«Ինչ ե՞ն մտածում ԳՇ հրամանատարությունում, ՊՆ վերնախավում. եթե հրաման չի իջեցվել սահմանային դիրքավորում ապահովելու համար, ո՞րն է իրենց դերն այդ կառույցներում». Տիգրան Աբրահամյան

168.am-ի հարցազրույցը «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

Ինչո՞վ եք բացատրում վարչապետի աթոռից կառչած անձի՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պատասխանատուների հայտարարությունների միջև առկա ակնհայտ հակասությունները: Եվ եթե իշխանությունները վստահեցնում են, որ առկա խնդիրները պիտի լուծվեն դիվանագիտական ճանապարհով, ապա ի՞նչ ձևով և որքանո՞վ ԱԳՆն կարող է ազդել ստվերային գործարքների և գաղտնի բանակցությունների վրա և կանխել դրանց արդյունքում մշակված փաստաթղթերի  ստորագրումը:

– Կարծում եմ, որ այս տեսանկյունից խնդիրն առավել քան պարզ է։ Կա գործընթաց, որ տարվում է ԱԳՆ-ի միջոցով, և կա դրա ստվերային հատվածը, որ վարչապետն իրականացնում է այլ անձանց կամ միգուցե կառույցի միջոցով։ Դա է պատճառը, որ որոշ դեպքերում այն մարմինները, պաշտոնատար անձինք, ովքեր պետք է տիրապետեն խնդրին, տեղյակ չեն լինում ընթացիկ զարգացումներից, իսկ վարչապետն էլ խոսում է միայն այն ժամանակ, երբ գաղտնի բանակցությունների կամ պայմանավորվածության շուրջ մամուլում արտահոսք է լինում։

Ամեն դեպքում կարևոր է, որ ԱԳՆ-ն որոշակի պարբերականությամբ կարմիր գծեր է սահմանում, այլ բան է, որ դա կառավարության ղեկավարին որևէ ձևով չի կաշկանդում մտնելու գաղտնի գործարքների մեջ։

Եթե Փաշինյանը նպատակ դնի հասնելու այս կամ այն վտանգավոր, մեր երկրի համար ոչ շահեկան լուծումների, ապա ԱԳՆ-ին էլ, մնացած կառույցներին էլ կշրջանցի։

– Արևմտամետ քաղաքական ուժերը գտնում են, որ հայադրբեջանական սահմանների ճշգրտման գործընթացը պետք է լինի ոչ թե  եռակողմ, այլ հնգակողմ՝ ներգրավելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկու  երկրներին։ Որքանո՞վ կարող ենք շահել սրանից, և որքանո՞վ այն կարող է այլ ռիսկերի հանգեցնել: Այսինքն, սրանով մենք ղարաբաադրբեջանական  կոնֆլիկտը չե՞նք վերածում հայ-ադրբեջանականի, որի դեպքում տարածքային  խնդիրներ ենք առաջ քաշում ՀՀ տարածքի վերաբերյալ:

– Այս պահին ձևաչափի հարցը չէ։ Խնդիրը նրանում է, թե ինչպես, ինչ պայմաններում ենք ներկայանում բանակցություններին, ովքեր են բանակցում և ինչ նպատակ են հետապնդում։

Վերջին երեք տարիները ցույց են տվել, որ ցանկացած լուրջ գործընթաց, որին ներգրավվում են այս իշխանությունները,  կամ պատերազմի,  կամ էլ  զիջման է հանգեցնում։ Ցավոք, նախադեպն է այդպիսին։ Դա է պատճառը, որ պետք է հասարակական, քաղաքական ճնշման միջոցով հասնել փակ դռների հետևում ընթացող բանակցություններին և կանխել հերթական վտանգավոր պրոցեսը։

Մեկ այլ ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև այն, որ այս իշխանությունն այլևս լեգիտիմություն չունի ոչ միայն կառավարելու, այլև երկրի համար կարևորագույն հարցերի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու  կամ ստորագրելու:

– Դուք հայտարարել եք, որ երկրի քաղաքական ղեկավարությունը երկրի պաշտպանության ապահովման խնդիր զինված ուժերին  չի   իջեցրել, ինչը նշանակում  է, որ հետագայում էլ  նոր  ագրեսիայի  բավականին   մեծ  ռիսկեր  կան։ Ի՞նչ ագրեսիայի մասին է խոսքը, և մի՞թե ԳՇ-ն Փաշինյանի առաջ  պահանջներ չի դրել, քանի որ  շատ է խոսվում, որ դիրքերի, բնագծերի ստեղծումը, դրանց կահավորումը ԳՇ-ի խնդիրն է: Արդյո՞ք առանց Փաշինյանի՝ ԳՇ պետը կարող է նման գործընթաց սկսել, ավելին, կտրուկ միջոցների գնալ սահմանների խախտման դեպքում:

Եթե վարչապետը խնդիր իջեցներ Գլխավոր շտաբին, պաշտպանության նախարարին՝ ապահովելու սահմանների համապատասխան ձևավորում և կահավորում, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, ինչը ենթադրում է տարբեր կառույցների միջոցով այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում։ Եթե 7 ամիս այդ ուղղությամբ աշխատանք չի տարվել, ապա այդ մասին պետք է զեկուցված լիներ կառավարության ղեկավարին։

Ընդ որում՝ վերահսկող մարմինները քիչ չեն, այնպես որ, չզեկուցելու տարբերակն իմ համար քննարկման ենթակա չէ։

Մյուս կողմից, հետաքրքիր է, թե ի՞նչ են այս մասին մտածում ԳՇ հրամանատարությունում, ՊՆ վերնախավում, որովհետև եթե նրանց հրաման չի իջեցվել սահմանային դիրքավորում ապահովելու համար, ապա այդ դեպքում ո՞րն է առհասարակ իրենց դերն այդ կառույցներում։ Իսկ ո՞ւր մնաց խիղճը, ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները, ինչպես կարելի էր մարդկանց անպաշտպան թողնել, ինչպես կարելի էր թույլ տալ, որ Ադրբեջանը մեզ նման իրավիճակի հասցներ։

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «դեռևս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում»: Մենք գիտենք,  որ 30 տարվա ընթացքում դիրքային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, այսինքն՝ մենք ենք առաջ եկել, իրենք են առաջ եկել, և այսօրվա միջդիրքային տարածքը  90-ականների միջդիրքային տարածքը չէ, իր, այսպես ասած, մասշտաբով: Այս դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում սահմանների ճշգրտումը:

– Մեր յուրաքանչյուր առաջխաղացում, դիրքային բարելավում կոնկրետ նպատակ է ունեցել՝ ապահովել մեր սահմանամերձ բնակավայրերի, մայրուղիների, ռազմավարական օբյեկտների անվտանգությունը, պայմաններ ապահովել հնարավոր ռազմական գործողությունների դեպքում պաշտպանական, հակահարձակողական կամ հարձակողական գործողություններ իրականացնել։ Ես հասկանում եմ, որ Փաշինյանը, ինչպես մյուս հարցերում, այնպես էլ՝ հատկապես անվտանգային հարցերի շուրջ, սիրողական բնույթի գիտելիքներ և տեղեկատվություն ունի, և շատ դետալներ չի պատկերացնում: Բայց մենք մեզ համար պետք է հասկանանք՝ դա բավականին ծանր գործընթաց է, և եթե նույնիսկ ստիպված լինենք սահմանագծման, սահմանազատման աշխատանքների փուլ մտնել, ապա այդ պարագայում երկիրը պետք է ղեկավարեն մարդիկ, ուժեր, որոնք տիրապետում են իրավիճակի ողջ նրբերանգներին, ունեն բանակցելու, հայկական շահն առաջ մղելու ռեսուրս և ցանկություն։

Այս իշխանությունների դեպքում ցանկացած գործընթաց տապալվելու է, կամ, որ հաճախ է լինելու՝ ծառայելու է թշնամու շահերին։

 

Տեսանյութեր

Լրահոս