Վահե Հակոբյանի կինը գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է. ՊԵԿ նախագահ

Երեկ աշխատանքային օրվա ավարտին 168.am-ը գրել էր, որ PARA TV-ի տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը գտնվում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեր այս տեղեկությունը հաստատեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Այո, գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է: Այսքանը»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Տեղեկանալու համար, թե ինչ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Վահե Հակոբյանի կինը, Է. Հովհաննիսյանը հորդորեց դիմել ՊԵԿ քննչական վարչություն։

«Դա արդեն պետք է դիմեք նախաքննության մարմնին, և նախաքննության մարմինը կգնահատի՝ նպատակահարմա՞ր է այդ տեղեկությունը տրամադրել, թե՞ ոչ»,- ասաց նա:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ երեկ տեղի ունեցած այդ հարցաքննությունը չի կարելի որակել քաղաքական ճնշում:

«Ոչ, դա քաղաքական ճնշում չի կարելի որակել, քանի որ Ձեր նշած անձնավորությունը ոչ միայն նախկին մարզպետի կինն է, այլև առանձին, ինքնուրույն սուբյեկտ է և առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար է»,- ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ մինչև Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած դեպքերն  այդ ամենը չէր իրականացվում ու Սյունիքի դեպքերից հետո իրականացվեց, Հովհաննիսյանը արձագանքեց.

«Գիտե՞ք, բոլոր համընկնումները դուք կամ հանրությունը, հասարակությունը փորձում եք մեկնաբանել քաղաքական ենթատեքստերի ներքո: Իսկ նախկինում Դուք տեղեկություն ունե՞ք՝ հրավիրվե՞լ են նշված անձինք հարցաքննությունների, թե՞ ոչ: Ունե՞ք այդպիսի տեղեկություն»,- հարցով լրագրողներին դիմեց ՊԵԿ նախագահը, ապա հայտնեց, որ մինչ այդ էլ նա հրավիրվել է ՊԵԿ քննչական վարչություն:

Հարցին էլ, թե այդ դեպքում ինչո՞ւ ՊԵԿ-ը չի տեղեկացրել, նա պատասխանեց.

«Իսկ ինչո՞ւ պետք է տեղեկացներ»:

Հիշեցնենք նաև, որ ապրիլի 21-ին, երբ Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքներում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին հայհոյանքներով ու մարզից հեռանալու կոչերով, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում հայտնել էր, թե Սյունիքի համայնքապետերին, իրեն ու կնոջը մինչև երեկո պատրաստվում են ձերբակալել։ 

Տեսանյութեր

Լրահոս