Բայդենը երկու պետությունների ստեղծումը համարել է Իսրայելի հակամարտության լուծում
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման օգտին: Այդ մասին հաղորդել է NBC News-ը։
Բլինքենի խոսքով՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել այս հարցի ուղղությամբ երկու կողմերի փոխգործակցության համար: Նա նշել է, որ երկու պետությունների ստեղծումը միակ միջոցն է՝ ապահովելու Իսրայելի ապագան որպես հրեական ու դեմոկրատական երկիր եւ դրա հետ մեկտեղ պաղեստինցիներին տալ այն, ինչի իրավունքը նրանք ունեն: Դրա հետ մեկտեղ Բլինքենն ընդգծել է, որ դա պարտադիր չէ իրականացնել այսօր: Նա կարծում է, որ սկզբի համար անհրաժեշտ է դադարեցնել բռնությունը:
Պետքարտուղարը պարզաբանել է, որ հրադադարից հետո անհրաժեշտ է զբաղվել հումանիտար մատակարարմամբ եւ կապերի խորացմամբ ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելացիների հետ: Այն հարցին, թե ԱՄՆ-ն ինչպես է պլանավորում վերականգնել Գազայի հատվածն առանց ՀԱՄԱՍ-ի ուղղակի ֆինանսավորման, Բլինքենը պատասխանել է, որ դրա համար կօգտագործվեն անկախ միջնորդներ:
Ավելի վաղ Բայդենը խոստացել էր, որ ԱՄՆ-ը կօգնի վերականգնել Գազայի հատվածի ենթակառուցվածքը, որը տուժել է վերջերս տեղի ունեցած իսրայելական ռազմական գործողության ընթացքում: Այժմ տեղի մոտավորապես 800 հազար բնակիչներ զրկվել են կանոնավոր կերպով մաքուր ջրմուղային ջրից օգտվելու հնարավորությունից, քանի որ հակամարտության ժամանակ վնաս է հասցվել ցանցի մոտավորապես կեսին:
Բացի այդ, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունում, վկայակոչելով Գազայի հատվածի իշխանությունների տեղեկատվությունը, հայտարարել են, թե գնդակոծություններից 11 օր անց պարզվել է, որ այստեղ ավերվել կամ վնասվել են մոտավորապես 17 հազար շինություններ: Մասնավորապես, ոչնչացվել կամ ոչ պիտանի են դարձել ավելի քան 1,8 հազար շենքեր, վնասվել են 53 կրթական հաստատություններ եւ վեց հիվանդանոցներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: