Ալ Պաչինոն կկոտրի Ձեր սիրտը, եթե դիտեք այս ֆիլմը
Ալ Պաչինոյի հետ յուրաքանչյուրն իր սիրելի ֆիլմն է առաջինը ասոցացնում՝ «Կնքահայրը», «Կնոջ բույրը», «Սպիով դեմքը», «Սատանայի փաստաբանը» և այլք: Ես առաջինների շարքում եմ. օրեր առաջ իր 81-ամյակը նշած դերասանն իմ կինեմատոգրաֆիական կնքահայրն է և ես երբեք չէի բացահայտի իմ գեղարվեստական կնքահոր փխրունությունը, եթե չլիներ Քիլիան Մըրֆին: Տարօրինակ ստացվեց, բայց փաստն է այդ: Իռլանդացի դերասան Քիլիան Մըրֆիի մասին մոտ մեկ տարի առաջ մի հետաքրքիր հոդվածի հանդիպեցի, որում վերջինս պատմում էր իր հինգ ամենասիրելի ֆիլմերի մասին, որոնց թվում էր նաև 1973 թվականին նկարահանված «Խրտվիլակ» ֆիլմը: Վստահելով Մըրֆիին և տեսնելով Ալ Պաչինոյին՝ գլխավոր դերում, ֆիլմը չնայելու պատճառ չէր մնում:
Ամերիկացի ռեժիսոր Ջերի Շացբերգի նկարահանած դրամատիկ ռոուդ-ֆիլմը պատմում է երկու անհաջողակ թափառաշրջիկների՝ Մաքսի (Ջին Հեքմեն) և Լայոնելի (Ալ Պաչինո) մասին: Խարիզմատիկ Մաքսը նոր է դուրս եկել բանտից և ցանկանում է ավտոլվացման կետ բացել: Լայոնելը նոր է վերադարձել նավարկությունից: Այդ ընթացքում վերջինս երեխա է ունեցել, ում մասին նույնիսկ չգիտեր: Մաքսը և Լայոնելը սկսում են իրենց համատեղ ճանապարհորդությունը՝ ավելի բարեկեցիկ կյանքի փնտրտուքներում:
Վստահեցնում եմ՝ սինոփսիսը ոչինչ չի ասում ֆիլմի մասին: Այն, ինչ կտեսնեք կինոնկարում, այն ինչ կարպեցնեն ձեզ երկու դերասանները, համեմատության եզր չունի սյուժեի հետ:
Երկու տղամարդկանց զույգը հերոսական չէ, ինչը հաճախ հանդիպող կլիշե է ամերիկյան ֆիլմերում, բայց ռեժիսորական հնարքները և դերասանական խաղը ստիպում են ուշադրություն դարձնել ճանաչելիոտեն մարդկային կերպարներին:
Ֆիլմում մարդկայնությունից զատ կարևոր դերակատարում ունի ընկերությունը: Գլխավոր հերոսների ընկերության գլխավոր տարրը էմոցիոնալ աջակցությունն է: Տղամարդկանց միջև ընկերությունը ակտիվորեն նպաստում է սոցիալ-հուզական կարիքների արտահայտմանը՝ «թեթև» սենտիմենտալության նուրբ արգելքի և տղամարդ ընկերոջ նկատմամբ «սիրո» բաց արտահայտման միջոցով: Ընկերության շեշտադրումները և երիտասարդ Ալ Պաչինոյի խոցելիությունը, որը նրա հետագա, մասնավորապես, գանգստերական ֆիլմերում չենք տեսնի, ֆիլմը դարձնում են լիրիկական:
Կինոնկարը, որը մեծ ազդեցություն է թողել Քիլիան Մըրֆիի վրա և ում մոտ 15 տարեկանում ֆիլմը դիտելուց հետո առաջացել է դերասան դառնալու ցանկություն, լավագույնս, թերևս, նկարագրել է հենց ինքը՝ Մըրֆին, ասելով. «Ալ Պաչինոն կկոտրի Ձեր սիրտը: Եվ Ջին Հեքմենը կկոտրի Ձեր մյուս սիրտը»:
Անի Գաբուզյան