«Եթե Ալիևը պատրաստ է խաղաղության, թող վերադարձնի մեր Հադրութը, Շուշին, բուֆերային գոտի ստեղծվի». Անժելա Էլիբեգովա

«Զարմանալի է, չէ՞, երբ ադրբեջանական զորքերն իր իսկ ասելով (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ռ.Մ.)՝ 500-600 հոգով արդեն հանգիստ ճեմելով զբոսնում են ՀՀ տարածքում, ինչո՞ւ են մարդիկ դրանից աղմուկ բարձրացնում: Կարծես թե դա արդեն դարձել է նորմալ, մեզ փորձում են համոզել, որ դա նորմալ է, ոչ մի արտասովոր բան չկա, որ մեր զինվորներին ծեծում են, իրենց ձեռքից զենք են խլում, և բացարձակ անօրինական ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում, մեր տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններ, որոնք մնում են անարձագանք, իշխանությունները դրան մնում են անհաղորդ և տպավորություն են փորձում ստեղծել, որ այդպես էլ պետք է լինի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան այսպես արձագանքեց ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արտահայտած զարմանքին, թե որևէ մեկն իրեն կարո՞ղ է բացատրել՝ ինչի համար է աղմուկ բարձրացել:

Էլիբեգովան ընդգծեց՝ դուրս էին եկել փողոց, որ ցույց տան՝ այդպես չպետք է լինի, կա հանրության զանգված, որը դրան դեմ է, և որի համար այս իրավիճակն ընդունելի չէ. «Բուն փաստաթղթի գոյությունն է արդեն մտահոգություն առաջացնում, որովհետև այն որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Բոլոր պրոցեսները, որոնք 6 ամսվա ընթացքում տեղի են ունենում, և փորձագետները բազմիցս խոսել են այս ռիսկերի մասին, որոնց ականատեսը մենք հենց հիմա լինում ենք: Այսինքն՝ քանի անգամ խոսվել է այդ մասին, որ Սյունիքի շուրջ և կոմունիկացիաների բացման շուրջ բոլոր իրավական խնդիրները, սահմանազատման խնդիրները լուծված չեն, և իշխանությունը չի փորձում լուծել: Օրերից մի օր եկանք-հասանք նրանք, որ իմանում ենք՝ գոյություն ունի ինչ-որ գաղտնի փաստաթուղթ, որի գոյության մասին իշխանությունը հանրությանը չէր շտապում ասել, և եթե հանրայնորեն այդ աղմուկը չբարձրանար, հավանաբար լինելու էր նույնը, ինչ նոյեմբերի 9-ին, երբ մարդիկ ուղղակի արթնացան և իմացան, որ մենք ստորագրել ենք կապիտուլյացիոն փաստաթուղթ»:

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ որպեսզի սահմանային միջադեպեր չլինեն, սահմանները պետք է հստակեցվեն, իսկ այս փաստաթուղթը հենց դրա մասին է, նա արձագանքեց. «Այդ փաստաթուղթն անընդունելի է, և կարծում եմ՝ ՀՀ ցանկացած գիտակից քաղաքացի հասկանում է, որ չի կարելի սահմանազատման պրոցեսը սկսել նման պայմաններում և նման կերպով, որովհետև այն որևէ պարագայում հայանպաստ լինել չի կարող, և երբ իրենք փորձում են պնդում անել, որ փաստաթուղթը 100 տոկոսով հայանպաստ է, լավ, միգուցե մարդիկ չեն կարդում տեքստը, չեն փորձում հասկանալ, չեն լսում մասնագետներին, փորձագետներին, իրավաբաններին, որոնք մանրակրկիտ բացատրում են՝ ինչու է սա սխալ և անընդունելի, չեն հասկանում՝ ինչու է ԱԳՆ-ն ըմբոստացել և հրաժարվում այդ ամենի տակ մտնել, եթե այդ ամենը մի կողմ են դնում և չեն ուզում մտածել, պարզ մի հարց կարող են տալ՝ այսօր Իլհամ Ալիևն արդյո՞ք հայանպաստ որևէ փաստաթուղթ կստորագրի ներկա իշխանությունների հետ՝ պարզ է, որ ոչ: Այսինքն՝ հասկանալի է, որ մեզ հերթական  անգամ փորձում են ստել, մեդիաաղմուկով, հերքում-հաստատումներով խառնաշփոթ ստեղծել, մեղադրել բոլորին, ՊՆ-ն սկզբից ասի՝ չկա նման բան, հետո ասի՝ կա, հետո մարզպետը հերքի, հետո հաստատեն, հետո իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ իրար հակասող պնդումներ անեն, և մարդիկ խճճվեն այդ աղմուկի մեջ»:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ այս իշխանությունների գործողությունների հետևանքով Արցախի հարցը փակվի, նա պատասխանեց. «Եթե իրենք շարունակեն նման ոճով հակապետական գործունեությունը և Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող որոշումներ կայացնել, այո, այդ հավանականությունը բավականին ռեալ է, ասեմ ավելին՝ Սյունիքը կորցնելու վտանգն օրեցօր շատ ավելի ռեալ է դառնում»:

Ըստ նրա՝ Ալիևը շտապում է, որովհետև հասկանում է, որ հունիսի 20-ից հետո այդ հնարավորությունները ավարտվելու են. «Ալիևը հասկանում է, որ հունիսի 20-ից հետո չի կարող Հայաստանում ունենալ գործընկեր, որը կգնա բոլոր այն զիջումներին, որոնք պետք են Ալիևին, հետևաբար, հասկանում է, որ ուժով, ստիպելով, շանտաժով, վախեցնելով՝ փորձելու է 1 ամսում այդ բոլոր հարցերը պարտադրել հայկական կողմին՝ լուծել: Դրա համար հիմա այսպիսի աժիոտաժի մեջ արագ ինչ հնարավոր է՝ փորձում են անել և՛ Սյունիքում, և՛ Գեղարքունիքում, և՛ Տավուշում»:

Անդրադառնալով իշխանությունների կողմից դաշտ նետված Արծվաշենի թեզին, թե իբր, եթե Հայաստանը վերադարձնի ադրբեջանական անկլավները, Ադրբեջանն էլ կվերադարձնի Արծվաշենը, Անժելա Էլիբեգովան ընդգծեց. «Հասկանալի է, չէ՞, որ Արծվաշենի հարցը չի լուծվելու: Այդ տարածքներն Ադրբեջանին անցնելու են, իսկ Արծվաշենի հարցը այդպես էլ չի լուծվելու, անգամ լուծվելու դեպքում հասկանում եք, չէ՞, որ դա համարժեք չէ, որովհետև Արծվաշենն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակություն չունի, իսկ այն գյուղերը, որոնք պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, դա մեզ համար անվտանգության տեսանկյունից ծայրաստիճան անընդունելի և վտանգավոր է»:

Ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջան» հաստատելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը՝ Էլիբեգովան հետևյալն ասաց. «Ես ոնց հասկանում եմ՝ ըստ իրենց՝ խաղաղության դարաշրջանը ենթադրում է, որ ադրբեջանցիները կրակում են մեր խաղաղ բնակիչների տների վրա, գողանում են նրանց անասուններին, ծեծում են գյուղացիներին և ահաբեկում մարդկանց: Եթե դա է իրենց պատկերացրած խաղաղության դարաշրջանը, ես չեմ ուզում ապրել նման խաղաղության պայմաններում»:

Դիտարկմանը՝ Փաշինյանը ասել է, որ պետք է անցնել դժոխային ճանապարհի միջով, նա արձագանքեց. «Այսինքն՝ ադրբեջանցիները պետք է շարունակեն մեզ սպանել, ահաբեկել, սպառնալ և վայրագություններ իրականացնել, հետո գա խաղաղությո՞ւն, դա՞ է իրենց պատկերացրած խաղաղության դարաշրջանը, որ մեզ շարունակեն ոչնչացնել, մենք ոչ մի հակազդեցություն դրան չտանք, և հետո ձև անենք, որ դա խաղաղություն է, հա՞, ո՛չ»:

Նա նկատեց. «Թող Ադրբեջանը վերադարձնի մեր Հադրութը, Շուշին, հետ քաշվեն, բուֆերային գոտի ստեղծեն Սյունիքի շուրջ, և մտածենք խաղաղ համակեցության մասին: Եթե Ադրբեջանը և Ալիևը պատրաստ են մեզ հետ խոսել խաղաղության լեզվով, թող իրենց բարի կամքի դրսևորումը ցույց տան և չշարունակեն մեր տարածքային ամբողջականությունը էլ ավելի շատ խախտել, քան արդեն խախտել են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս