Շրջակա միջավայրի նախարարությունը կընդունի՞ Շիկահողի գյուղապետի առաջարկը

168.am-ի հետ զրույցի ընթացքում այսօր Սյունիքի մարզի Շիկահող գյուղի գյուղապետ Նարե Ղազարյանն ասել էր, որ, եթե պատկան մարմինները հայտարարում են, թե «Սոսիների պուրակը» գտնվում է հայկական զինուժի վերահսկողության տակ, ապա ինքը պատրաստ է կառավարության ցանկացած «համարձակ» անդամի հետ գնալ այնտեղ։

«Պատրաստ եմ կառավարության ցանկացած ներկայացուցչի հետ հասնել այն տեղանքը, որտեղ այդ նկարներն արվել են, եթե համոզում են, թե տարածքը Հայաստանի հսկողության տակ է։ Ուրեմն՝ ով համարձակ է, թող գա՝ միասին կգնանք այդ տեղանքը։ Մենք չենք դիմել մարզպետարան և այլ տեղ՝ պարզաբանումներ ստանալու, ցանկություն էլ չկա։ Հիմա գիտեք՝ մեր երկրում ինչ է կատարվում, որևէ մեկի համար դա նորություն չէ, որ կողմին ինչպես հարմար է դեպքը ներկայացնել, այնպես էլ ներկայացնում են, եթե պետք է բողոքեն՝ բողոքում են, գովեն՝ գովում են, ես իմ աչքի տեսածը չեմ թողնելու ու սպասեմ ինչ-որ մեկի բացատրությանը, ինչ որ տեսնում ու ապրում եմ՝ ինձ բավական է։ Պետք չէ, որպեսզի մարզպետարանը կամ այլ մարդ բան բացատրի»,- ասել էր Շիկահողի գյուղապետը։

168.amՇրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվեց, արդյո՞ք նախարարությունը կընդունի Շիկահողի գյուղապետի առաջարկը՝ միասին «Սոսիների պուրակ» գնալու վերաբերյալ։

Շրջակա միջավայրի նախարարի խոսնակ Էդգար Առաքելյանը լսելով հարցը՝ ասաց. «Փաստորեն, հիմա դուք առաջարկը մե՞զ եք փոխանցում»։

Երբ ասացինք, որ և առաջարկն ենք փոխանցում, և հետաքրքրվում՝ կընդունե՞ն այդ առաջարկը, Էդգար Առաքելյանը նկատեց. «Հիմա ես այդ հարցի պատասխանը չունեմ, եթե անհրաժեշտություն լինի գնալու, բնականաբար, կգնանք։ Միևնույն ժամանակ կան մասնագետներ նաև այդ տարածքում, այդ թվում՝ «Սոսիների պուրակի» հետ կապված «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը, որը հայտարարություն է տարածել, որտեղ հստակ պուրակի հետ կապված ամեն ինչ ասում է»։

Հարցին՝ պուրակի առնչությամբ մեծ աղմուկ է բարձրացել, համացանցում տարբեր գրառումներ են հայտնվում, և դրանք հաշվի առնելով, արդյո՞ք նախարարությունը չի ցանկանում գնալ այնտեղ, և եթե տարածքը հայկական զինուժի հսկողության տակ է, ցույց տա հանրությանը, որպեսզի կրքերը հանդարտվեն, Էդգար Առաքելյանը պատասխանեց.

«Եթե հարցը հասնում է այդ մակարդակի, որպեսզի նախարարությունից անձամբ այնտեղ մարդիկ գտնվեն, որպեսզի հասարակությունը տեսնի, այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Միևնույն ժամանակ նախարարությունը հայտարարությունը տարածել է, այդ թվում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը, որտեղ ըստ էության նշվում է, որ ՊՈԱԿ-ի հսկողության տակ գտնվող ինչպես նախկինում, այժմ էլ 64,2 հեկտար տարածք զբաղեցնող «Սոսիների պուրակն» ամբողջությամբ գտնվում է ՀՀ տարածքում։ Այսինքն՝ սա հայտարարություն է, որը չի կարող այլ մեկնաբանությունների տեղիք տալ»։

Տեսանյութեր

Լրահոս