Հրաժարականներ կլինեն Զինված ուժերում
Օրերս գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ փոխարինելով Կարեն Աբրահամյանին:
Ի դեպ, ԳՇ-ից 168.am-ին ասել էին, որ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանին նշանակելու են հավասարազոր պաշտոնի, մինչ այժմ, սակայն, այս մասին նորություն չկա:
Ինչ վերաբերում է Էդվարդ Ասրյանի նշանակմանը, ապա 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը դեմ է եղել այս նշանակմանը, սակայն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը կարողացել է հասնել այս նշանակմանը:
Առհասարակ, ասում են՝ Արտակ Դավթյանը այս և այլ հարցերում կարողանում է «հաղթել» Վաղարշակ Հարությունյանին: Եթե սահմանային ներկա խառը վիճակը, ինչպես նաև գեներալ Մակարյանի շուրջ իրավական խնդիրները չլինեին, ապա Արտակ Դավթյանի որոշումներով ՊՆ-ում կառուցվածքային փոփոխությունների և կրճատումների գործընթաց էր ակտիվ ընթանալու: Մակարյանը պետք է համակարգեր այդ գործընթացը:
Ի դեպ, ԳՇ-ն ՊՆ-ի կառուցվածքային փոփոխությունների պլանավորման գործում հաշվի չի առել ՊՆ վարչության պետերի կարծիքը, նաև չի հրավիրել քննարկումներին:
Այս գործընթացի ճակատագիրն արդեն պարզ կդառնա ընտրություններից հետո:
Վերադառնալով Ասրյանին, նշենք, որ նա այն գեներալներից է, որ ստորագրել էր Օնիկ Գասպարյանի ԳՇ ղեկավարման օրոք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ:
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ զինված ուժերում պաշտոնազրկումներ կլինեն: Մասնավորապես, պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը: Ի դեպ, նա զորացրման դիմումը վաղուց էր գրել:
Պողոսյանը չէր ստորագրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ:
Մեր տեղեկությունների համաձայն՝ սպառազինության գնումների գործընթացում չարաշահումների հարցով քրեական գործ հարուցելու խնդիր է եղել:
Զբաղեցրած պաշտոնին հնարավոր է հրաժեշտ տան ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը: Նրանք միացել էին Փաշինյանի հրաժարականի պահանջին: