Բենզեման վերադառնում է հավաքական․ ինչո՞ւ էր նա բացակայում 6 տարի
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման ընդգրկվել է Եվրո-2020-ի Ֆրանսիայի ազգային հավաքականի հայտացուցակում:
33-ամյա հարձակվողը գրեթե 6 տարի խաղադաշտ դուրս չի եկել ազգային հավաքականում, այս պահին նրա վերջին հանդիպումն ազգային հավաքականի հետ եղել է Հայաստանի դեմ 2015 թվականի հոկտեմբերին:
Բենզեման 2015 թվականին հեռացվել էր հավաքականի սկանդալի պատճառով։
Պաշտոնական վարկած
2015 թվականի նոյեմբերի 4-ին Բենզեման ձերբակալվեց ֆրանսիական ոստիկանության կողմից՝ Մաթյո Վալբուենայի դեմ շանտաժի գործի կապակցությամբ: Երեկոյան նա ցուցմունք տվեց, գիշերը անցկացրեց ոստիկանության բաժանմունքում, առավոտյան կրկին ցուցմունք տվեց և վերադարձավ Մադրիդ: Մի քանի օր անց նա մեղադրվեց շանտաժի մեջ:
Ոստիկանության տվյալներով՝ երեք հարձակվողները, իրենց տրամադրության տակ ունենալով Մաթյո Վալբուենայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութ, կապ են հաստատել Բենզեմայի մտերիմ ընկեր Քարիմ Զենատիի հետ, որը հայտնի է հանցագործների հետ կապերով:
Հետաքննության համաձայն՝ Բենզեման օգնել է Մաթյոյի սեքսուալ բնույթի տեսանյութը ստացած հանցագործներին գտնել կիսապաշտպանին՝ շանտաժի ենթարկելու համար:
«Քարիմը խնդրեց ինձ հանդիպել իր ընկերոջը, որին նա ներկայացրեց՝ որպես շատ հուսալի և վստահելի: Բայց ես այդքան հիմար չեմ, ուստի ես թերահավատորեն էի վերաբերվում այս խոսքերին: Ես գիտեմ, որ Բենզեման ուզում էր, որ ես այս մարդուն ոչ թե հենց այդպես տեսնեի, այլ վճարեի տեսահոլովակի ոչնչացման համար»,- Le Monde-ին ասել է Մաթյոն:
Հետո նույնիսկ ֆրանսիացի քաղաքական գործիչները դուրս եկան Քարիմի դեմ: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը ասաց, որ Բենզեման տեղ չունի հավաքականում: Արդյունքում, Քարիմը չխաղաց Եվրո 2016-ում և դրա համար մեղադրեց Դիդյե Դեշամին:
«Նա ենթարկվեց ճնշմանը Ֆրանսիայի ռասիստական հատվածի կողմից: Սպորտային առումով ես չեմ հասկանում այս որոշումը: Իրավական առումով` ես չեմ դատապարտվել, մեղավոր չեմ ճանաչվել, մենք պետք է սպասենք արդարադատության որոշմանը»,- ասել է Բենզեման։
Դրանից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Նոել Լե Գրան ասաց ազգային հավաքականում Բենզեմայի կարիերան ավարտելու մասին: Ի պատասխան՝ Քարիմը փորձեց ձեռք բերել Ալժիրի (նրա ծնողների հայրենիքը) ֆուտբոլային քաղաքացիություն, բայց գործընթացը չափազանց բարդ էր:
Ի դեպ, շանտաժի գործը դեռ չի փակվել՝ աշնանը Քարիմը դատարանում հանդես կգա՝ որպես մեղադրյալներից մեկը:
Դեշամը հունվարին ասաց, որ չի ներելու Բենզեմային: Բայց նրանք հանդիպեցին, և հիմա Քարիմն ազգային հավաքականում է։
Հետաքրքիր է, որ ձմռանը Դեշամը չէր ցանկանում Բենզեմային տեսնել թիմում` ոչ թե ֆուտբոլային պատճառներով, այլ այն պատճառով, որ հարձակվողը մարզչին մեղադրում էր ռասիզմի մեջ:
«Դա մնում է իմ հիշողության մեջ: Նույնիսկ, եթե որոշ ժամանակ անց դա մոռացվի, միևնույն է, ես երբեք չեմ մոռանա դրա մասին: Ինչ վերաբերում է մարզչի ընտրություններին, մարտավարությանը, տեխնիկական ասպեկտներին, դա նորմալ բան է և նշանակություն չունի: Բայց այստեղ մի գիծ հատվեց: Նա վարկաբեկեց իմ անունը, իմ ընտանիքը: Դա ինձ համար անընդունելի է»,- ասել է Դիդյեն RMC Sport-ին տված հարցազրույցում:
Անցել է վեց ամսից էլ պակաս, և Քարիմն ազգային թիմում է: Դեշամը բացատրեց, որ դա զուտ իր որոշումն էր.
«Ձևականորեն ես որոշում կայացրեցի նրան այսօր կանչելու: Բայց դա որոշ ժամանակ ապրում էր գլխումս: Մենք հանդիպեցինք նրա հետ, երկար զրույց ունեցանք, հետո ես լավ մտածեցի և որոշում կայացրի: Ես չեմ բացահայտի մեր հանդիպման մանրամասները: Եվ նշանակություն չունի, թե ով է նախաձեռնել դա:
Ես պատասխանատվություն ունեմ։ Թիմի հաջողությունը վեր է անձնական խնդիրներից: Քարիմի ժամանումը կանդրադառնա՞ ազգային հավաքականում տիրող մթնոլորտի վրա: Իմ պատասխանն իմ որոշման մեջ է: Նույնիսկ, եթե ես թիմում ընտրեի ընդամենը 23 հոգու, Քարիմը պետք է լիներ այնտեղ»:
Տարօրինակ է, բայց աշխարհի գործող չեմպիոնները հարձակվողների խաղին հարմարվելու խնդիրներ ունեն: Մարտի հանդիպումների համար Դեշամը մարտահրավեր նետեց հարձակվողական հինգ խաղացողների՝ Օլիվիե Ժիրուին, Կիլիան Մբապպեին, Անտուան Գրիզմանին, Էնթոնի Մարսիալին և Վիսամ Բեն Յեդերին:
Ուկրաինայի, Ղազախստանի և Բոսնիայի դեմ երեք խաղում նրանք գրանցեցին 2 գոլ (երկուսն էլ՝ Գրիզմանից) և 2 գոլային փոխանցում (Մարսիալ և Գրիզման): Միևնույն ժամանակ, Անտուանը միշտ չէ, որ ազգային հավաքականում խաղում է մաքուր կենտրոնական հարձակվող, Մբապպեն հաճախ է դուրս գալիս եզրից, իսկ Մարսիալը վնասվածք ունի։
Ինքը՝ Քարիմը, շատ գոհ է հավաքական վերադարձի համար։
«Ես շատ հպարտ եմ, որ վերադարձա հավաքական: Եվ ես շնորհակալ եմ, որ նրանք հավատացին ինձ: Շնորհակալություն իմ ընտանիքին, իմ ընկերներին, իմ ակումբին, բոլորիդ՝ նրանց, ովքեր ամեն օր աջակցում էին ինձ և ուժ տալիս»:
Սիրարփի Աղաբաբյան