«ԱԱԾ և ոստիկանության պետերը համարվում են վարչապետին առընթեր պետական մարմինների ղեկավարներ, վարչապետը կարող էր նրանց հետ կիսվել». Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշակի անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում։

«Որ դեպքում, որ մեզ տեղեկություններ են հասել խոշտանգումների փաստի վերաբերյալ, չի եղել մեկ դեպք, որ չարձագանքենք։ Բոլոր այդ տեսակ հաղորդումներն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն, ունենք արդեն հարուցված քրեական գործ։ Այսինքն՝ մենք զուտ իրավական դաշտում հետևում ենք բոլոր գործընթացներին։ Դուք հրապարակային տեսաք, թե նույն Դատախազության շենքի մոտ ինչեր տեղի ունեցան»,- նշեց Արթուր Դավթյանը։

Թե ինչու ինքը չհանդիպեց ակցիայի մասնակիցներին, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի ինքն իջներ ու ժամկետներ ասեր, թե ում հետապնդումը երբ կդադարեցվի։

Հիշեցնենք, որ օրերս մի խումբ անձինք բողոքի ակցիա էին իրականացնում Դատախազության շենքի մոտ՝ ի աջակցություն քրեական հետապնդման ենթարկված սյունեցիների, ըստ նրանց՝ սյունեցիներին իրավապահների կողմից բերման ենթարկելն ունի քաղաքական ենթատեքստ։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե երբ  Սյունիքի մարզպետարանում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին, ԱԱԾ ու ոստիկանության պետերին  հրահանգներ էր տալիս, արդյո՞ք գլխավոր դատախազին ևս նման հրահանգ է տրվել է, Արթուր Դավթյանն ասաց, որ իրեն նման հրահանգ չի իջեցվել։

«ԱԱԾ և ոստիկանության պետերը համարվում են վարչապետին առընթեր պետական մարմինների ղեկավարներ։ Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, կարծում եմ՝ կառավարության ղեկավարը կարող էր իր ենթակաների հետ կիսվել, ինչո՞ւ եմ օգտագործում կիսվել բառը, որովհետև, եթե նույնիսկ դուք դրա անունը դնեք հրահանգ, միևնույն է՝ քրեական վարույթում ամեն ինչ իրականացվում է այնպես, ինչպես նախատեսել է Քրեական օրենսգիրքը»,- շեշտեց Արթուր Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս