
Պենտագոնը նշել է, որ Ռուսաստանը զորքերի մի մասը հեռացրել է Ուկրաինայի հետ սահմաններից

Ամերիկացի զինվորականները դեռ չեն կարող որոշել, թե արդյոք Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանից կհեռացնի ավելի վաղ այնտեղ տեղափոխած զորքերը: Այդ մասին ապրիլի 26-ին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Առայժմ վաղ է խոսել այն մասին, թե նրանք արդոք կհեռացնեն իրենց ամբողջ զորքը»,-Կիրբիի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը: Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ, Վաշինգտոնի տվյալներով, ՌԴ-ն իսկապես արդեն զորքերի մի մասը հեռացրել է սահմանից: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 22-ին հայտարարել է Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներում զորքերի ստուգումն ավարտելու մասին, քանի որ դրված բոլոր նպատակներին հասել են:
Նա հրամանատարներին առաջադրանք է տվել ապրիլի 23-ից ձեռնամուխ լինել զորքերի վերադարձին իրենց մշտական տեղաբաշխման կետեր: Հենց նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է Դոնբասում ռազմական ներկայությունը նվազեցնելու և իրադրությունն ապաէսկալացնելու քայլերը: 2021 թվականի սկզբից Դոնբասում զինված հակամարտության գոտում տեղի է ունեցել իրադրության սրում, չնայած ավելի վաղ կնքված անժամկետ զինադադարին: Երկու կողմից աճել է զոհվածների և վիրավորների թիվը, կանոնավոր կերպով հնչում են հրադադարի ռեժիմի խախտման փոխադարձ մեղադրանքներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: