Կորպուսը հավաստիացնում է, որ նման բան չկա․ Գեղարքունիքի մարզպետը՝ շրջափակման մեջ հայտնված հայ զինծառայողների վերաբերյալ լուրերի մասին
Սյունյաց քառօրյա բանակցությունները, ըստ իրարամերժ լուրերի, ավարտվել են, թե ինչ արդյունքներով՝ անհայտ է․ արդյունքների մասին մարզային իշխանությունները հորդորում են դիմել ավելի բարձր ատյաններին, իսկ բարձր ատյաններից խնդրում են դեռ սպասել հստակեցման։
Գեղարքունիքի սահմանը հատած ադրբեջանական զինուժի մասին տեղեկությունները ևս հակասական են՝ նշվում է, որ թշնամին վրաններ է տեղադրում, և, որ անգամ կան շրջափակման մեջ հայտնված հայ զինծառայողներ։
168.am–ի հարցմանն ի պատասխան՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, անդրադառնալով շրջափակման մեջ հայտնված հայկական խմբի մասին լուրերին, նշեց․ «Կորպուսը հավաստիացնում է, որ նման բան չկա․ ես ի պաշտոնե կորպուսին եմ հավատում։ Ես չեմ դրա պատասխանատուն, որ Ձեզ հստակ մեր դիրքերն ու բաշխվածությունն ասեմ, բայց բանակային կորպուսն էլ ասում է, որ նման խնդիր չունենք մենք»։
Քանի որ 168.am-ի Գեղարքունիքի աղբյուրների պնդմամբ, այս պահին շրջափակման մեջ հայտնված զինվորներ կան, մենք կրկնեցինք հարցը՝ այսինքն՝ շրջափակման մեջ զինվոր չունե՞նք, ինչին ի պատասխան՝ Գնել Սանոսյանն արձագանքեց․
«Ըստ բանակային կորպուսի՝ ոչ»։
Իսկ թշնամու կողմից վրանների տեղադրման մասին տեղեկությունների մասին էլ ասաց․
«Հնարավոր է՝ որոշ տեղերում փորձեն իրենց համար պայմաններ ստեղծել՝ հաշվի առնելով նաև եղանակային պայմանները․ երբեմն անձրևներ են գալիս, և այլն»։
Գեղարքունիքի մարզպետը նաև նկատեց, որ բնակչության շրջանում կա անհանգստություն․
«Բոլորիս մոտ էլ կա անհանգստություն․ ակնհայտ է, որ մեր սահմանը խախտվել է, բայց մյուս կողմից էլ՝ ժողովրդի տրամադրությունն այնպիսին է, որ կարիքի դեպքում՝ իրենք մեր բանակի կողքին մեր սահմանները կպաշտպանեն»։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ՊՆ-ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին․ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։
Հիշեցնենք նաև, որ մայիսի 14-ին տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիներն Ակներ գյուղի վերևի հատված էին առաջացել, որի հետևանքով Գորիս քաղաքն ընկնում է անմիջական նշանառության տակ։