Իսրայելապաղեստինյան ռազմական բռնկում. ի՞նչ է կատարվում և ի՞նչ պետք է սպասի Հայաստանը

Մինչ Հայաստանը չի կարողանում դուրս գալ Ղարաբաղյան պատերազմից հետո աննախադեպորեն խորացած արտաքին ու ներքին քաղաքական, անվտանգային ճգնաժամից, աշխարհաքաղաքական իրադարձությունները Հայաստանի հարևան տարածաշրջանում կայծակնային արագությամբ են զարգանում՝ հայաստանյան իրողությունների վրա ապագա անդրադարձի հեռանկարով: Արդեն մի քանի օր է, ինչ բռնկվել է իսրայելապաղեստինյան հակամարտությունը, ինչն աննախադեպ իրադարձություն է վերջին տարիների ընթացքում: Որոշ փորձագետներ կարծում են, որ սա ունի արտաքին հետք ու տեղավորվում է վերջին շրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների միտումների շրջանակում՝ պայմանավորված ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությամբ, որն անպայմանորեն իր արձագանքն է ունենալու հարավկովկասյան իրավիճակի վրա, իսկ ոմանք սա համարում են զուտ իրավիճակային խնդիր:

«168 Ժամ»-ի հետ զրույցում Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը՝ անդրադառնալով վերջին օրերին վերսկսված Իսրայել-Համաս ռազմական դիմակայությանը, նախ ասաց, որ Երուսաղեմում վերջերս տեղի ունեցած անկարգություններն անմիջականորեն կապված էին Պաղեստինյան ինքնավարությունում նախատեսված ընտրությունների հետ: Նրա խոսքով, ՊԻ ղեկավար Մահմուդ Աբբասի որոշմամբ՝ ընտրությունները հետաձգվել են անորոշ ժամանակով, ինչը շատ տհաճ նորություն էր Համասի ղեկավարության համար, որը, ըստ հարցումների, կարող էր հաղթել ընտրություններում և իշխանության գալ ոչ միայն Գազայի հատվածում, այլև ընդհանուր առմամբ Պաղեստինյան ինքնավարությունում:

«Մահմուդ Աբբասը, հասկանալով, որ Իսրայելի կառավարությունը թույլ չի տա Համասի նախընտրական արշավը Երուսաղեմում, դա օգտագործեց՝ որպես պատրվակ ընտրությունները հետաձգելու համար: Որպես պատճառ՝ ընտրվեցին Ռամադանի տոնակատարության ժամանակ ամեն տարի առաջացող կրքերը: Այս անգամ, բացի սովորական բախումներից, ավելացան անկարգություններ Շխեմի դարպասի մոտ, Տաճարի լեռան ցույցերը և Ալ-Ակսայի մոտ ցուցարարների և սահմանապահների արյունալի բախումները: Համասը միացավ առճակատմանը՝ Երուսաղեմի դեմ պատերազմ սկսելու կոչով: Երուսաղեմի ցույցերին գումարվեցին նաև ցույցեր Թուրքիայում, ինչպես նաև պաղեստինցի փախստականների ճամբարներում Լիբանանում և Սիրիայում: Իրանում տեղի ունեցավ նաև Ալ-Ակսային սատարող ցույց, և միանշանակ կոչ.

«Մուսուլմաններ, պայքարեք Երուսաղեմի համար» կարելի է լսել Թեհրանի և Անկարայի պաշտոնական դեմքերից, որտեղ նախագահ Էրդողանը նույնիսկ սովորել է մի քանի խոսք եբրայերենով Իսրայելին դատապարտելու համար: Մահմուդ Աբբասը հասավ նրան, ինչին ձգտում էր՝ ՊԻ ընտրությունները հետաձգվեցին անորոշ ժամանակով: Ինչպե՞ս կարելի է ընտրություններ անցկացնել, երբ Երուսաղեմում «չար սիոնիստները կրկին ոտնահարում են մեր Ալ-Ակսան»: Բայց ՊԻ ղեկավարի ավանտյուրան շարունակվեց»,- ներկայացրեց Ցինկերը՝ շարունակելով՝ Համասն օգտվելով պահից՝ փորձեց հանդես գալ՝ որպես Երուսաղեմի և Ալ-Ակսա մզկիթի պաշտպան, ինչը կփրկի պաղեստինցիների կորցրած պատիվը: «Համասը, որն ընդունեց հրահրման արշավը, կարողացավ այրել քաղաքը, բայց գնաց ավելի հեռու, քան պետք էր: Համասը Իսրայելին վերջնագիր ներկայացրեց՝ դուրս բերել ուժերը Շեյխ-Ջարախից և Տաճարի լեռից, երբ ժամկետն ավարտվեց, սկսեց հրթիռային հարվածները Երուսաղեմին: Թվում է, թե հասավ ցանկալի հաղթանակին, սակայն հաղթողի հարցը դեռ հեռու է լուծումից»,- նման կարծիքի է իսրայելցի քաղաքագետը:

Նա գտնում է, որ, ըստ ամենայնի, Համասը հույսը դրել էր Իսրայելի ցանկության վրա՝ արագորեն դադարեցնելու հրթիռային դիմակայությունը: Ցինկերի որակմամբ, դա սխալ հաշվարկ էր: «Համասի դեմ երկարատև ռազմական արշավը կարող է ապահովել Նեթանյահուի կառավարությանը անհրաժեշտ թթվածնով, որը նրան այդքան հարկավոր էր: Այդ պատճառով ես չեմ բացառում, որ Գազայի հատվածում հերթական պատերազմը կարող է դառնալ հնարավոր սցենար»,- ասաց Ալեքսանդր Ցինկերը:

Անդրադառնալով Իրանի ու Թուրքիայի դերակատարությանը՝ իսրայելցի վերլուծաբանն ասաց, որ ուղիղ կերպով ոչ Իրանը, ոչ Թուրքիան, ոչ էլ այլ երկրները չեն ներքաշվելու այս իրադարձություններում: «Ես հույս ունեմ, որ ցամաքային գործողություններին բանը չի հասնի, բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր՝ վաղը և մյուս օրը չի ավարտվելու»,- ասաց նա:

«Երբ մենք խոսում ենք մեծ Միջին Արևելքի մասին, դրանում է և Մերձավոր Արևելքը, և Հարավային Կովկասը, բայց այն խնդիրները, որոնք կան ու ծագում են, ոչ միշտ են տարածվում տարածաշրջանի բոլոր խնդիրների կամ երկրների վրա: Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեզ մոտ, իսրայելապաղեստինյան հակամարտության շարունակությունն է, և չեմ կարծում, որ սա ինչ-որ կերպ անդրադառնալու է այն պրոցեսների վրա, որոնք Ձեր տարածաշրջանում են տեղի ունենում, կամ կապ կարող է ունենալ ինչ-որ կերպ: Հասկանալի է նաև, որ Հայաստանում մշտապես փորձում են ստուգել, թե ինչպես կանդրադառնան հարակից իրավիճակները Հայաստանի վրա, հատկապես, երբ շատ խնդիրներ կան Հայաստանի առջև, բայց այն, ինչ ներկայումս է տեղի ունենում, ուղիղ կերպով որևէ կերպ կապված չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ նույնիսկ Թուրքիայի հետ, քանի որ, երբ այսօր նախագահ Էրդողանը բղավում է, թե՝ վաղը եկեք՝ գնանք Երուսաղեմ, դա հայտարարություն է՝ նախատեսված ներքին օգտագործման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի արաբական երկրների համար, որոնց համար թուրքերը ցանկանում են դառնալ տարածաշրջանային տերություն և նույնիսկ ստանձնել նախաձեռնությունն այն երկրների, ինչպիսին Իրանն ու Սաուդիան Արաբիան են, ցույց տալով, թե՝ տեսեք, մենք ամենաշատն ենք անհանգստանում պաղեստինցիների համար, բայց նրանք ֆինանսական աջակցությունից ավելին չեն անելու: Այս բախումներում, բացի Համասից ու Իսրայելից, որևէ մեկը չի մասնակցելու:

Ուստի ինձ թվում է, որ Հայաստանը պետք է կենտրոնանա իր խնդիրների վրա, լուծի իր ներքին խնդիրները, ընտրություններ կազմակերպի, գտնի այն թիմին, որը կկարողանա ՀՀ զարգացման ծրագիրը մշակել՝ անվտանգություն, տնտեսություն։ Իսկ իմ կողմից ես ցանկանում եմ, որպեսզի հնարավորինս շուտ դեսպանը վերադառնա, կամ՝ նշանակվի նոր դեսպան, դա հարկավոր է, ըստ իս՝ Հայաստանին և մեր երկկողմ հարաբերություններին»,- ասաց Ալեքսանդր Ցինկերը:

Տեսանյութեր

Լրահոս