ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում. Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ
Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարն այն համոզման է, որ Եվրոպական միությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունն ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք։
Բորիս Կոլարն այդ մասին հայտարարել է Սլովակիայի հանրային հեռուստատեսության (RTVS) եթերում, Սլովակիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանի հետ Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելու շրջանակում։
Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն ընդգծել է, որ պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որովհետև խաղաղության պայմանավորվածության համաձայն բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեին, բայց ափսոսանքով նշել է, որ Ադրբեջանը մինչև հիմա դա չի իրականացրել։ «Ցավոք սրտի ռազմագերիներին վերադարձնելու համար Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Թերևս խոսքը չի գնում միայն ռազմագերիների, այլ նաև քաղաքացիական անձանց՝ Հայաստանի քաղաքացիների մասին, որոնք չակերտավոր ներկայացվում են որպես ձերբակալվածներ, սակայն Ադրբեջանի կողմից օգտագործում է որպես պատանդ։ Ես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այս հակամարտությունը ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք»,- շեշտել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը։