«ՀՀԿ-ի, «Հայրենիքի» մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանին ավելի շատ օգնելու է, քան խանգարելու». Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին որպես երրորդ ուժ չի ընկալում ՝ միաժամանակ նշելով, որ այն ունի բոլորից տարբերվող և առանձին քաղաքական խորշ:
«Մի կողմից՝ շատ դժվար է Լևոն Տեր-Պետրոսյանին առանձնացնել հներից, որովհետև հասարակության մեծ մասի պատկերացումներում ինքն էլ է հին, ինչպես նաև՝ նրա քաղաքականությունը: Երկրորդ՝ 2018-ին Տեր-Պետրոսյանը պայքարում էր ավազակապետության դեմ, այսօր այդ դրոշը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, որը Տեր-Պետրոսյանը չի կարող հետ վերցնել: Իսկ եթե Տեր-Պետրոսյանը միանա այն քաղաքական ուժին, որոնց հիմնական նպատակն է ցանկացած գնով հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին, առավելևս դա 3-րդ ուղի չի, դա նշանակում է՝ տվյալ ուժերի դասավորության մեջ աջակցություն Ռոբերտ Քոչարյանին»,- «Հոդված» ակումբում կազմակերպված քննարկմանը շեշտեց Նավասարդյանը՝ հավելելով, որ երրորդ ուղի կընկալվեր, եթե Տեր-Պետրոսյանը խոսեր Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղություն և համագործակցություն ձևավորելուց:
«Այսօր բավականին վարկաբեկված է այդ քաղաքական ուղղությունը, և Լևոն Տեր-Պետրոսյանը դժվար թե իր վրա ռիսկեր վերցնի՝ ամբողջ նախընտրական պայքարը տանել այդ համատեքստում»,- ընդգծեց Նավասարդյանը՝ ավելացնելով, որ որևէ մարտավարության ընդունում ՀԱԿ-ի և Տեր-Պետրոսյանի կողմից՝ ռիսկային է։
Ըստ նրա՝ եթե աջակցեն Նիկոլ Փաշինյանին հեռացնող ուժերին, այդ թվում՝ Քոչարյանին, ՀԱԿ-ն այդ դեպքում կզրկվի հետևողական և սկզբունքային աջակիցների մեծ մասից՝ Մարտի 1-ի հանգամանքից բխող:
«Այն, ինչ ունի Նիկոլ Փաշինյանը, Տեր-Պետրոսյանը նրանից չի կարող տանել: Արդեն Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանից դա տարել է 2018-ին, այսինքն, ավազակապետության դեմ պայքարի դրոշը: Եվ այստեղ որևէ շանս Տեր-Պետրոսյանը չունի»,- կրկնեց Նավասարդյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-Վանեցյան դաշինքին և Քոչարյանի թիմի միջև պայքարին, նա ասաց, թե խիստ կասկածում է, որ ՀՀԿ-Վանեցյան դաշինքը կտանի Քոչարյանի ձայները:
«Ընտրազանգվածը, որը պայքարելու է Փաշինյանին հեռացնելու համար, ի վերջո, կենտրոնանալու է մեկ քաղաքական ուժի օգտին: Իսկ այն գաղափարական, տեղեկատվական գործունեությունը, որը ծավալելու է ՀՀԿ-ն, «Հայրենիքը» և Միքայել Մինասյանը, նպաստ է բերելու, ի վերջո, Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն, իրենց մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանին ավելի շատ օգնելու է, քան խանգարելու»,- եզրափակեց նա: