«Նորմալ մարդիկ»՝ նորմալ մարդկանց համար. սերիալ, որն արժե դիտել
2020 թվականի աշունը մարդիկ հաղթահարում էին այնպես, ինչպես կարողանում էին. հետևում էին լուրերին, պարեն և հագուստ էին ուղարկում պատերազմող տղերքին, մեկնում էին առաջնագիծ… Առաջին երկուսն անելուց զատ ինքս երազում էի այնպիսի խնդիրների մասին, որոնց բախվում են իռլանդացի գրող և սցենարիստ Սալլի Ռունիի համանուն վեպի հիման վրա ռեժիսորներ Լենի Աբրահամսոնի և Հեթի Մաքդոնալդի կողմից նկարահանված «Նորմալ մարդիկ» (անգլ.՝ Normal People, 2020) իռլանդական դրամատիկ հեռուստասերիալի գլխավոր հերոսները՝ Մերիենը (Դեյզի Էդգար-Ջոնս) և Քոնելը (Փոլ Մեսքալ):
Ավագ դպրոցի աշակերտներ Մերիենի և Քոնելի բարդ ու բազմափուլ հարաբերությունները ցուցադրող հեռուստասերիալը սիրո պատմություն է: Ուշագրավ է, որ այն պարզապես չի ներկայացնում պատմությունը գլխավոր հերոսների սիրո, այլ տալիս է հետազոտելու հնարավորություն և ազատ տարածություն՝ տեսնելու, թե սերը ինչ ձևեր կարող է ընդունել և որքան խորը կարող է ազդեցություն թողնել մարդկանց վրա, երբեմն նույնիսկ ամենաանսպասելի կերպով:
Դպրոցում մեծ ժողովրդականություն վայելող Քոնելը և ընկերներ չունեցող Մերիենն իրենց հարաբերությունները գաղտնի են պահում, և երիտասարդ տարիքում կայացրած այդ որոշումը ճակատագրական սխալների պատճառ է դառնում սիրահարների համար: Սակայն, նրանք շարունակում են միասին մնալ և դպրոցից հետո՝ քոլեջում, անընդհատ բաժանությունների արանքում միանալով՝ երբեմն որպես ընկերներ, երբեմն որպես սիրահարներ, միասին հաղթահարելով հեռավորությունը, խուճապային գրոհները, բայց այդպես էլ երբեք չբաժանվելով, որովհետև նրանց սերն ավարտ չուներ:
Հարաբերությունները, որոնք սկսվում են Մերիենի կողմից հնչեցրած՝ «Դու ինձ դուր ես գալիս» արտահայտությամբ, ֆուտբոլային խաղից հետո Քոնելի՝ Մերիենի կողքը նստելով, այնուհետև՝ համբույրով, շարունակվում են զրույցներով ու սեքսով, որոնք ստեղծում են և հոգևոր, և ֆիզիկական ուժեղ կապ գլխավոր հերոսների միջև:
Երիտասարդական նման հեռուստասերիալներում, սովորաբար, սեքս-տեսարանները խիստ մոնտաժված են լինում՝ ետին պլան մղելով սիրահարված մարդկանց միջև ֆիզիկական կապի կարևորությունը, ինչը չենք տեսնի «Նորմալ մարդիկ» սերիալում: Սեքս-տեսարանները, որոնք և ռոմանտիկ են, և էրոտիկ, ամբողջացնում են խիտ զգացմունքները, որոնց կրողն են երիտասարդները: Մերիենի առաջին փորձառությունը սիրելի տղամարդու հետ և Քոնելի ասպետական վարքը իդեալականացնում են սեքսուալ հարաբերությունների մասին գոյություն ունեցող ցանկացած միֆ: Սերիալում Քոնելին մարմնավորած իռլանդացի դերասան Փոլ Մեսքալը հարցազրույցներից մեկի ընթացքում, պատասխանելով սեքս-տեսարանները բնութագրելու վերաբերյալ հարցին, նշում է, որ դրանց նկարահանումը շատ ապահով և հարմարավետ է անցել, ինչը, կարելի է ենթադրել, որ իր խաղընկերուհու՝ Դեյզի Էդգար-Ջոնսի և նկարահանող խմբի պրոֆեսիոնալիզմի արդյունք է:
Հեռուստասերիալը դրական արձագանք է ստացել քննադատների և լրագրողների կողմից, առաջադրվել և հաղթող է ճանաչվել մի շարք հեղինակավոր մրցանակաբաշխություններում, բայց որ ամենակարևորն է, հեռուստասերիալը հիշեցնում է կյանքում կարևորագույնի՝ սիրելու և սիրելի լինելու մասին. անկախ նրանից, թե որքան են դժվարությունները, կարևոր է գտնել երջանկության աղբյուրը և դառնալ սիրո աղբյուրի նրա համար, ում հետ հարաբերությունները երբեք չեն ավարտվի՝ անկախ կյանքի ընթացքից:
Անի Գաբուզյան