«Պարոն նախագահ, 1992թ․ ամբողջ ազգով հրապարակում քեզ ասում էին, որ դու Շահումյան, Մարտակերտ պայմանավորվել ես, հանձնել, հավատայի՞նք». Սամվել Բաբայանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի՝ նորանոր հայկական տարածքներ զավթելու ձգտումներին ու գործողություններին, շեշտեց, որ դա թույլ չտալու համար անհրաժեշտ է առաջին հերթին պրոֆեսիոնալ բանակ ունենալ.
«Չունենք էդ բանակը, դրա համար էլ էսօր վախենում ենք կրակել: Բանակ չունենալու համար մեղավոր են բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են վերջին 20 տարին, մինչև օրս, սկսած էսօրվանից, ու մնացածը, ովքեր ղեկավարել են, բոլորն էլ մեղավոր են, ամեն մեկն իր փայաբաժինն ունի, բայց կա մեղավորություն և կա հանցագործություն, ես առաջարկում եմ ստուգել, հանցագործությունները ճշտել ու այդ մարդկանց պատժել»:
Մոտ մեկ ամիս առաջ Սամվել Բաբայանը իր ճեպազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ արցախյան երկրորդ պատերազմում պարտության համար մեղավոր են նաև վերջին 20 տարում բանակը ղեկավարած գեներալները, որոնք իր բնորոշմամբ՝ «հիմա բարձրաձայն գոռում են, գոչում են՝ բռնեք գողին, բռնեք ավազակին, որ իրենք փրկվեն»: Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր այդ հայտարարության հակադարձումներին, որ բանակը վերջին տարիների միակ կայացած կառույցն է, Բաբայանը պատասխանեց.
«Որևիցե մեկը չի ցանկանում իր վրա մեղք վերցնել, որ ինքն է մեղավոր, դրա համար միշտ էլ դա հայտարարելու են, ես դրան ուշադրություն չեմ դարձնում, ես օրինակ էլ եմ բերել՝ կարո՞ղ եք դուք մեզ ասել, թե 92թ.-ին ո՞վ էր մեղավոր, որ Շահումյան, Մարտակերտ և այլն, սաղ հանձնեցինք, գիտե՞ք մինչև էսօր, չգիտեք, չէ՞, հիմա էլ է նույնը, էն վախտ էլ իրար վրա պաս էին տալիս, թե ո՞վ է մեղավոր, որ չասենք՝ կոնկրետ էս մեկն է մեղավոր, թե էն մեկն է, գործերը ստուգենք, հասկանանք, թե ո՞վ պետք է որոշում կայացներ, հրաման արձակեր, դիմեր վերադասին, ով չի կատարել իր պարտականությունը, նա էլ մեղավորն է: Տեսնո՞ւմ եք, հեշտ ճարում ենք, թե էդ մեղավորն ով է»:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում մեր ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները ստեղծված իրավիճակում, Բաբայանը արձագանքեց.
«Ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմական գերատեսչության խնդիրն էր, որ թույլ չտար դա կատարվեր, բայց քանի որ արդեն թույլ է տվել, և մենք մոտավորապես մեր բանակի քանակն էլ գիտենք ինչ է, մեր սահմանի ամբողջ երկարությունը գիտենք, երբ մենք ժամանակին խոսում էինք՝ Ղարաբաղ, Ղարաբաղ, ոմանք ասում էին՝ դե դա մեզ չի վերաբերում, հիմա երկու-երեք անգամ սահմանը երկարաձգվել է, հազար քանի կմ է դարձել, չհաշված Թուրքիայի ճակատը, բերելու է սրան, որ մարդ էլ չունես կանգնեցնես: Դրա համար բացատրում ենք, որ պետք է բանակ կառուցես, գլուխդ կախես, ատամներդ սեղմես, կառուցես պրոֆեսիոնալ բանակ: Էն հեքիաթը, որ պատմում են, որ փող չունենք, էս չունենք, էն չունենք….. փող չունեք, գերի հանձնվեք, հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն, ինչ խոսում ենք, ասում եք՝ փող չունենք: Որպես լրագրող՝ իրավունք ունեք, դիմեք Կառավարություն, հարցրեք՝ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ինչքա՞ն գումար եք ծախսել, 1 մլրդ ծախսե՞լ եք, բա խի՞ չէիք 1 մլրդ-ի զենք առնում, հլը տես քանի միլիարդ ես ծախսելու, ասեք՝ խելք չունենք, հասկանանք, բայց որ ասում եք՝ փող չունենք, չենք հասկանում»,- ասաց Բաբայանը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարն ասաց, որ մինչև այդ այլ խնդիրներ պետք է լուծվեն:
«Առաջին հերթին պետք է Արցախի խնդրի հարցը լուծել, տարածքային ամբողջականությունը վերականգնել, տալ մանդատային տարածք, նոր միայն անցնել էդ խնդրին, եթե դրան չի գնում Ադրբեջանը, ապա որևիցե խնդիր պետք չէ քննարկել: Տավուշի առնչությամբ կասեի, որ այնտեղ կան խնդիրներ, եթե իրոք գնում են դեմարկացիայի, և այլ, և այլ, այնտեղ ահագին տարածքներ կան, որ մերն են իրենց ձեռքին, և հակառակը, կա մի երկու անկլավ, որ իրենցն է, դա էլ է խնդիր, թե ո՞վ է շահողը լինելու, ավելի շատ մենք ենք շահո՞ւմ, թե՞ իրենք»:
Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հրապարակած իր հոդվածում գրել էր, որ «մենք իրականում պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ քաղաքական մտքի տհասության պատճառով ինքներս ենք այդ պարտությունը բերել մեր գլխին», և պնդել, որ պարտության համար մեղավորության իրենց բաժինն ունեն «ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը»:
«Հիմա կարելի է հետ գնալ, ասել՝ գիտե՞ք, ես ճիշտ էի այն ժամանակ, ես ասում եմ՝ չէ, կներեք, երկու կողմն էլ սխալ եք, ասեմ ինչու, եթե դուք զենքն առնեիք, էն, ինչից խոսում էիք, բանակը պատրաստեիք, էս վիճակը չէր լինի, ոչ մի բան չեք արել, «նստել եք թախտին, սպասել՝ բախտին», պարտվել ենք, եկել ասում ես՝ հիշո՞ւմ եք՝ ես ասել էի, ես ճիշտ էի, տենց ես էլ կարող եմ շատ բան ասել: Դա հարցի պատասխան չէ, ես էլ, Առաջին նախագահին հարգելով, ասում եմ՝ պարոն նախագահ, 92թ.-ին ամբողջ ազգով հրապարակում, ընդդիմությունն էլ՝ հետը, քեզ ասում էին, որ դու էդ տարածքները՝ Շահումյան, Մարտակերտ, պայմանավորվել ես, հանձնել, հավատայի՞նք, խի՞, որովհետև չէինք կարողանում կռվել, պատրաստ չէինք, ջոկատներ էինք կռվացնում, հենց իրավիճակը փոխեցինք, զարգացանք, գնացինք առաջ, բոլորն ասեցին՝ հաղթած նախագահ եք, բայց մոռանալով իրականությունը: Հիմա էլ է նույնը, եթե չեք կարողացել կազմակերպել, չեք կարողացել էդ խնդիրը լուծել, բերաններդ փակեք»,- ասաց Բաբայանը: