«Թբիլիսին շատ լավ է հասկանում իր սահմանափակ հնարավորությունները հայ-ադրբեջանական հարաբերություններում և Արցախի հիմնահարցի համատեքստում». Ջոնի Մելիքյան

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության նախկին փոխտնօրեն, գնդապետ Բորիս Ավագյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ պետք է պարզել, թե ով է տվել այդպիսի «շատ խելոք» խորհուրդ Նիկոլ Փաշինյանին՝ դիմել Վրաստանի վարչապետին, որպեսզի նա զանգահարի Ալիևին և քննարկի ՀՀ սահմանային հարցեր։

Ըստ Բ. Ավագյանի, հայկական կողմը դիմել է Վրաստանի վարչապետին, երբ վարչապետը Հայաստանում էր, և նա զրույց է ունեցել Ալիևի հետ Սյունիքում սահմանային իրավիճակի վերաբերյալ:

«Հայկական կողմը, ում հնարավոր է եղել դիմել՝ դիմել է, ինչը  նեգատիվ է ընկալվել Ռուսաստանում։ Պետք է արձանագրել, որ Հայաստանը դաշնակից է Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ Վրաստանն այսօրվա դրությամբ շատ բացասական հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, ցանկացած գործողությունները Վրաստանի հետ դեմ են Ռուսաստանի Դաշնությանը, այդ պայմաններում դիմել Վրաստանի վարչապետին՝ ծիծաղելի է»,- նշել էր Բորիս Ավագյանը։

Արդյոք Վրաստանը հայ-ադրբեջանական սահմանային հարցերի շուրջ կարո՞ղ է գործոն լինել, և առհասարակ իմաստ կա՞ր դիմելու Վրաստանին՝ հաշվի առնելով վրաց-ադրբեջանական և ռուս-վրացական հարաբերությունները։ Այս հարցերի վերաբերյալ 168.am-ի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ չի կարծում, թե Հայաստանը նման խնդրանքով դիմել է Վրաստանի վարչապետին։

«Վրաստանի վարչապետը տարածաշրջանային այցերի շրջանակներում այցելել է Բաքու և Երևան, իրենց ազգային շահերից ելնելով՝ հասկանալու համար, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Հետաքրքիր է, որ Սյունիքի այդ գործողությունները սկսվեցին հենց Վրաստանի վարչապետի Երևան այցի օրը, ինչը նաև պաշտոնական Թբիլիսիի համար պարզ էր դարձնելու, որ նախորդ տարվա նոյեմբերից այս կողմ իրավիճակը տարածաշրջանում փոխվել է, և Բաքուն դարձել է պակաս կանխատեսելի գործընկեր։ Հետևաբար՝ Վրաստանը ևս պետք է որոշ բաներ հասկանար, որ գուցե իրենց հետ էլ Բաքուն կարող է կոշտացնել իր գործելաոճը։ Հենց այստեղ է, որ պետք է հասկանանք՝ Վրաստանը նույնպես ունի իր մտածելու խնդիրները։ Չգիտեմ, Վրաստանին դիմելու վերաբերյալ հայտարարություններն ինչի՞ հիման վրա են արվել, սակայն կարծում եմ՝ դա քիչ հավանական է»,- նշեց Ջոնի Մելիքյանը։

Ըստ փորձագետի, Հայաստանն ունենալով սահմանային խնդիրներ՝ դիմել է Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և կարծում է՝ սրան զուգահեռ ևս այլ լծակներ օգտագործելը, մասնավորապես՝ Վրաստանին դիմելը, ճիշտ չէ, քանի որ պետք է հասկանան, որ Վրաստանի հնարավորությունը՝ ազդելու որոշակի պրոցեսների, հատկապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, հասցված է մինիմալի։

«Հիշեցնեմ, երբ Վրաստանը մեզ համար հարթակ էր առաջարկում, նա ուղղակի ոչ թե միջնորդություն էր առաջարկում, այլ տարածք էր տրամադրում, որպեսզի հայ և ադրբեջանական կողմերն իրենց տարածքում ցանկության դեպքում հանդիպեն և բանակցեն։ Թբիլիսին շատ  լավ է հասկանում իր սահմանափակ հնարավորությունները հայ-ադրբեջանական հարաբերություններում և Արցախի հիմնահարցի համատեքստում։ Նաև Երևանն ու Բաքուն են հասկանում, որ Վրաստանի հետ կապված որևէ ակնկալիք չպետք է ունենալ։ Վրաստանն ունի իր ազգային շահերը, և դրանից  է բխում, որպեսզի տեղյակ լինի բոլոր գործընթացներից»,- հավելեց նա։

Արցախի 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի նկատմամբ Վրաստանի վերաբերմունքը փոխվե՞լ է, այս հարցի վերաբերյալ էլ Ջոնի Մելիքյանը հետևյալ պատասխանը տվեց.

«Նոյեմբերի 9-ից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ արդեն Վրաստանի ազգային շահերից է բխում, որ Հայաստանը լինի ավելի ուժեղ, քանի որ այս փոփոխվող տարածաշրջանում Բաքվի էլ ավելի ուժեղացումը կարող է բերել նաև ոչ այդքան բարիդրացիական հռետորականությանը հենց Վրաստանի հետ հարաբերություններում։ Այսօր արդեն եթե Ադրբեջանը ստանում է այլընտրանքային ուղիներ ոչ Վրաստանի տարածքով անցնող՝ դեպի Նախիջևան և Թուրքիա, այս ամենը կարող է նվազեցնել Վրաստանի դերը, ինչն էլ իր հերթին՝ կնվազեցնի Վրաստանի տարածաշրջանային դիրքավորումը, որը կար նախկինում՝ որպես տարածաշրջանային կարևոր երկիր»։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Թբիլիսիում հասկանում են, որ պետք է Հայաստանի հետ հարաբերություններն ակտիվացնեն՝ չվնասելով մի կողմից՝ թուրք-ադրբեջանական համագործակցությանը, մյուսից կողմից, ելնելով իրենց ազգային շահերից՝ պետք է նաև ՀՀ-ի հետ հարաբերություններն ակտիվ լինեն։

Նրա կարծիքով՝ կա այն հնարավորությունը, որ գուցե որոշակի ուղղություններում, որոնք նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին չեն հակասում, օրինակ՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, ռուս-հայկական հարաբերություններին, պետք է մաքսիմալ օգտագործվի և հայ-վրացական հարաբերություններն ակտիվանան։ «Սակայն այս ամենը չի նախատեսում, որ Վրաստանը կարող է Հայաստանի ու Ադրբեջանի միջև որևէ միջնորդի դեր կատարել»,- եզրափակեց Ջոնի Մելիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս