ԱՄՆ-ի Սենատը Նուլանդին հաստատել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում
ԱՄՆ-ի Սենատը քվեարկության ընթացքում Վիկտորյա Նուլանդին հաստատել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Ավելի վաղ նրա թեկնածությանը հավանություն է տվել արտաքին գործերի գծով Սենատի կոմիտեն: Պաշտոնը, որը կզբաղեցնի Նուլանդը, Պետդեպարտամենտում կարեւորությամբ երրորդն է պետքարտուղարից եւ պետքարտուղարի առաջին տեղակալից հետո: Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը Twitter-ում արդեն շնորհավորել է Նուլանդին պաշտոնում նշանակվելու առթիվ:
Նուլանդը դիվանագիտական աշխատանքում անցկացրել է 32 տարի, ընդ որում՝ ինչպես դեմոկրատականների, այնպես էլ հանրապետականների վարչակազմերում: Օբամայի նախագահության տարիներին նա եղել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականը:
Նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի օրոք Նուլանդը եղել է ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը: Տիրապետում է ռուսաց լեզվին:
Նուլանդը հիշվում է, մասնավորապես, իր մասնավոր այցելություններով Ուկրաինա՝ 2013-2014 թվականների բողոքի ակցիաների ժամանակ: Այն ժամանակ նա Պետդեպարտամենտում համակարգում էր Եվրոպայի եւ Եվրասիայի հետ կապված հարցերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: