղությամբ, եթե հանկարծ նման կարիք լինի, կաշխատենք, իհարկե»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը:

Նա տեղեկացրեց նաև, որ քննարկվում են բոլոր սցենարները, բոլորի համար ունեն լուծումներ: Սանոսյանը պնդեց, որ թշնամու դիրքավորումը չի փոխվել, նույն տեղերում են:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը տեղեկություն տարածեց, որ «Գեղարքունիքի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող»։ Լուրն ավելի վաղ հայտնել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մի տարբերությամբ, որ նրանց պնդմամբ՝ հայ զինվորները եղել են ադրբեջանական տարածքում:

Տեսանյութեր

Լրահոս